Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԻՍ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Մարտ 30,2011 00:00

Ռոտացիոն համակարգը բացահայտում է նաեւ ընդունելության քննությունների անցկացման օբյեկտիվության աստիճանը

2005-ից ՀՀ բուհերում ներդրվեց ռոտացիոն սկզբունքը, համաձայն որի՝ վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում տեղափոխվել անվճար համակարգ եւ ընդհակառակը: Այս համակարգի իրականացման դեպքում բուհերն ունեն բավարար անկախություն եւ ազատություն: Սակայն ռոտացիոն համակարգը, իր դրական հետեւանքներով հանդերձ, բուհերում առաջացրեց մի շարք բացասական երեւույթներ եւս: Սթափ մտածելու եւ գործելու պարագայում ռոտացիան ուսանողներին հնարավորություն է տալիս իրենց ցուցաբերած արդյունքների համար խրախուսվել, սակայն մեր հասարակության մեջ ոչ միայն ռոտացիոն համակարգը, այլեւ շատուշատ այլ երեւույթներ հաճախ խեղաթյուրվում են: Հենց սա է պատճառը, որ ռոտացիոն համակարգը, այսպես ասած, կռիվ գցեց ուսանողության շրջանում, հաճախ մտերիմ կուրսընկերները ռոտացիայի պատճառով թշնամանում են: Ռոտացիոն համակարգի մասին քննարկումները ծավալվում են նաեւ տարբեր ուսանողական բլոգներում:

Ընթերցելով մի քանի ուսանողական բլոգներ, առանձնացրեցինք ավելի պատկերավոր երկխոսությունները: Օրինակ՝ Hayk անվանմամբ հանդես եկող այցելուն հարցնում է. «Ախպեր ջան, ռոտացիան ո՞րն ա»: Nar կեղծանունով բլոգերն էլ պատասխանում է. «Հայկո ջան, էդ էն անվճար-վճարովի «կաշերն» են: Մենք գիտեինք, որ դա էդպես էլ պետք ա լիներ»: Ashot Avoyan անունը կրող բլոգերն էլ իր հերթին է մեկնաբանում ռոտացիայի էությունը. «Հայկո ջան, էդ էն ա, որի համար խմբի աղջիկների հետ իրար եք ուտում: Իմ նման տղա էղեք, ոչ մի ռոտացիայի էլ մի մասնակցեք, վատամարդ չլինելու համար»: Այնուհետեւ նույն բլոգերը կատակով իր ընկեր բլոգերին գրում է. «Էս տարի ոտիդ տակը քանդելու եմ, վարձիդ փողը լրիվ տվել եմ, որ անվճար անցնեմ»: ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենց բուհում տարբեր կուրսերում ռոտացիայի տոկոսը տարբեր է. «Օրինակ՝ եթե առաջին կուրսերում ռոտացիայի ենթարկված ուսանողների թիվը կազմում է 50%, ապա ավելի բարձր կուրսերում այն 20% է: Ռոտացիան գործում է առաջին կուրսի երկրորդ կիսամյակի ավարտից սկսած, այս գործընթացում որոշիչ է միջին որակական գնահատականը: Թափանցիկություն եւս աշխատում ենք ապահովել, որպեսզի խուսափենք տարբեր տեսակ խնդիրներից»:

Այն դիտարկմանը՝ ռոտացիան չի՞ մերկացնում ընդունելության քննությունները, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Ընդունելության քննություն հանձնելն այլ բան է, բուհում սովորելը՝ այլ: Կարող է տվյալ ուսանողը դպրոցում ցուցաբերած լինի բարձր առաջադիմություն, ընդունելության քննությունները եւս բարեհաջող հանձնած լինի, սակայն բուհում այդ արդյունքները չկարողանա ցուցաբերել, քանի որ բուհում սովորելն այլ տրամաբանություն է պահանջում»: Մեր մյուս դիտարկմանը՝ արդյո՞ք ռոտացիան չի ավելացնում կոռուպցիոն ռիսկերը, հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ դասախոսների նշանակած գնահատականների արդյունքում է ձեւավորվում միջին որակական գնահատականը, ուստի նրանց հետ գործարքի մեջ մտնելն ու բարձր գնահատական ստանալն ավելի ձեռնտու է թեկուզ զուտ ֆինանսական տեսանկյունից, քան ուսման վարձ վճարելը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ձեր նշած կոռուպցիոն ռիսկերը մեծ լինել չեն կարող, քանի որ մանդատային հանձնաժողովը որոշում կայացնելիս առաջնորդվում է միայն հստակ թվերով: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական հաշվարկին, ապա մեկ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուսանող ուսումնասիրում է միջինը 20-25 առարկա, որոնց գնահատականը ձեւավորվում է բազմագործոնային համակարգով, այսինքն՝ վերջնական գնահատականը ձեւավորվում է շուրջ հինգ բաղադրիչով: Ուստի հազիվ թե ուսանողի համար ձեռնտու լինի գործարքի մեջ մտնել բոլոր այդ առարկաների դասախոսների հետ՝ բարձր գնահատական ապահովելու համար»:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ռոտացիայի արդյունքում անվճար համակարգից վճարովի տեղափոխված ուսանողների տոկոսային միավորներն ավելի ցայտուն են հումանիտար մասնագիտությունների դեպքում, քան բնագիտական: Օրինակ՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետներում անվճար համակարգից վճարովի տեղափոխվածների տոկոսային միավորը կազմում է 28-35%, իսկ, օրինակ՝ տնտեսագիտական ֆակուլտետում գրանցվել է 87%, սոցիոլոգիայում 50%-ից ավելի, աստվածաբանության ֆակուլտետում՝ 80%, մեծ է տոկոսային միավորը իրավագիտության ֆակուլտետում: Դեպքեր են եղել, երբ ռոտացիայի տոկոսային միավորը նույնիսկ հասել է 100%-ի: Ռոտացիայի տոկոսային միավորը բարձր կուրսերում համեմատաբար աճում է: Օրինակ, եթե մաթեմատիկայի ֆակուլտետում 1-ին կուրսի ռոտացիայի 31%-ը 4-րդում հասնում է 12,5-13%-ի, աստվածաբանության ֆակուլտետում՝ 80%-ից 4-րդ կուրսում հասել է 0-ի»: «Առավոտի» դիտարկմանը, արդյո՞ք այս ցուցանիշները չեն մերկացնում ընդունելության քննությունների կազմակերպման օբյեկտիվությունը, պարոն Ժամհարյանը պատասխանեց. «Դա թող նախարարությունը մտածի… իհարկե, մասամբ համաձայն եմ Ձեր դիտարկման հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել