Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնավոր եւ հարուստ վաստակ

Մարտ 30,2011 00:00

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից օրերս հրատարակված գրքույկը ներկայացնում է ճանաչված պատմաբան, գիտության լավագույն կազմակերպիչ, հասարակական-ազգային եռանդուն գործիչ Աշոտ Աղասու Մելքոնյանի կենսամատենագիտությունը: Այն մանրամասն լուսաբանում եւ ամփոփում է արդի շրջանի հայ պատմաբանների ղեկավարի շուրջ քառորդդարյա գիտական, մանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեությունը:

Գրքույկից տեղեկանում ենք, որ Ա. Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է եւ բազմազան (Արեւմտյան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերը): Նա տասնմեկ գրքերի եւ շուրջ 150 գիտական հոդվածների հեղինակ է: Ընթերցողների ու գիտական հասարակայնության կողմից շատ բարձր գնահատականի արժանացան նրա հատկապես «Էրզրում» (Ե, 1994թ.) եւ «Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին» (Ե, 2003թ.) աշխատությունները: Ա. Մելքոնյանի պատմագիտական հոդվածներն ու մենագրությունները լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Արգենտինայում: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում: 1997 թվականից սկսած, մի քանի անգամ ուխտագնացություն է կատարել դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ նկարահանած տեսանյութի հիման վրա պատրաստել է հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր («Կարոտի Էրգիր», 2006, «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը», 2008): Լեռնագնացների խմբով 2007թ. օգոստոսի 10-ին բարձրացել է Արարատ լեռան գագաթը: Պատմագիտության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար 50-ամյա հայ պատմաբանը պարգեւատրվել է կառավարական մի շարք պարգեւներով, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալով: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Գիտական աշխատանքը հմտորեն զուգակցում է մանկավարժական ակտիվ գործունեության հետ, դասավանդելով հանրապետության մի շարք բուհերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել