«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի բացառում, որ ապրիլի 8-ին ընդդիմությունը սկսի շուրջօրյա հանրահավաքների փուլը:
– Չե՞ք կարծում, որ հերթական ընտրությունների շեմին հայաստանյան ընդդիմադիր դաշտում ճգնաժամ է հասունանում, հանրահայտ առածի նման՝ սայլն ամեն մեկն իրեն է քաշում: Առանձին-առանձին բոլոր ուժերն էլ հասկանում եւ խոսում են միավորման մասին, սակայն շարունակում են հետեւողական ոչնչացնել մեկը մյուսին:
– Ես համամիտ չեմ այդ դիտարկման հետ, հատկապես՝ վերջին: Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, այսչափ համախմբված չի եղել: ՀԱԿ-ի ներսում 18 կուսակցություն կա, տարբեր տրամաչափի՝ իհարկե: Եթե ձեր չափանիշների մեջ նկատի ունեք «Ժառանգությանը», ես առիթ ունեցել եմ ասելու, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմպիչմենտ» դաշինքը՝ ի դեմս «Ժողովրդավարական հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության, ավելի քիչ հեղինակություն չուներ, բայց իշխանությունը «Ժառանգությանը» հնարավորություն տվեց հայտարարելու հաղթահարված 5 տոկոսի շեմը: Հիմա «Ժառանգությունը» պետք է հավասար ՀԱԿ-ի հետ ո՞տք գցի: Կամ՝ ՀՅԴ-ին ընդդիմությո՞ւն ենք հաշվում, երբ նրանց բոլոր որոշումները համաձայնեցվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Այնպես որ, հայաստանյան ընդդիմությունն այս պահին ամենահամախմբվածն է, հետեւաբար, ես չեմ կիսում այդ գնահատականները: Նաեւ՝ վերջին երեք հանրահավաքներին մենք տեսանք, թե հասարակությունն ինչպես արձագանքեց ընդդիմությանը: Այո, այլ հարց, որ ընդդիմությունն էլ պետք է քայլեր կատարի՝ բավարարելու համար հասարակության պահանջները: Բայց միշտ չէ, որ հասարակությունը պետք է ուղղորդի ընդդիմությանը: Հիմա այն պահն է, որ լիդերն է ուղղորդում հանրությանը. նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ինձ հավատացեք եւ այս պահին «հիման» թողեք: Ապրիլի 8-ի հանրահավաքը ցույց կտա, թե ինչքանո՞վ հասարակությունն ընկալեց ասվածը:
– Բայց վերջին հանրահավաքի նահանջողականությունը եւ իշխանական ճամբարից հնչած արձագանքները մեկնաբանությունների տեղիք տվեցին, որ ՀԱԿ-ն է իշխանության հետ պայմանավորված:
– ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահն եմ եւ 12-13 տարի պայքարել եմ այս ռեժիմի դեմ. դուք հավատո՞ւմ եք, որ ես ինչ-որ պահի գնամ համագործակցության այս ռեժիմի հետ: Իշխանությունն իր համար շատ նորմալ քարոզչություն արեց՝ ժողովրդին հրամցնելով, թե ՀԱԿ-ը համագործակցում է իշխանության հետ, որպեսզի հանրահավաքից հանրահավաք աճող ալիքը փոքրանա: Դա ընդդիմությանը խփելու իրենց հիմնական միջոցն է: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքները եւ համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գնա դրան: Նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի աշխարհագրական դիրքը, ԼՂՀ հարցը՝ նա «մեսիջներ» ուղարկում է իշխանությանը՝ գործընթացն անցնցում տանելու համար: Ես նորմալ եմ վերաբերվում եւ ընդունում եմ, որ իշխանությունը կարող է դրանք ընդունել եւ անցնցում, առանց պետությանն ու պետականությանը վնաս հասցնելու հանձնել իշխանությունը ժողովրդին: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ն ունենար մի «տաքգլուխ» լիդեր, էս վերջին հանրահավաքներից հետո իշխանությունն արդեն փոխված կլիներ, բայց մենք չենք ուզում այդ ճանապարհը:
– Դուք կեղծ ընդդիմություն համարեցիք ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»…
– «Ժառանգությանը» կեղծ ընդդիմություն չեմ համարել, իսկ ՀՅԴ-ն իշխանություն է, այդ ուժը ընդդիմության հետ որեւէ առնչություն չունի: Ուղղակի մտահոգիչ է, որ «Ժառանգության» վերջին քայլերը հիմնականում կարծես թե ուղղված են ՀԱԿ-ի դեմ. դա ինքնաբուխ են անում, թե ուղղորդում են՝ չեմ կարող ասել: Խոսքը բարեւ տալ-չտալու հետ կապված քարոզչությանն է վերաբերվում եւ Ազատության հրապարակը վերանվաճելուն: Միգուցե մանր բաներ են, բայց… «Ժառանգությանը» նորմալ եմ ընդունում, ընդդիմություն է, բայց այն հզորությունն ու ուժը չունի, որ կարողանա այս ռեժիմի, այս բանդայի դեմ քայլեր իրականացնել, եւ այսօր եթե «Ժառանգությունը» փորձում է Կոնգրեսի դեմ դուրս գալ, ստացվում է, որ աջակցում է իշխանությանը:
– Չե՞ք կարծում, որ Ազատության հրապարակ մտնելով, պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը սեղմելով, ապա նաեւ որոշ առումներով համատեղելով գործողություններն ու գործունեությունը՝ այսօր ավելի մեծ արդյունքներ կարելի էր ունենալ:
– Տեր-Պետրոսյանի պատասխանից ես հասկացա, որ դա իր համար քրիստոնեական սկզբունք է: Ես այցելել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ես իմ մոտեցումն ունեմ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ կերպ է մտածում: Ի՞նչ անենք: Մեղադրե՞նք: Բայց ասեմ, որ իշխանության քարոզչությունն այդ ամենին քաղաքական ուղղվածություն տվեց, որի ջրաղացին ջուր լցրեց «Ժառանգությունը», նույն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա չպիտի գնա այդ քայլին:
– Հիմա ՀԱԿ-ը հերթակա՞ն ընտրությունների է գնում, թե՞ արտահերթ:
– Ես քանիցս եմ ասել, որ եթե ՀԱԿ-ը հասնի հերթական ընտրության, ապա հավանականությունը մեծ է, որ նույն սցենարը, նույն նկարչությունը կկրկնվի: Հիմա ամեն ինչ պետք է արվի, որ ընտրությունները լինեն արտահերթ, եւ ներկայումս այդ հնարավորությունը կա: Վերջին երեք հանրահավաքները ցույց տվեցին, որ հասարակությունը կարծես հասունանում է: Եթե կարողացանք իրականացնել, ուրեմն փառք մեր ժողովրդին: Եթե՝ ոչ, ուրեմն պետք է գիտակցենք, որ հերթական ընտրություններում ժողովրդի շանսերը շատ փոքր կլինեն: 2008-ի փետրվարին 10 օր շուրջօրյա հանրահավաքներ էին՝ բուրգը քանդվում էր, դրա համար էլ կրակեցին: Հիմա՝ 10 օր էլ չեն դիմանա:
– Ինչո՞ւ եք կարծում, որ հիմա էլ չեն կրակի:
– Եթե սկսվեն շուրջօրյա հանրահավաքներ, եւ գործընթացներն այդ ուղղությամբ զարգանան՝ չեմ բացառում, բայց հիմա դա շատ ավելի քիչ հավանական եմ համարում: Ռոբերտ Քոչարյանը հոգեշեղվածի որակներ ունի, այդ առումով ես մի քիչ տարբերում եմ:
– Եթե ամսի 17-ին ընդդիմությունը դուրս չգար հրապարակից, չե՞ք կարծում, որ իշխանափոխությունը Հայաստանում արդեն կայացած փաստ էր:
– Չեմ բացառում, բայց արդեն ասացի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է գործընթացները հնարավորինս անցնցում տանել եւ հասկացնել այս բութ իշխանավորներին, թե ինչ հետեւանք կարող են ցնցումներն ունենալ եւ իրենց, եւ երկրի համար: Բացառված չէ, որ ապրիլի 8-ին էլ մտնենք Ազատության հրապարակ եւ այնտեղից դուրս գանք այլ իշխանությամբ: Այլընտրանք չկա, ժողովուրդն իշխանությունը, միեւնույն է, վերցնելու է: Սրանց հույսը, որ միջազգային հանրությունը, իրենց հետ շարունակվող խաղերի պարագայում, կարող է աչքերը փակել՝ այդ շրջանն էլ է անցել, որովհետեւ միջազգային հանրությունը չի կարող արաբական աշխարհի հանդեպ մի վերաբերմունք ունենալ, քրիստոնյա Հայաստանի հանդեպ՝ այլ: Իշխանության վիճակն այսօր իսկապես շատ նեղ է: