Երեկ երեկոյան, ժամը 19-ից սկսած «ԱրմենՏելի», մասնավորապես՝ «Hi-Line» ինտերնետ կապի բաժանորդները ժամեր շարունակ զրկված են եղել ինտերնետից: Երբ բաժանորդները փորձել են կապվել ընկերության սպասարկման կենտրոնի հետ, անգամ օպերատորը չի կարողացել զանգերն ընդունել եւ փոխարենը ռոբոտը «100» համարին ուղղված ցանկացած զանգողից հայցում էր ներողամտություն եւ հայտնում, որ շատ զանգերի պատճառով գծերը ծանրաբեռնված են եւ չեն կարող զանգը սպասարկել:
Ինտերնետի բացակայությունը, ինչպես միշտ, «ԱրմենՏել» ընկերության պատասխանատուները պայմանավորել են Վրաստանում ինտերնետի կապուղիների խափանմամբ: Ըստ ընկերության պարզաբանման, մի քանի ժամվա ընթացքում հայ եւ վրացի մասնագետները աշխատանքներ են տարել վթարի վերացման ուղղությամբ եւ երեկ արդեն հանրապետության տարածքում ինտերնետ կապը վերականգնված էր: Իսկ թե ընկերությունը կփոխհատուցի՞ վնասներ կրած այն բաժանորդներին, որոնք յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ վճարում են ինտերնետի ամսական վճարները եւ, փաստորեն, դրա դիմաց ժամերով ծառայություն չեն ստանում, «ԱրմենՏելը» չի անդրադառնում: