Օրերս Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկել է Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոցը: Հայկական եւ եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի եւ Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան, Ուկրաինան եւ Չիլին: Հիշեցնենք, որ Ստրասբուրգի աստղադիտարանում է գտնվում աշխարհի աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարաններից մեկը (CDS), եւ այնտեղ աշխատում են վիրտուալ աստղագիտության լավագույն մասնագետները, ովքեր էլ դպրոցի ընթացքում իրենց գիտելիքները փոխանցեցին երիտասարդներին: Գ. Հարությունյանը ներկայացրեց եւ ՎԱ միջավայրում փորձարկեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի կողմից իրականացվող ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության ծրագիրը: