Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԸ

Մարտ 30,2011 00:00

\"\"Մեկ ամսում երկու անգամ կարգապահական տույժի ենթարկված, պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնող հանրապետական տնօրենը կշարունակի դպրոց ղեկավարել:

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» վերջին մեկ ամսում գրել է հինգ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները: Հրապարակումներից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն հայտարարեց տնօրեն Սուսաննա Նազարյանին, Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ: Բայց Սուսաննա Նազարյանը դեռ տնօրեն է, հասու դպրոցի ողջ փաստաթղթերին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 22-ին խիստ նկատողություն հայտարարեց Սուսաննա Նազարյանին: «Տույժի կիրառման համար հիմք է ծառայել նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, ինչպես նաեւ տնօրենի գրավոր բացատրագիրը»,- տեղեկացրեց նախարարությունը: Նախարարն էլ լրատվամիջոցներին ասաց, որ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքից եւ քրեական գործի ավարտից է կախված տնօրենի ճակատագիրը:

Տեսչական ստուգումները ավարտվել են, եւ Արմեն Աշոտյանն էլ այս անգամ ուղղակի նկատողություն է հայտարարել տնօրենին: Նախարարությունն էլ նույն ձեւակերպումներն է տարածել. «տույժի կիրառման համար հիմք է ծառայել նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, ինչպես նաեւ տնօրենի գրավոր բացատրագիրը»: Մեկ ամսում երկու անգամ կարգապահական տույժի ենթարկված տնօրենին դպրոցից չհեռացնելը՝ պատասխանատուների խղճին: Իսկ ֆուտբոլում, օրինակ, երկու խաղ անընդմեջ դեղին քարտ ստացողին զրկում են հաջորդ խաղին մասնակցելու իրավունքից:

Զարմանալի է նաեւ, որ խիստ նկատողությունը դարձել է նկատողություն այն դեպքում, երբ ՀՀ կրթության պետական տեսուչներ Աիդա Բարսեղյանը եւ Արմինե Դարբինյանը Սուսաննա Նազարյանի ղեկավարած դպրոցում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել: Չորս ուսուցիչ (Նորանուշ Վարդանի Քոչարյան, Դավիթ Ալեքսանդրի Մինասյան, Էմմա Սուրենի Աբգարյան, Գայանե Հովիկի Մանվելյան) տվյալ առարկան դասավանդելու համար չունի համապատասխան որակավորում: Սա նշանակում է, որ խախտվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Ուսումնական հաստատությունում տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաները որեւէ մեթոդական միավորման մեջ ընդգրկված չեն, 2009-2010 ուստարում ուսումնական հաստատությունից տեղափոխված 215 սովորող չունի ծնողի դիմում, 2008-2009 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 3 սովորող չունի տեղափոխման թերթիկ, 2009-2010 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 118 սովորող չունի ծնողի դիմում, 2010-2011 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 9 սովորող չունի ծնողի դիմում, 2008-2009 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 2, 2009-2010 ուստարում՝ 4, 2010-2011 ուստարում՝ 4 սովորողների հաշվառում չի իրականացվել, ավագ դպրոցի ութ դասարաններում հոսքային ուսուցման առարկաների դասերին սովորողների թիվը գերազանցում է 20-ը, ուսուցիչներ Գոհար Գազազյանը, Ռուզաննա Չիրքինյանը, Լիդիա Սաղաթելյանը անհարգելի բացակայել են աշխատանքից (չեն ներկայացվել անաշխատունակության թերթիկներ), բացակայությունները չեն հաշվառվել, բացակայած օրերի համար վճարվել են, դասամատյաններում բացակայած օրերը լրացվել են տվյալ ուսուցիչների կողմից:

Եվ այսքանից հետո ընդամենը նկատողությո՞ւն:

Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի մասին հրապարակումներից մեկում գրել էինք, թե քաղաքում մարդիկ խոսում են, որ հանրապետական Սուսաննա Նազարյանը Հանրապետական կուսակցության ներսում հովանավոր ունի, ով Աշոտյանին «չորով» արգելել է նեղացնել դպրոցի տնօրենին ու նախարարը փորձում է սահմանափակվել տնօրենին տված նկատողությունով: Այդպես էլ եղավ: Հաղթեց կուսակցական շահը, տուժեցին քաղաքացին եւ դպրոցը, այսօրվա կառավարիչների նկատմամբ վստահության եւ հավատի առանց այն էլ ոչ մեծ պաշարն էլի նվազեց: Էջմիածնում խոսում են նաեւ, որ Սուսաննա Նազարյանը Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ է դառնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031