Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՏԱՏԵՐԸ

Մարտ 30,2011 00:00

«Ես իմացել եմ, որ իմ տատն ուղղակի իմ տատն է՝ չեմ իմացել, որ ինքը մե՜ծ բարեփոխիչ է եղել ժամանակին, որովհետեւ տատս էլ որ կովը կթում էր՝ անպայման կուրծքը լվանում էր եւ մառլյայով էր անպայման կաթը անցկացնում՝ ձեւն է այդպես: Բայց պարզվում է, որ ողորմած տատս մեծ բարեփոխիչ է եղել»,- երեկ «Դուպլեքս» ակումբում հեգնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր. «Հարգելի գյուղացիներ, օրինակ՝ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»: Արմեն Մարտիրոսյանն իր հեգնական անդրադարձին հավելեց. «Եթե մենք ա՛յս ձեւով ենք շարունակելու մեր կառավարման համակարգը, բարեփոխումներն այսպիսի՛ն պետք է լինեն՝ ես չգիտեմ արդեն»:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, հակադարձեց. «Բարեփոխիչ տատերի մասին մի երկու բառ ասեմ: Ուրեմն իմ տատն էլ չհաջողվա՛ծ բարեփոխիչ էր. չստացվեցին իր բարեփոխումները, որովհետեւ տատս, որքան ինձ հիշում եմ ծնվածս օրվանից, ասում էր, որ մարդ պետք է ամեն օր լողանա։ Եվ շրջապատին էր ասում: Որպեսզի հասկանաք՝ ինչքանով հաջողվեցին տատիս բարեփոխումները, հերիք է մի ավտոբուս մտնեք կամ կինոթատրոն։ Այնպես որ, եթե ասում են՝ ա՛յ ժողովուրդ, հասարակ, տարրական բաներ են այնպիսին, ինչպիսին լողանալն է, ինչպիսին կովի կուրծքը մաքրելն է՝ դա դեռ չի նշանակում, որ ոչ ոք չգիտի: Գիտեն, բայց չեն անում: Պանրի անալիզները դրա մասին են վկայում: Դուք գիտե՞ք ինչքան է տարածված տուբերկուլյոզը, բրուցելյոզը եւ մնացած բաները՝ հիգիենայի տարրական կանոնները չպահպանելու պատճառով: Թե՞ անպայման պիտի նախագահի որոշում կայացվի, որ մարդիկ հիգիենայի կանոնները պահեն»: Լրագրողի հիշեցմանը, թե գյուղեր կան, որ անգամ մարդիկ չեն լողանում, քանի որ ջուր չունեն՝ պրն Բադեյանն այսպես արձագանքեց. «Մարդիկ էլ պիտի ասեն՝ մենք գիտենք, բայց եկեք օգնեք՝ ջուր քաշենք, եւ ոչ թե պիտի ասեն, թե պետք չի կովի կուրծքը լվանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031