Համոզված է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը
– Ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ներկա փուլը:
– Այդ իրավիճակը բնորոշ է հարաբերական անդորրին: Պարզ է, որ առկա է լարվածությունը պետք է թոթափվի, իսկ դա հնարավոր է բացառապես քաղաքական երկխոսության միջոցով: Երկխոսությունը ցանկացած իրավիճակում տարբեր քաղաքական ուժերի միջեւ կարեւոր եւ անհրաժեշտ է, որովհետեւ Հայաստանը պետք է կարողանա, պահելով ժողովրդավարական մրցակցության հնարավորությունները, ի մի բերել այն բոլոր ռեսուրսները, որոնք ունի ժողովուրդը: Մյուս կողմից՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է կառուցում իր մոտեցումները: Այս տեսանկյունից հնարավոր է լինեն այնպիսի ոլորտներ, որոնց շուրջ համընկնեն տարբեր ճամբարներում գործող ուժերի դիրքորոշումները, օրինակ՝ ինտեգրացումը եվրոպական կառույցներին, հայ-ռուսական հարաբերությունները, ռազմաբազայի շուրջ պայմանագրի ժամկետների վերանայումը եւ թարմացումը: Սա հայաստանյան քաղաքական ուժերի մեջ ընդունելի էր, առկա էր համաձայնություն, կոնսենսուս՝ անկախ նրանից, թե որ ուժը որ ճամբարում է գործում:
Մենք պետք է հաշվի առնենք մի կարեւոր խնդիր, այն է՝ մեր երկրում հետեւողականորեն շարունակվում են բարեփոխումները: Եվ այս բարեփոխումները վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսություն, հարկային, մաքսային, ոստիկանություն, պաշտպանություն, հատկապես այն ոլորտներին, որոնք ամենաանմիջական առնչություն ունեն սոցիալական խնդիրներին եւ այլն: Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից իրականացվելու է ռեալ աջակցման քաղաքականություն, մասնավորապես՝ վարկերի սուբսիդավորումը, գյուղացիական տնտեսությունների վճարների պակասեցումը եւ այլ քայլեր: «Օրինաց երկիրը» իր ստեղծման օրվանից պայքարել է այս մոտեցման համար: Մեր առաջին իսկ նախընտրական ծրագրում ՕԵԿ կարգախոսն էր՝ «Քարից հաց քամողին պետական աջակցություն»: Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գրեթե բոլոր երկրների առաջ հառնեցին ծանրագույն մարտահրավերներ: Մեր երկիրը բացառություն չէր: Քաղաքական կոալիցիան, հայտարարելով բարեփոխումների մասին, գնում է առաջ, եւ, համոզված եմ, առաջիկայում այդ բարեփոխումների արդյունքները շատ ավելի նկատելի կլինեն, ինչը նույնպես կնպաստի լարվածության թուլացմանը:
– Տարին նախընտրական է, եւ դա զգացվում է ոչ միայն իշխանության բարեփոխումների ակտիվացման, այլեւ ընդդիմության գործողություններից: Ըստ Ձեզ, որքա՞ն կարող է քաղաքական իրավիճակը լարվել, եւ կուլմինացիան մինչեւ ո՞ւր կարող է հասնել, արդյոք նոր առճակատման վտանգ չե՞ք տեսնում:
– Նախ կցանկանայի շեշտել, որ բարեփոխումները պայմանավորված չեն նախընտրական տարով, այլ ունեն ՀՀ զարգացմանն ուղղված իրենց տրամաբանությունը: Միաժամանակ իհարկե, նախընտրական տարի է, եւ քաղաքական ուժերը նախապատրաստվում են համապետական ընտրությունների, փորձում են դիրքավորվել: Սա նորմալ է: Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա գիծը հստակ է, եւ հենց նույն կոալիցիոն հուշագիրը հուշեց, որ իրականացվող բարեփոխումները շարունակական են լինելու, երկարաժամկետ: Ես կարծում եմ՝ մեր երկրում, այո, առկա է մրցակցություն, սակայն՝ ոչ առճակատում: Իհարկե, կլինեն քաղաքական հայտարարություններ, հանրահավաքներ, քաղաքական գործողություններ, սա բնական է, երկիրը գնում է դեպի ընտրություններ, բայց չեմ կարծում՝ կլինի առճակատում: Մենք գտնում ենք՝ մրցակցությունը՝ մրցակցություն, սակայն երկրի կայունությունը պետք է պահպանվի: Մենք պետք է մտածենք առավել ակտիվ տնտեսական ռեֆորմներ իրականացնելու, կուտակված սոցիալական խնդիրների լուծման, զարգացման տեմպերի եւ բնույթի, եւ իհարկե՝ անվտանգության ապահովման մասին: Սա թե Արթուր Բաղդասարյանի եւ թե ՕԵԿ-ի դիրքորոշումն է:
– Հիմա կարծես շատերին է սկսել հուզել, թե ինչպես ընտրությունների կգնա իշխանական կոալիցիան՝ մեկ ընդհանուր ցուցակո՞վ, թե՞ կոալիցիայի անդամ ուժերը կգնան առանձին-առանձին:
– Դա ցույց կտա ժամանակը: Երկու տարբե րակներն էլ բացառել չի կարելի:
Այսօր կոալիցիայի ներսում այդպիսի քննարկում չկա, խնդիրը ավելի շատ քննարկվում է մամուլի միջոցների կողմից: ՕԵԿ-ը մշտապես իր ինքնուրույն տեղն է ունեցել, իր կշիռն ու դիրքն է ունեցել երկրի քաղաքական կյանքում, մենք մշտապես իրականացնում ենք քաղաքական-կազմակերպչական, գաղափարախոսական եւ տեղեկատվական աշխատանքներ՝ եւ կուսակցության ներսում, եւ հասարակության լայն շրջանակների մեջ: Մենք, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերը, պատրաստվում ենք ընտրություններին: Իսկ Ձեր նշած հարցը այդպես դեռ չի դրվել եւ չի քննարկվել ոչ կոալիցիայի ներսում եւ ոչ էլ ՕԵԿ-ի: