«Եվրասիա» միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կայացավ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակը աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաեւ հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված էին կիսելու իրենց գիտելիքն ու փորձը ապագայում հայաստանյան աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար: Հանդիպման քննարկվող թեմաներն էին hամաշխարհային արդի զարգացումները, գործատուի կողմից աշխատողին ներկայացվող ժամանակակից պահանջները, կամավորական աշխատանքը՝ որպես աշխատանքային փորձառություն ձեռք բերելու լավագույն տարբերակ, ինչպես նաեւ անհատի եւ կազմակերպությունների առաքելության, նպատակների, տեսլականի, արժեքային համակարգի սահմանմանն ու հստակեցմանը ներկայացվող տարբեր պահանջներն ու դրանց կարեւորությունը:
Հանգամանալից խոսելով համաշխարհային զարգացումների մասին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարեւորեց երիտասարդների նորարար եւ ստեղծագործ մտածելակերպի անհրաժեշտությունը մասնագիտական ցանկացած բնագավառում մրցունակ լինելու նպատակով: Ուսանողներին հնարավորություն տրվեց հանդիպել մի շարք ազգային եւ միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչների հետ: