Ըստ Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանի, այսօր փողոցների ասֆալտապատումն ավելի կարեւոր է, քան սերունդների դաստիարակությունը:
– Տիկին Գրետա, լինելով ո՛չ միայն Աղասի Այվազյանի կինը, այլեւ նրա անվամբ դպրոցի տնօրեն, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ներկայումս Աղասի Այվազյանը ընդգրկված չէ դպրոցական ուսումնական ծրագրում:
– Ափսոսում եմ, որ ես չինովնիկ չեմ, որից կախված է այս հարցը: Մենք ունենք մի գրող, որ գրել է պատմվածքներ, դրամաներ, հեքիաթներ՝ տալով այնպիսի գրական ժառանգություն, որը օգտակար կլիներ աշակերտին՝ նրա ուսուցման բոլոր տարիքներում: Մի անգամ Բելինսկին նշել է. «Պուշկինը այնպիսի գրող է, ումով հնարավոր է դաստիարակել մի ամբողջ սերունդ»: Նման գրողի կարգավիճակ այսօր կարող է ունենալ նաեւ Աղասին, սակայն մենք դա համառորեն չենք ուզում հասկանալ:
– Ձեր սեղանին նկատում եմ Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» աշխատությունը: Գյոթեն ասում էր, որ չնայած իր գրական նվաճումներին՝ ինքը նախեւառաջ գիտնական է: Ունե՞ր, արդյոք, Աղասի Այվազյանը նման հետաքրքրություններ:
– Աղասին իրոք հետաքրքրվում էր տարատեսակ գիտություններով՝ բժշկությամբ, կենսաբանությամբ, գենետիկայով, պատմությամբ: Սակայն Աղասու համար սա ինքնանպատակ չէր: Բոլոր այդ գիտությունները ուղղված են դեպի մարդկային էության այս կամ այն կողմի ճանաչմանը եւ նրանց մեկնակետում հենց մարդու ինքնաճանաչումն է: Աղասու համար էլ դրանք կարեւորվում էին այնչափ, որչափ օգնում էին նրան ճանաչել մարդուն:
– Քանի որ խոսք գնաց այլ հետաքրքրությունների մասին՝ մեզ հայտնի է, որ Աղասի Այվազյանը երբեմն մտածում էր, թե իր կոչումը նախեւառաջ նկարիչ լինելն էր եւ հետո միայն գրող: Գաղտնիք չէ նաեւ այն, որ նա մեծ ներդրում է ունեցել կինոյի բնագավառում:
– Իհարկե, Աղասի Այվազյանը 4 ֆիլմի ռեժիսոր է եւ 20 սցենարի հեղինակ: Ժամանակին նա աշխատում էր Հենրիկ Մալյանի հետ, սակայն այնպես ստացվեց, որ այդ երկու տաղանդների ճանապարհները բաժանվեցին: Ես դա ափսոսանքով եմ հիշում, բայց ի՞նչ արած, այդպես ստացվեց…
– Ովքե՞ր էին նրա սիրելի ռեժիսորները:
– Դժվարանում եմ նշել որեւէ մեկին, քանի որ Աղասին կյանքի տարբեր հատվածներում տարված էր տարբեր ռեժիսորներով: Ոչ միայն կինոյում, այլեւ արվեստի բոլոր տեսակներում նման ընդգծված ստեղծագործողներ չկային Աղասու համար, եւ ես չեմ համարձակվի որեւէ ստեղծագործողի առանձնացնել… Գուցե միայն գերմանական երաժշտության հանճար Վագներին: Իմ ամենասիրելի կոմպոզիտորը Ռախմանինովն է, սակայն Աղասու հետ Վագներ այնքան էի լսել, որ նա նույնպես դարձավ իմ սիրելին երաժշտական աշխարհում:
– Իսկ ի՞նչ վերաբերմունք ուներ նա իր ժամանակակից հայ գրողների նկատմամբ եւ հատկապես Հրանտ Մաթեւոսյանի, որը, իմ կարծիքով, կարող է ոտք մեկնել բոլոր ժամանակների եւ ոչ միայն հայ ստեղծագործողների հետ:
– Նա շատ էր սիրում Մաթեւոսյանին, ու որ Հրանտը իրոք փառքի արժանի գրող է՝ ոչ մի կասկած լինել չի կարող: Միայն պետք է նշել, որ, ի տարբերություն Հրանտի, Աղասին մինչեւ վերջ կարողացավ զերծ մնալ որեւէ տեսակ հասարակական կազմակերպության մաս դառնալուց ու մնալ գերազանցապես ստեղծագործ մենակը: Մի անգամ, երբ ես ու Աղասին անցնում էինք Գրողների տան մոտով, հանդիպեցինք Հրանտ Մաթեւոսյանին, նա հարցրեց Աղասուն. «Ուրեմն դու այդքա~ն ուժե՞ղ ես, որ կարող ես մենակ մնալ»: Իսկ Աղասին իրոք մնաց մշտապես այդ մենակը՝ չդավաճանելով երբեք գրողի կոչմանը:
– Աղասի Այվազյանի ներդրումը արվեստում եւ նախեւառաջ այդ ներդրումների բազմակողմանի բնույթը ամեն դեպքում մեր հասարակության մեջ այնչափ չի կարեւորվում, որչափ արժանի է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պետությունը, որին չի մտահոգում սերունդների դաստիարակումը, ենթակա է կործանման: Երբեմն մտածում եմ… գուցե այդ է եղել մայաների կործանման պատճառը: Ցավալի է, որ երբ անգամ օտարազգին կարող է նկատել Աղասու ստեղծագործության կարեւորությունը, այն աննկատ է մնում մեր՝ հայերիս եւ նախեւառաջ պետության կողմից: Մի անգամ ինձ հետեւյալ խոսքերով դիմեց Ուկրաինայի դեսպան Բոժկոն. «Ի՜նչ ցավալի է, երբ դուք ունեք այդպիսի դրամատուրգ, ինչպիսին Աղասի Այվազյանն է եւ այնպիսի պիես, ինչպիսին «Լացն ու այգին» է եւ ոչ մի ուշադրություն չեք դարձնում դրան, մինչդեռ կարող էիք աշխարհը շուռ տալ ու տակնուվրա անել»: Իսկ երբ ես զանգեցի վարչապետին, որպեսզի նրա աջակցությունը խնդրեմ Աղասի Այվազյանի անվան մշակութային կենտրոն հիմնելու համար, որտեղ կարելի կլինի ցուցադրել Աղասու կտավները, ստեղծել մի գրական խմբակ եւ կազմակերպել այլ մշակութային միջոցառումներ, վարչապետի ինչ-որ օգնական ինձ պատասխանեց, որ վարչապետը հասարակ մարդկանց հետ չի հանդիպում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց այս պարագայում մեծ հաճույքով կկիսեի Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը:
Այժմ ես չեմ հրաժարվել այդ կենտրոնի հիմնադրման մտքից, սակայն դա բավական լուրջ ծախսերի հետ է կապված:
– Անցյալ տարի, սակայն, Ձեզ հաջողվել է կազմակերպել Այվազյանական փառատոն ու բեմադրել մի քանի պիես:
– Ճիշտ է, մեծ ջանքերի գնով, բայց հաջողվեց: Սակայն ցավով նշում եմ, որ միայն երկու պրոֆեսիոնալ դերասաններ են համաձայնել դեր խաղալ այս պիեսներում, եւ եթե անգամ արվեստագետների այդ շրջանում նման հակակրանք կա սեփական մշակույթի հանդեպ, էլ ի՞նչ խոսես մեր հասարակության մյուս հատվածների մասին: Ի՞նչ կարող ես անել, երբ փողոցների ասֆալտապատումը ավելի կարեւոր է մեր հասարակության համար, քան սերունդների դաստիարակումը:
– Հույս ունենանք, որ գալիքը դեռ իր հետ կբերի այն բաղձալի սերունդը, որն ի զորու կլինի տեր դառնալ իր մշակույթին:
– Գուցե ես չափից դուրս ծեր եմ, բայց այս ներկան ինձ ոչ մի լավ բան չի խոստանում: Աստված տա, որ ձեր ասածով լինի: