Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԸ ԴՆՈՒՄ»

Մարտ 30,2011 00:00

\"\"Երգչուհի Սոնա Շահգելդյանին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում մոռացե՞լ էին

Ամենամյա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից հետո մեզանում «ավանդաբար» սկիզբ են առնում տարակուսանքներն ու դժգոհությունները, որոնք սովորաբար լինում են եւ՛ հիմնավոր, ե՛ւ անհիմն: Օրերս կայացած մրցանակաբաշխությունից հետո էլ նման «երեւույթներ» արձանագրվեցին: Նախ, կազմակերպական առումով հանդիսատեսի որոշ մասը, պարզվում է, արդեն հոգնել է նույն հաղորդավարներից, նույն դեմքերից՝ հասկանալի պատճառով. նրանք համարյա ամեն օր երեւում են եթերից: Անդրադառնանք երկրպագուներին, որոնց համար միեւնույն չէ, թե ով կհաղթի այս կամ այն անվանակարգում: Նրանց շրջանում դժգոհություններ է ծնել հատկապես այն փաստը, որ մոռացության է տրվել երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով 2010 թվականին կայացած «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների հեղինակավոր մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի, այդպիսով հայ երգի մասին պարտադրել խոսել օտարազգիներին եւս: Երգչուհու ձայնածավալով, երգի մատուցման ինքնատիպությամբ հիացել էին միլիոնավոր մարդիկ: Ավելին, երգչուհին ներկայացված չէր որեւէ անվանակարգում:

Գիտենք, որ Հայաստանում շոու-բիզնեսը դեռեւս «սեփականաշնորհված» է, եւ մի նեղլիկ շրջանակ է լուծում ու որոշում ամեն ինչ, որ միեւնույն երգիչներին են անընդհատ «մատուցում»:

«Առավոտը» կապվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության գործադիր պրոդյուսեր Նանա Տոնոյանի հետ, խնդրելով գոնե այս տարի, արդեն մրցանակաբաշխությունից հետո ներկայացնել մշտապես գաղտնի պահվող ժյուրիի կազմը: Ի դեպ, տարբեր անվանակարգերում անուններ առաջադրել են մշակույթի նախարարության արվեստի բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանը եւ Նանա Տոնոյանը: Վերջինս մեզ հայտնեց. «Քանի որ որեւէ անվանակարգում ընդգրկվելու համար պարտադիր է տվյալ երաժշտի համաձայնությունը, իրենք դիմել են նաեւ Սոնային, որը հրաժարվել է…»: Փաստենք, որ 3 տարի է, «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն երգչուհի» անվանակարգերում ոչ թե ներկայացվում են արտիստներ, այլ միանգամից հարցը «գեղական կարգով» լուծում են Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչները:

Պրոդյուսերի փոխանցմամբ, այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 20 հոգի՝ Հանրային հեռուստառադիոընկերության եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լիազորված: Խնդրեցինք հայտնել երաժշտարվեստի ոլորտի գործիչների անունները: Պարզվեց՝ նրանք ընդամենը 6-ն են. կոմպոզիտորներ Յուրի Հարությունյանը, Արամ Սաթյանը, երաժշտագետներ Ալինա Փահլեւանյանը, Արմեն Բուդաղյանը, «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը: Կապվեցինք նաեւ կոմպոզիտորներ Յու. Հարությունյանի եւ Ա. Սաթյանի հետ: Վերջինս նախ ասաց, թե ներկայացված անվանակարգերում ինքը չի հանդիպել Սոնա Շահգելդյանի անվանը, հետո էլ ավելացրեց. «Ինչ վերաբերում է Սոնային իբրեւ երգչուհի բնութագրելուն, ապա «Նովայա վոլնայում» նրա հաղթանակը արդեն իսկ խոսուն փաստ է: Երգչուհին օժտված է լայն դիապազոնով եւ հաճելի տեմբրով»: Յու. Հարությունյանը չի ընդունում մրցանակաբաշխության ձեւաչափը. նա կարծում է, որ ժյուրիի անդամներին նախ պետք է ծանոթացնել բոլոր անվանակարգերում ընդգրկված նոմինանտների տեսագրություններին, հետո էլ բոլոր 20 անդամները միաժամանակ պետք է նստեն «կլոր սեղանի» շուրջ եւ անցկացնեն քվեարկություն. «Թե չէ՝ նախարարության կողմից նշանակված անդամներս գալիս ենք մի օր, մեզ թերթիկներ են տալիս, կողքն էլ «պտիչկաներ» ենք դնում, այդպես էլ նախնական նյութին ծանոթ չլինելով»:

«Առավոտի» հարցին, թե անակնկալ չէ՞ր որեւէ անվանակարգում ընդգրկված չլինելը, Սոնա Շահգելդյանը, շրջանցելով հարցը, պատասխանեց. «Հայաստանը Յուրմալայում ներկայացրել եմ արժանապատիվ: Առաջիկա առիթների ու մրցույթների դեպքում նույնպես կաշխատեմ նշաձողը պահել, մի բան միայն հայտնի է՝ բոլոր մրցույթներում ժյուրիի խոսքն է վերջնականը: Բայց սա չի նշանակում, թե նրանց որոշումից է կախված երաժշտի հետագա ճակատագիրը: Կյանքը լի է տարբեր անակնկալներով, եւ ժամանակն է՝ ամեն ինչ ու ամենքին իր տեղը դնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել