Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թանկ «դարպասներ»

Մարտ 30,2011 00:00

Հայտնի մի ասույթում ասվում է՝ «թատրոնը սկսում է հանդերձարանից», իսկ ինչի՞ց է սկսում քաղաքը կամ երկիրը, բնականաբար՝ երկաթուղային կայարանից, նավահանգստից կամ օդանավակայանից։ Հայաստանի պարագայում այսօր այն սկսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Այն, որ օդանավակայանում ծառայությունները մատուցվում են բարձր գներով՝ նորություն չէ, զարմանալի է, որ այդ մասին միայն վերջերս արձագանքեց ազգային մենաշնորհային «Արմավիա» ավիաընկերությունը, հետաքրքիր եւ մտորելու տեղիք տվող վիճակագրություն ներկայացնելով:

Սկսենք այն անհարմարություններից, որոնց հետ անմիջականորեն առնչվում է Հայաստան ժամանած քաղաքացին (կարեւոր չէ, թե նա մեր հայրենակիցն է, թե օտարազգի): Ժամանման սրահում ուղեւորն ուղեբեռը ստանալուց հետո ստիպված է 400 դրամ մուծել սայլակից օգտվելու համար։ Զարմանալի է եւ, առավել եւս՝ վրդովեցուցիչ, քանզի աշխարհի միջազգային մեծ թե փոքր օդանավակայաններում սայլակները անվճար են, դրանք դրված են մեքենաների կայանման տարածքում, որպեսզի մարդիկ իջնելով ավտոբուսից կամ մեքենայից, անմիջապես վերցնեն դրանք, օգտվեն, ընդ որում, ինչպես օդանավակայանի եւ ներսում, եւ դրսում, ընդհուպ մինչեւ այն փոխադրամիջոցը, որով քաղաքացին պետք է հեռանա օդանավակայանից։ Հայաստան ժամանող շատ քաղաքացիներ դեռ տարադրամը չհասցնելով փոխանակել, սայլակից օգտվելու համար վճարում են տարադրամով, հետ չստանալով մանրադրամը։ Առավել աչք են ծակում մեկնումի եւ ժամանումի սրահների սրճարանների, խանութների գները։ Տպավորություն է ստեղծվում, որ թե ժամանողները, թե մեկնողները բոլորը ունեւոր խավի ներկայացուցիչներ են եւ նրանց համար 25-30 դոլար ծախսելը նորմալ է։ Առավել զայրացուցիչ են ժամանող ուղեւորներին տզի պես կպչող տաքսու վարորդները, ընդ որում, մեծ մասը՝ սպիտակ համարանիշներով եւ առանց հաշվիչների։ Եթե Հայաստան ժամանած քաղաքացուն չեն դիմավորում, ապա պատրաստակամ տաքսու վարորդները ցանկացած գնով կարող են նրան հասցնել համապատասխան վայր (մոտ 4000-5000 դրամով)։ Սակայն կան փաստեր, որ օտարազգիները քաղաք են հասել նույնիսկ 10000 դրամ վճարելով։ Սրանք այն ծառայություններն են, որոնցից, այսպես թե այնպես, օգտվում են ուղեւորները։ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը վերոհիշյալ տողերը ընթերցելուց հետո կավելացնի, որ թանկ «դարպասներից» ներս մեզ սպասում է թանկ «երկիր», որը ամենեւին էլ չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը, հյուրընկալության վարկանիշի մեծացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել