Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսպիսին են հաղթողների առաջարկները-12

Մարտ 30,2011 00:00

«Հայ ԹիՎի»-ի մրցութային առաջարկում կա մի փաստի արձանագրում. «Այսօր Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հաղորդում են գրեթե նույն լրատվությունը»:

Իր մրցութային առաջարկը «Շարկ» ՍՊԸ-ին պատկանող «Հայ ԹիՎի» հեռուստաընկերությունը ներկայացրել էր 2010 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» փաթեթների շնորհանդեսից եւ վերահեռարձակող 3 ընկերությունների առաջարկները ներկայացնելուց հետո: Այնպես որ՝ մինչ հերթը հասել էր մայրաքաղաքային սփռման վերջին՝ թիվ 15 մրցույթի մասնակից «Հայ ԹիՎի»-ն՝ ՀՌԱՀ նիստերի դահլիճում գրեթե չէին մնացել լրագրողներ, եւ այս առաջարկը չլուսաբանվեց տպագիր մամուլում: Բացը լրացնելու համար որոշ մեջբերումներ անենք նրանց բիզնես ծրագրից:

«Հեռուստաընկերությունն իր գործունեության 8 տարիների ընթացքում չի ստացել ոչ մի բողոք, նկատողություն կամ տույժ ՀՀ պետական մարմինների եւ ՀՌԱՀ-ի կողմից»,- նշել է «Հայ ԹիՎի»-ն: Որքան հիշում ենք՝ անցած տարիներին ՀՌԱՀ-ի կողմից դիտողության կամ տույժի արժանացել են միայն «Հայրենիք»-ն ու ԱԼՄ-ն. առաջինը՝ առանց համապատասխան պայմանագրի «Մեցցո» հեռուստաընկերության ծրագրերը վերահեռարձակելու, երկրորդը՝ գովազդի մասին օրենսդրական դրույթները խախտելու համար:

Մրցութային առաջարկում նշված է. «Հայ ԹիՎի» հեռուստաընկերությունը հետեւողականորեն պահպանում է բազմակարծության սկզբունքը, չի ենթարկվում քաղաքական ճնշումների եւ չի մատուցում կողմնակալ լրատվություն: Հեռուստաընկերությունն իր առջեւ նպատակ է դրել հնարավորին չափով Հայաստանում զարգացնել (հեռարձակել եւ վերլուծել) հետաքրքրվածությունը հայկական կրոնի, մշակույթի եւ սպորտի նկատմամբ»: Հետագայում մանրամասնած է. «Հայաստանում լսարանը բազմակարծություն ասելով առաջին հերթին հասկանում է քաղաքական ընդդիմության հաղորդագրությունները եւ ելույթները: Սակայն բազմակարծությունը չի սահմանափակվում միայն քաղաքական դիրքորոշումների լուսաբանմամբ: Դրա մեջ հասկանում ենք նաեւ կրոնական, մշակութային եւ ազգային այլակարծությունը (իհարկե, եթե դրանք օրենքով գրանցված են կամ նրանց գործունեությունը չի սահմանափակվում օրենքով): Խոսքը վերաբերում է, օրինակ, գրանցված կրոնական աղանդներին, մշակութային եւ ստեղծագործական ազատությանը»:

«Հայ ԹիՎԻ»-ն իր առաջարկում նաեւ խոստովանել է, թե նույնիսկ լրատվության առատությունը «չի կարող առաջատար դիրք ապահովել միայն այն պարզ պատճառով, որ այսօր Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հաղորդում են գրեթե նույն լրատվությունը»:

Հիշատակված է, որ «Հայ ԹիՎի»-ն 2009 թվականին շահել է «Casals and associence ink» ամերիկյան կազմակերպության տրամադրած դրամաշնորհը՝ «կապված Հայաստանում սոցիալական ծրագրեր իրականացնելու եւ հեռարձակելու հետ»:

Խոստում կա, թե նախնական շրջանում ձեռնպահ են մնալու տեղական արտադրության սերիալների հեռարձակումից եւ ցուցադրելու են ամերիկյան «premium class»-ի սերիալներ: Նշելով, թե սկզբնական շրջանում արտասահմանյան արտադրության հաղորդումների մասնաբաժինն իրենց եթերում բավական բարձր է լինելու՝ մոտ 25-30%, խոստացել են ժամանակի ընթացքում դրանք կրճատել մոտ 4 անգամ:

«Հայ ԹիՎի»-ն իր առաջարկում ներառել է հեռուստաշուկայի վերլուծության մի ենթաբաժին, որտեղ կա մի բավական ուշագրավ դիտարկում: «Տելեմեդիակոնտրոլ» կազմակերպության իրականացրած հետազոտության հիման վրա առանձնացվում են բացահայտ առաջատար 4 հեռուստալիքներ, որոնց միջեւ էլ հիմնականում տեղի են ունենում վարկանիշի համեմատաբար զգալի փոփոխությունները. «Մեկի վարկանիշի բարձրացումը (նվազեցումը) պայմանավորված է մյուս(ներ)ի անկմամբ (բարձրացմամբ): Երբ 2010թ.-ի մարտ-հունիս ամիսներին Հ1 հեռուստաալիքը զգալիորեն բարելավեց իր ցուցանիշը (վարկանիշը 14.19-ից բարձրացավ մինչեւ 25.87), դա ուղեկցվեց «Շանթ» հեռուստաընկերության վարկանիշի անկմամբ (6.71 տոկոսային կետով): Ի դեպ, Հ1 հեռուստաալիքի ամենաբարձր վարկանիշային կետը համընկել է «Շանթ» հեռուստաընկերության ամենացածր վարկանիշով ժամանակահատվածին (2010թ.-ի հունիս)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031