Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ԿԱՐՆԵԳԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մարտ 30,2011 00:00

\"\"Պարզվում է՝ ԵԱՀԿ համանախագահներից գոնե մեկը ժամանակին հասկացել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ներքին պայմանավորվածություններ կան:

Այս օրերին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ու նաեւ Ադրբեջանում ուսումնասիրվում եւ քննարկվում է մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայում հրապարակած եւ 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Զեկույցն ամբողջությամբ դեռ փակ է լայն հասարակության համար, բայց դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ զեկույցի ամբողջական տարբերակն արդեն ներկայացվել է կողմերին:

Սրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Վաշինգտոնում՝ մարտի 28-ին Կարնեգի հիմնադրամում հրավիրված եւ ԼՂ հակամարտությանը նվիրված համաժողովում: Այդ քննարկմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի ներկա եւ նախկին համանախագահները՝ Ռոբերտ Բրադկեն ու Քերի Քավանոն:

«Տարածաշրջանում ապրող մարդիկ արժանի են ավելի լավ, կայուն եւ ինքնաբավ ապագայի, եւ հանուն այդպիսի ապագայի նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,- ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Նա հայտարարել է, թե մի քանի օր առաջ է վերադարձել տարածաշրջանից, եւ հավելել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին սպասված ուշադրություն չի հատկացվում: Բրադկեն շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե «սառեցված», այլ շարունակվող հակամարտություն է. «Իրավիճակը դեռեւս կայուն չէ: Այդ հակամարտությունը մամուլում մշտապես չի լուսաբանվում»:

Չնայած դրան, ամերիկացի համանախագահը հավաստիացրել է, թե Միացյալ Նահանգները զբաղվում է խնդրի՝ խաղաղ ճանապարհով կարգավորմամբ. «Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց այդ վիճակը կայունություն չի երաշխավորում»: Իհարկե, այս մեջբերումից այդպես էլ չի երեւում, թե Բրադկեն հատկապես ո՞ւմ նկատի ունի՝ հակամարտության կողմերին կամ դրանցից մեկի՞ն, թե՞ համանախագահող երկրներից մեկին: Այդուհանդերձ, դիվանագետը կրկնել է, թե իր երկիրը շատ ակտիվ մասնակցություն ունի ԼՂ հակամարտության կարգավորմանը, ու շեշտել է, որ նախագահներ Օբաման, Մեդվեդեւն ու Սարկոզին հակամարտության կարգավորմանը նպաստելու համար հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններով, ու մատնանշել է մեկ տարվա ընթացքում տարածաշրջան կատարած իր բազմաթիվ այցերն ու հայտարարել, թե ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ՝ արագորեն խաղաղության հասնելու համատեքստում: Դեսպան Բրադկեն շեշտել է, թե բոլոր կողմերն են համամիտ, որ Հարավային Կովկասում նոր պատերազմի սանձազերծումն անթույլատրելի է:

Համաժողովում ավելի ուշագրավ ելույթով հանդես է եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Քերի Քավանոն: Հիշեցնենք, որ հենց նրա համանախագահության օրոք էր, որ Քի-Ուեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը, ըստ հայաստանյան ընդդիմության պնդումների, քննարկում էին «Մեղրիի տարբերակը»: «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Քերի Քավանոն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առկա իրավիճակն իր համանախագահության օրոք, եւ դա սկսել է անել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից՝ ասելով, թե ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ կարող էր դառնալ նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, բայց նա խորհրդարանում կառավարության հետ «հարցուպատասխանին» մասնակցելու փոխարեն իրեն եւ մյուս համանախագահողներին «Զվարթնոց» օդակայանի ճանապարհին ճանապարհելիս է եղել Թուրքիա, որտեղ վերջիններս պիտի հանդիպեին այդ երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելին՝ ԼՂ բանակցային գործընթացը քննարկելու նպատակով: 2000-2001թթ. քիուեսթյան գործընթացի հիմնական նախագծողը համարվող Քավանոյի մատուցմամբ, 2000թ. սկզբին, երբ Ջորջ Բուշ կրտսերը դեռ նոր էր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, իր պաշտոնավարման առաջին իսկ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել էր ԼՂ բանակցություններում՝ հույս ունենալով խթանել կարգավորման գործընթացը: «Սա նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ փուլում միջազգային ասպարեզում ճգնաժամային իրավիճակները շատ չէին, եւ լավ հնարավորություն էր ստեղծվել՝ ԼՂ հարցում արագ լուծումներ գտնելու տեսանկյունից»,- հայտարարել է Քավանոն՝ հավելելով, թե այդ պարագայում առկա էր նաեւ միջազգային կառույցների եւ մի շարք արեւմտյան պետությունների՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը: Սակայն, Քավանոյի փոխանցմամբ, այդ կարգավորումը տեղի չունեցավ՝ ավելի ուշ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած գործընթացների պատճառով: Նա միաժամանակ խոստովանել է, որ թեեւ Քի-Ուեսթի գործընթացի շուրջ մեծ էին հույսերը, այդուհանդերձ, իրենք՝ համանախագահները, վստահ էին, որ Քի-Ուեսթում խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու:

Նույն ելույթին անդրադառնալով՝ 1news.az-ը շեշտել է Քավանոյի դիտարկումը, թե՝ լարվածությունը տարածաշրջանում դանդաղեցնում է խաղաղ գործընթացը: Նա խոսել է անցյալում թույլ տրված սխալների մասին եւ հայտարարել, թե հիմա խաղաղ գործընթացն ավելի բարդ է դարձել, քան նախորդ տարիներին էր:

Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած համաժողովում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ մեկ այլ համանախագահ՝ Ռուդի Փերինեյի նախկին օգնական Ջեֆ Գոլդսթրին: Նա նշել է որ Հեյդար Ալիեւի մահվանից հետո նրան փոխարինած Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ-ն լուրջ հույսեր է կապել՝ մտածելով, որ նրա արեւմտյան կրթությունն ու տարիքը դրականորեն կազդեն գործընթացի վրա, բայց այս հույսերը շուտով ի դերեւ են եղել. «Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից հետո պարոն Փերինեյն ինձ ասաց, թե երկու ղեկավարների խոսակցությունից իրեն պարզ դարձավ, որ նրանք ներքին համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, սակայն գործնականում առանց իրական առաջընթացի, ըստ էության, պահպանելով ստատուս-քվոն»: Ամերիկացի դիվանագետի՝ ԼՂ բանակցային գործընթացում ներգրավված լինելու տարիներին սկիզբ էր դրվել ԼՂ հակամարտության լուծման «Պրահյան առաջարկին», որտեղ, ըստ Գոլդսթրինի, առավել կարեւոր նվաճում կարելի է համարել հանրաքվեի անցկացման գաղափարը: Սակայն, նրա մատուցմամբ, այդ հարցում այդպես էլ չէր հստակեցվել, թե ե՞րբ եւ ովքե՞ր պիտի մասնակցեն դրան, եւ ինչպե՞ս է այն իրականացվելու:

Կարնեգի կենտրոնի փորձագետ Թոմա դե Վաալի համոզմամբ էլ, այս օրերին հնչող այն հայտարարությունները, թե՝ կողմերը կանգնած են պատերազմի շեմին, չի համապատասխանում իրականությանը. «Շատերի համար ակնհայտ է, որ պատերազմ սկսելու ցանկություն ունի Ադրբեջանը, քանի որ նա է պարտվող կողմը: Ոմանք նույնիսկ համարում են, որ նրա հաղթանակն էլ հնարավոր է: Սակայն ռազմական գործողությունների վերսկսման պարագայում պարտվելու են բոլորը»: Նա նաեւ հավելել է, թե պետականության կարճ ժամանակահատվածի պատմություն ունեցող Ադրբեջանի ռազմական անցյալը պարտություն է արձանագրել, ինչն այսօր էլ իր ազդեցությունն ունի 3 մլրդ ռազմական բյուջե ունեցող պետության վրա: Նա կոչ է արել բանակցային գործընթացում ավելի թափանցիկ եւ անկեղծ լինել:

Ընդհանուր առմամբ, ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված այս համաժողովի մասնակիցներն էլ շեշտել են, որ տարածաշրջանը կենսական կարեւորություն ունեցող գործոն է, ուստի այստեղ նոր պատերազմի սանձազերծումն անթույլատրելի է: Թե Հայաստանից եւ Ադրբեջանից ովքեր են մասնակցել Վաշինգտոնում հրավիրված համաժողովին՝ չի հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել