Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԳԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱ՞ՆՆ ԷԼ Է ՕԳՆՈՒՄ

Մարտ 30,2011 00:00

Սակայն հղի կանանցից շատերը կարծում են, որ դրանով զբաղվելը դեռ ֆինանսապես շատերին հասանելի չէ

\"\"

Յոգայի ուսմունքը հազարամյակների պատմություն ունի, որի սկզբունքները վերջին շրջանում գրավում են ավելի ու ավելի շատ մարդկանց: Ուսմունքի հիմնական դրույթները առաջին անգամ համակարգել է Պատանջալին՝ Ք.Ա. 2-րդ հազարամյակում՝ իր «Յոգասուտրա» գրքում: Ըստ ամենատարածված սահմանման՝ յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցիալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր «Ես»-ը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի եւ հոգու կապը, դրանց համաչափ փոխներգործող զարգացումը: Յոգայի մարզիչների ամենից տարածված կարգախոսներից է այն, որ յոգայով զբաղվելու դեպքում կարող ենք փոխել ինքներս մեզ, վերահսկել մեր հույզերն ու գիտակցությունը, հաղթահարել խոչընդոտները: Յոգայի ուսմունքի հիմնական սկզբունքներն իրականացնելու համար կատարվում են ասանաներ: Ասանաները նման են մարմնամարզական վարժություններին:

Տարածված կարծիք կա, որ յոգան օգնում է նաեւ հղի կանանց՝ բնականոն ծննդաբերություն ապահովելու համար: Այժմ Երեւանում հղի կանանց համար գործում են հատուկ դասընթացներ: Դրանք, սակայն, այնքան էլ մատչելի չեն: Որպես կանոն՝ հղի կանանց համար նախատեսված փաթեթի գները սկսվում են 24000 դրամից, մեկ փաթեթը ներառում է ընդամենը 8 պարապմունք: Այնինչ, մասնագետները կանանց խորհուրդ են տալիս յոգայով զբաղվել հղիության ողջ ընթացքում: «Առավոտի» հարցախույզը որոշ հղի կանանց շրջանում ցույց տվեց, որ այս տեսանկյունից կան իրարամերժ կարծիքներ: Նարինե Աբրահամյանն ասաց. «Ինչո՞ւ իզուր այդքան գումար ծախսեմ ու ընկնեմ ձեւականությունների հետեւից: Դրա փոխարեն ես տանն եմ անում բոլոր այդ վարժությունները՝ իմ գինեկոլոգի հետ խորհրդակցելուց հետո»: Հերմինե Հովակիմյանը, սակայն, հակառակ կարծիքն ունի. «Իհարկե, համաձայն եմ, որ գները այնքան էլ մատչելի չեն, սակայն կարծում եմ, որ հղիության շրջանում պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի հղիության եւ ծննդաբերության ընթացքը լինեն բնականոն: Բացի այդ, ես յոգայով զբաղվում եմ արդեն երկու տարի, եւ այն ինձ շատ հարցերում է օգնել»: Նունե Անդրեասյանն էլ հետեւյալ կարծիքին է. «Հնարավորության դեպքում լավ կլիներ, որ հղի կինը նաեւ զբաղվեր յոգայով: Սակայն մեր պայմաններում, երբ սոցիալական բազում խնդիրներ կան, կինն ավելի լավ է յոգայի համար նախատեսված գումարով գնի իր առողջության համար անհրաժեշտ մթերքներ, քան այդքան գումար ծախսի յոգայի եւ այլ պարապմունքների մասնակցելու համար»: «Առավոտի» հետ զրույցի բռնված հղի կանանցից որոշներն էլ ընդհանրապես չգիտեին՝ արժե՞ յոգայով զբաղվել, թե՝ ոչ, քանի որ բժիշկը նրանց նման խորհուրդ չէր տվել:

Ուստի «Առավոտը» յոգայի ուսմունքի եւ հղի կանանց՝ յոգայով զբաղվելու անհրաժեշտության մասին մանրամասներ ստացավ «Օրանժ Ֆիթնես» ակումբի յոգայի մարզիչ Արտակ Պետրոսյանից: Նա նշեց. «Յոգան ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր մարզման համակարգ է: Այն մի արվեստ է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ եւ ըմբռնել հավերժության գաղափարը՝ ձգտելով միավորել բացարձակ ճշմարտությունը: Այն գիտություն է, որը հենվում է դիտարկումների եւ փորձերի վրա, գիտություն մարմնի եւ հոգու մասին, մի գիտություն, որը սովորեցնում է անկայուն հոգեվիճակները հաղթահարել՝ մարմինը կառավարելու միջոցով: Յոգան փիլիսոփայություն է, որն ուղղորդում է մարդուն դեպի հոգեւոր աշխարհ, դեպի բացարձակ գիտակցություն»: Այն հարցին, ինչո՞ւ է անհրաժեշտ զբաղվել յոգայով, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Յոգան զորեղ միջոց է ֆիզիկական եւ հոգեւոր կատարելության հասնելու համար, այն օգնում է տիրապետել սեփական մարմինը, կառավարել զգացմունքները, լինել միշտ առույգ, ուժեղ եւ առողջ: Յոգայի պարապմունքների ժամանակ կատարվում են շնչառական, ֆիզիկական եւ մեդիտատիվ վարժություններ»:

Անդրադառնալով հղի կանանց հետաքրքրող հարցին՝ հղիության ընթացքում արժե՞ զբաղվել յոգայով, թե՝ ոչ, պարոն Պետրոսյանը նշեց. «Եթե հղիությունն ընթանում է նորմալ, առանց բարդությունների, եւ կինն առողջ է, ապա կարելի եւ ցանկալի է, որ նա զբաղվի յոգայով, որը դրականորեն կանդրադառնա նրա ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, կօգնի հեշտ տանել հղիությունը, կնպաստի հետծննդյան շրջանում օրգանիզմի բնականոն աշխատանքին: Յոգայի վարժությունները հղիության ժամանակ օգնում են պահպանել արյան նորմալ ճնշումը, մարմնի քաշը՝ նորմայի սահմաններում, լավացնում են արյան շրջանառությունը ամբողջ մարմնում, ամրապնդում ողնաշարը, օգնում են հաղթահարել վախը եւ հոգնածությունը»: Սակայն մյուս կողմից էլ յոգայի մարզիչը հղի կանանց զգուշացնում է. «Կան մի քանի նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են անպայման հաշվի առնել: Ցանկալի է զբաղվել յոգայով մինչեւ հղիությունը՝ որոշակի բազա ունենալու համար, շատ զգույշ լինել առաջին երեք եւ վերջին ամիսներին, մարզվել փորձառու մասնագետի եւ բժշկի հսկողության ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել