Ճապոնիան չի բացառում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո երկիրը վերականգնելու նպատակով որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ օգտագործելու հնարավորությունը՝ ներառյալ հարկերի բարձրացումը կամ կորպորատիվ հարկերի կրճատման ծրագրերից հրաժարվելը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրն ասել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Կիրակի օրը հրապարակված սոցհարցումը ցույց է տվել, որ հարցվածների ավելի քան երկու երրորդը պաշտպանում է երկրի վերականգնման ֆինանսավորման նպատակով լրացուցիչ հարկերի սահմանումը: Կանը երկրի օրենսդիրներին ասել է, թե առայժմ չի մտածում հարկերի բարձրացման մասին, բայցեւ հասկացնել է տվել, որ կառավարության կողմից քննարկվող հնարավոր տարբերակներից մեկը կարող է նաեւ դա լինել:
Բացի այդ, պետպաշտոնյաներն ակնարկել են, որ կարող են հրաժարվել կորպորատիվ հարկը կրճատելու ծրագրերից՝ սպասվող 40%-ի փոխարեն սահմանելով 5%, քանի որ տարերային աղետից հետո վերանայել են քաղաքական առաջնահերթությունները:
Կորպորատիվ հարկի դրույքաչափի կրճատումը, որը կարող է հանգեցնել բյուջեն 5,3 մլրդ դոլարով մուտքերի նվազմանը, դիտարկվում էր որպես ճապոնական ընկերությունների մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառում, նաեւ Դեմոկրատական կուսակցության կողմից գործարարության աջակցությանն ուղղված կարեւոր ժեստ: Այս շաբաթ երկրի գործարար լոբբին հավանություն է տվել կառավարության՝ այդ ծրագրից հրաժարվելու քայլին:
«Ես չեմ առարկի, եթե կառավարությունը վերանայի կորպորատիվ հարկի դրույքաչափերը նվազեցնելու իր ծրագիրը: Փոխարենը ես ուզում եմ, որ կառավարությունը արագ միջոցներ ձեռնարկի երկիրը վերականգնելու համար»,- հայտարարել է Բիզնեսի ճապոնական դաշնության նախագահ Խիրոմասա Յոնեկուրան:
Կառավարության տվյալներով, տարերային աղտի հետեւանքով ճանապարհներին, տներին, գործարաններին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է ավելի քան 300 մլրդ դոլար: Փորձագետները կարծում են, որ վերականգնողական աշխատանքների համար երկրի բյուջեից հավելյալ 250 մլրդ դոլարի հատկացում կպահանջվի: