Մեծարգո պարոն Հովհաննիսյան
Արդեն 15-րդ օրն է՝ «Ծոմ Ազատության» հացադուլն եք անում՝ առանց մի կամ մի քանի կոնկրետ պահանջ ներկայացնելու, ինչը քաղաքական պայքարի մի նոր ձեւ է, եւ իմ պատկերացմամբ՝ նման ոչ ստանդարտ միջոցով (ստանդարտ միջոցներն ունեն ստանդարտ պատասխաններ) մարդկանց եւ հատկապես երկրի քաղաքական իշխանության ուշադրությունն եք սեւեռել մեր հասարակությանը քայքայող ու թուլացնող բոլոր այն անարդարությունների ու ազատությունների անարդարացի սահմանափակումների վրա, որոնք առկա են, որոնցից շատերի մասին գիտենք բոլորս, որոշների մասին՝ ոչ բոլորս, եւ որոնք, ազգային շահից ելնելով, իրենց դրական լուծումն են պահանջում:
2008թ. մարտի 1-ից քաղաքական միջոցառումների համար փակ Ազատության հրապարակում Ձեր նախաձեռնած քաղաքական ակցիա՝ «Ծոմ Ազատության» միջոցով հասաք նրան, որ Ազատության հրապարակն առաջին անգամ եւ շարունակական բացվեց քաղաքական միջոցառումների համար. «Ազատության հրապարակն» ազատագրվեց: Ազատության հրապարակը Ձեր կողմից նման ոչ ստանդարտ ձեւով ազատագրվելուց հետո այդտեղ քաղաքական միջոցառումներ (հանրահավաք) արեցին այլ քաղաքական ուժեր եւս՝ ՀԱԿ, ԺԿ:
Դա նշանակում է, որ քաղաքական պայքարի ոչ թշնամական, քրիստոնեական այս ձեւի շնորհիվ Ձեր չհնչեցրած պահանջները հասանելի եղան նաեւ երկրի քաղաքական իշխանություններին, ու դրական տեղաշարժ տեսնում ենք (Ազատության հրապարակը քաղաքական նպատակով ազատագրելու դեմ կոշտ մեթոդներ չկիրառելը) եւ դեռ կտեսնենք (հուսով եմ):
Գտնում եմ, որ Ազատության հրապարակի քաղաքական ազատագրումն արդեն իսկ բավարար է «Ծոմ Ազատությանը» վերջին տարիների ամենահաջողված քաղաքական նախաձեռնությունը համարելու համար:
Կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ նաեւ ոչ ստանդարտ քաղաքական քայլը (առանց բառացի կամ գրավոր հնչեցված պահանջի հացադուլը) վերջին 15 օրերի ամենաքննարկվող թեման է մամուլում, եւ այդ քննարկումների ընթացքում վեր են հանվում բոլոր այն անարդարությունները, որոնցից ազատագրվել է պետք:
Հարգելի պարոն Հովհաննիսյան, մարդկանց մեջ կա հոմոսապիեսների մի բիոմասսա, որոնք, սակայն, ոչ թե մարդկային, քրիստոնեական արժեքներով են առաջնորդվում, այլ գիշատիչների: Բայց եթե գիշատիչները բնության մեջ համարվում են սանիտարներ, ապա մարդկային գիշատիչներն այդպիսին չեն եւ կարող են վերացնել իրենց եւ մեզ շրջապատող ամեն կենդանին: Դրանից մեր բնակչությանը պաշտպանելու համար էլ պետք է «Ժառանգության» ամենահաս պատգամավորների ակտիվությունն այդ դաշտում, որը վերջին 15 օրերին օբյեկտիվորեն նվազել է, քանի որ նրանք առավելապես գտնվում են Ազատության հրապարակում եւ ֆիզիկապես չեն կարող լինել ամենուր, ինչը որոշ բացասական հետեւանքների հանգեցրեց:
Բերեմ մի օրինակ. Երեւան քաղաքի Սարկավագի փող. 72 շենքի (շենքն ունի մոտ 100 բնակարան, 500 բնակիչ եւ մոտ 350քմ կանաչապատ բակային տարածք) բակային հատվածի կանաչապատ, ծառատունկ հողամասը, որն այդ շենքի երեխաների խաղահրապարակն է, Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակիչներից գաղտնի հատկացվել է մի անձի՝ խանութ կառուցելու համար: Խանութի կառուցման նպատակով սկսվել էին այդ կանաչապատ տարածքի ծառահատումները, սակայն բնակիչների ահազանգի ու «Ժառանգության» պատգամավորների միջամտությամբ ծառահատումը դադարեցվել էր: Այդ մասին լրատվամիջոցներում հրապարակումներ եղել են, եւ ըստ այդ հրապարակումների, Երեւանի քաղաքապետարանն էլ կասեցրել էր շինաշխատանքները եւ դրանք սկսելու համար իրականացվող ծառահատումները:
Ինչպես նշեցի, «Ծոմ Ազատության» ժամանակահատվածում «Ժառանգության» պատգամավորների՝ Ազատության հրապարակում գտնվելու պատճառով օբյեկտիվորեն սահմանափակվել է նրանց ամենահասության հնարավորությունը, ինչից օգտվելով եւ Երեւանի քաղաքապետարանի թողտվությամբ վերսկսվել ու ավարտվել են ծառահատումները, եւ Սարկավագի փող. 72 շենքի բակային տարածքն ամբողջությամբ ծառազրկվել է, այն դեպքում, երբ ծառերն արդեն կանաչում էին, իսկ բնակիչներն էլ, առանց «Ժառանգության» ներկայացուցիչների, ի զորու չեն եղել դա թույլ չտալու:
Հարգելի պարոն Հովհաննիսյան, քանի որ «Ծոմ Ազատության» քաղաքական նախաձեռնությունն արդեն իսկ տվել է իր դրական քաղաքական արդյունքները, ուստի հորդորում եմ դադարեցնել արդեն 15 օր շարունակվող Ձեր հացադուլը, խնայեք Ձեր առողջությունը, իսկ բնակչությանն էլ հնարավորություն տվեք վստահ լինելու, որ «Ժառանգության» պատգամավորները առաջվա պես ամենահաս կլինեն: