Նախապես որոշված էր, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու էր ամբողջական կազմով: Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ թիմը Դորտմունդ մեկնեց վեց հոգով՝ առանց 84 կգ քաշային Վադիմ Լալիեւի: «Առավոտի» տեղեկություններով, նա թիմակիցների հետ եղել է հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքում, նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը եւ օգնել նաեւ մյուսներին: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ Լալիեւին առաջարկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզչի պաշտոնը: Նա էլ առաջարկն ընդունել է եւ մեկնել Ռուսաստան՝ իր անմիջական պարտականությունները կատարելու: