Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բյուջեն «մանրից» լցնում են

Մարտ 30,2011 00:00

Ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը:

Համաձայն տրամադրված նյութերի՝ 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 114,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 109,5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62,9%-ով եւ 52,4%-ով ապահովել են կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 13,9%-ով, ծախսերի գծով՝ 11,9%-ով: 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10,9%-ով կամ 11,2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11,7% (11,4 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2,2%-ով (136 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

Պետական բյուջեի եկամուտների 94,6%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,4%-ը՝ այլ եկամուտների հաշվին: «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2,2 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 87,5%-ը:

2011թ. հունվար-փետրվարին պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109,5 մլրդ դրամի ծախսեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 52,4%-ը: Մասնավորապես՝ 102,3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7,1 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 1,1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին՝ կազմելով ծրագրվածի 40%-ը: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 3,1%-ով կամ 3,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է այլ ծախսերի, կենսաթոշակների եւ պայմանագրային այլ ծառայությունների ձեռք բերման ծախսերի աճով:

2011թ. հունվար-փետրվար ամիսներին պետբյուջեն կատարվել է 4,9 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում նախատեսված 26,9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Հավելուրդը պայմանավորված է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների համեմատաբար բարձր կատարողականով, որի արդյունքում բյուջեի տարեսկզբի միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 28,6 մլրդ դրամից օգտագործվել է 2,7 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 2,8 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով՝ -7.7 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել