«Armchess. am»-ը տեղեկացնում է, որ վերջնականապես ճշգրտվել են մայիսի 6-19-ը Թբիլիսիում կայանալիք շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը մասնակցող հայ շախմատիստուհիների անունները: Վրաստանի մայրաքաղաքում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Անահիտ Խառատյանը: Շախմատասերներին, գուցե, հետաքրքրի, թե ինչո՞ւ է բացակայում Հայաստանի չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանի անունը: Սա անհատական առաջնություն է եւ շախմատիստուհիները դրան մասնակցում են կամավորության սկզբունքով: Մեր տեղեկություններով, Հայաստանի շախմատի ֆեդերացիան պատրաստ է եղել նրան գործուղել մրցավայր: Բայց Սիրանուշը, որ վերջերս է ամուսնացել շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովայի մորաքրոջ տղայի՝ Միխայիլ Դավիդյանի հետ եւ տեղափոխվել Ուկրաինա, այս անգամ չի ցանկացել մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրան հասկանալ կարելի է: