Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ճիշտ աշխատելու ժամանակը

Մարտ 30,2011 00:00

\"\"Հունվար ամսից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնը վստահվել է Ավետիք Վարդանյանին: Քաջատեղյակ լինելով նրա պատվախնդիր բնավորությանը՝ երեկ երիտասարդ մասնագետի հետ զրուցեցինք իր ծրագրերի շուրջ:

– Դուք աշխատելու եք 18-20 տարեկանների հետ: Ի՞նչ կասեք այդ տարիքային խմբի մեր ըմբիշների մասին:

– Մեր երիտասարդական հավաքականը համալրվել է հույսեր ներշնչող մի քանի պատանիներով, որոնց տարիքը լրացել է եւ տեղափոխվել են ավելի բարձր տարիքային խումբ: Նրանք հաջող են հանդես եկել Եվրոպայի պատանիների առաջնությունում, մրցանակային տեղեր զբաղեցրել: Բայց գիտենք նաեւ, որ երիտասարդները երկու տարի անընդմեջ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից ձեռնունայն են վերադարձել: Հիմա իմ նպատակն է նաեւ նշածս արդեն նախկին պատանիների հետ աշխատելով՝ պայքարել հունիսի 15-ին Սերբիայում մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այդ տխուր ավանդույթին վերջ տալու համար:

– Ընտրություն կատարելու հնարավորությունները սուղ չե՞ն:

– Մարտի սկզբին անցկացրել ենք Հայաստանի երիտասարդական առաջնությունը եւ դրա արդյունքներով հավաքական հրավիրել իրենց քաշային կարգերում առաջին եւ երկրորդ տեղեր գրաված ըմբիշներին: Այս ընթացքում նրանք եղել են ուսումնամարզական հավաքներում: Պատրաստվում ենք բոլորին ապրիլի 2-7-ը Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորություն տալ, որտեղ էլ ավելի պարզ կդառնա, թե ով իրենից ինչ է ներկայացնում:

– Այսինքն, Վրաստանի միջազգային մրցաշարը լինելու է հավաքականի հիմնական կորիզն ընտրելու առաջին քա՞յլը:

– Կարելի է այդպես էլ ասել: Այնտեղ կերեւա, թե նոր հրավիրված պատանիներն իրենց ինչպե՞ս կդրսեւորեն նոր տարիքային խմբում, անցած ու նախանցած տարվա երիտասարդական հավաքականի անդամների մեջ աճ ու դրական տեղաշարժ կա՞, արդյոք:

– Նկատելի աճի հասնելու համար ի՞նչ է հարկավոր անել:

– Տղաները մրցափորձի պակաս ունեն, ինչն այս տարվանից ուզում ենք շտկել: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը՝ մեկ միջազգային մրցաշարի էլ ենք մասնակցելու Ռուսաստանի Խասավ Յուրտ քաղաքում: Շատացնում ենք արտագնա համատեղ ուսումնամարզական հավաքները, որպեսզի մեր տղաներն էլ վերջապես զգան ու հավատան, որ ոչ ոքի չեն զիջում: Այստեղ շատ կարեւոր է այն, որ այդ բոլորի մեջ ներգրավում ենք ոչ միայն Հայաստանի չեմպիոններին, այլեւ երկրորդ համարներին: Այդպես, նրանց մեջ նաեւ ներքին մրցակցություն կլինի եւ առաջին համարները հետեւից եկողի շունչը կզգան, ինչը շատ կարեւոր է մարզիկին՝ զգաստ լինելու համար:

– Քո ղեկավարած հավաքականի ապագան ինչպե՞ս ես տեսնում: Ինչպես ասում են, ձեռքի տակ եղած հումքը միջազգային մակարդակին բավարարո՞ւմ է:

– Ներկայիս վիճակով չէի ասի, թե շատ բարձր է: Եվրոպայում՝ միջինից բարձր:

– Տարվա գլխավոր մեկնարկը միայն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությո՞ւնն է:

– Ոչ: Դրանից մեկ ամիս հետո Ռումինիայում կանցկացվի աշխարհի առաջնությունը:

– Երբ քեզ հավաքականի ավագ մարզիչ էին նշանակում, կոնկրետ խնդիրներ դրե՞լ են քո առջեւ:

– Աշխատել ճիշտ եւ անպայման մեդալներ նվաճել:

– Պահանջելուց առաջ նախ հարկավոր է պայմաններ ստեղծել:

– Մեր ֆեդերացիայում նման խնդիր չկա: Հավաքականի մարզիչները կազմում են ծրագրերը եւ ներկայացնում: Ֆեդերացիան էլ դրանք լիովին բավարարում է:

– Իսկ մեդալների գույնի մասին ոչինչ չե՞ն ասել:

– Եթե նկատի ունենանք, որ երկու տարի ոչ մի մեդալ չի եղել, «բրոնզն» էլ արդեն առաջընթաց կլինի: Պարզապես հարկավոր է աշխատանքները ճիշտ կազմակերպել ու մի փոքր էլ հաջողություն ունենալ: Ոչ մի մարզիչ, այդ թվում նաեւ ես, նախապես կոնկրետ խոստումներ չի տա: Բայց որ աշխատելու ենք հնարավոր առավելագույնին հասնելու համար, հաստատ է:

– Կա՞ն խնդիրներ, որոնք լուծելը քո ուժերից վեր է:

– Ամենացավոտը, թերեւս, բանակի հարցն է: Ըմբիշի, նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչների համար վարպետության բուռն աճի ամենալավ տարիքը 18-20 տարեկանն է: Բայց մարզիկը հասնում է այդ տարիքին, ընդգրկվում երիտասարդական հավաքական ու մեկնում բանակ, եթե մինչեւ այդ Եվրոպայի կամ աշխարհի պատանեկան առաջնություններում 1-5-րդ տեղ զբաղեցնել հասցրած չի լինում: Այս տարվանից, որքան տեղյակ եմ, ծառայության հարցն ավելի սուր է դրվել ու բանակ գնալու են անգամ բուհերում սովորողները: Ասածս բանակից խուսափելու մասին չէ: Յուրաքանչյուր ոք պարտավոր է եւ անպայման պետք է ծառայի բանակում: Միայն թե, իմ կարծիքով, կարելի էր մի ելք գտնել, որպեսզի տվյալ դեպքում ըմբիշը իրեն դրսեւորելու հնարավորություն ունենա: Իսկ եթե չկարողանա, էլի թող գնա, ասենք, 20 տարեկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել