Եվրամիությունը պատրաստվում է լուրջ բարեփոխումների ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել տրամադրվող օգնության դիմաց։ «Ազատություն» ռ/կ մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրամիության՝ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որի ասելով, պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակը: «Այս վերանայման գործընթացի արդյունքում մենք կշարունակենք միեւնույն քաղաքականությունը բանեցնել թե՛ հարավային, թե՛ արեւելյան հարեւանների նկատմամբ, սակայն կմեծանան տարբերակումները ոչ միայն Հարավի եւ Արեւելքի միջեւ, այլեւ՝ այդ տարածաշրջանների ներսում, նվազագույնի կհասցվեն ընդհանրացված մոտեցումները, եւ առանձին ծրագիր կառաջարկվի մեր յուրաքանչյուր գործընկերոջը»,- ասել է Ֆյուլեն: Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին (նկարում), ում երկիրը հուլիսին վեց ամսով ստանձնելու է Եվրամիության նախագահությունը, հավելել է, թե «Եվրոպական հարեւանության՝ այս վերանայված քաղաքականությունը պետք է քաջալերի այն երկրներին, որոնք իրական առաջընթաց են արձանագրում։ Մենք ուզում ենք ավելին տալ նրանց, ովքեր ավելին են անում այդ ուղղությամբ։ Ըստ այդմ, որքան արագ են բարեփոխումները, որքան բաց է երկիրը եվրոպական գործընթացների նկատմամբ, այնքան արագ պետք է լինեն Եվրամիության արձագանքները: Որքան դանդաղ կիրագործվեն հարեւանության ծրագրի անդամ երկրների բարեփոխումները, այնքան քիչ կարող են ակնկալել այդ երկրների ղեկավարները պաշտոնական Բրյուսելից»։
Եվրամիությունը արդեն իսկ որոշակի պատժամիջոցներ է կիրառում բարեփոխումների ուղուց շեղված Բելառուսի նկատմամբ, դիվանագետները չեն բացառում, որ առաջիկայում այս պատժամիջոցները կարող են խստացվել։
Սլովակիայի ԱԳ նախարար Միկուլաշ Ձուրինդանը, մասնավորապես, հայտարարել է, թե պատրաստվում է ապրիլին նոր տնտեսական պատժամիջոցներ ներկայացնել, եթե պաշտոնական Մինսկը մինչ այդ չդադարեցնի բռնությունները ընդդիմության նկատմամբ. «Ես հենց սկզբից այն տեսակետին էի, որ միայն ուժգին եւ խիստ տնտեսական պատժամիջոցները կարող են օգնել՝ հատկապես քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակմանը»: