Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարությունը ներողություն է խնդրել հրապարակված նոր լուսանկարների առնչությամբ, որտեղ ամերիկացի զինվորականները ֆոտոխցիկի առաջ «դիրքավորվել» են խաղաղ աֆղանցիների դիերի կողքին: Այդ առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության մեջ ասված է, թե ամերկյան Rolling Stone ամսագրում հրապարակված լուսանկարները միայն սարսափ են առաջացնում եւ հակասում են ԱՄՆ բանակի արժեքներին:
Հրապարակված լուսանկարներից մեկում ամերիկացի զինվորը միջնամատ է ցույց տալիս եւ դեպի ֆոտոխցիկի օբյեկտիվն է շրջում սպանված աֆղանցու գլուխը:
Ամսագրի տվյալներով, գոյություն ունեն հազարավոր նման լուսանկարներ, որոնք ի հայտ են բերվել Աֆղանստանի ամերիկյան զորամասերից մեկում իրականացված հետաքննության արդյունքում: Այդ զորամասի զինծառայողները մեղադրվում են խաղաղ բնակիչներին՝ ուղղակի իրենց զվարճության համար սպանելու մեջ:
Անցած շաբաթ համանման լուսանկարներ հրապարակել էր նաեւ գերմանական Der Spiegel-ը:
Հաղորդվում է, որ բոլոր այդ լուսանկարներն արված են 2010թ.-ին՝ Աֆղանստանում ամերիկյան ստորաբաժանումներից մեկի զինվորների կողմից:
ԱՄՆ-ում այս օրերին զինվորական դատարաններում ընթանում են այդ սկանդալին առնչությունների մեջ մեղադրվող զինվորականների դատավարություններ: Արդեն կայացվել է այդ գործերով առաջին դատավճիռներից մեկը. Ջերեմի Մորլքը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ անզեն աֆղանցիների սպանությանը մասնակցելու մեղադրանքով: «Մենք ունեցել ենք մեկ ծրագիր՝ սպանել»,- հայտարարել է նա դատարանում: