Մրցանակաբաշխությունն առանձնապես փոփոխությունների չէր ենթարկվել
2010 թվականի տարվա լավագույն երգչուհին Սոֆի Մխեյանն է, իսկ երգիչը՝ «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Սրանք Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010-ի արդյունքներն են, որոնք օրերս ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ ամփոփվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն իր ձեւաչափով այս տարի էլ չտարբերվեց նախորդներից: Անվանակարգերը նույնն էին, միայն ավելացել էին մի քանի հատուկ մրցանակներ: Օրինակ, հատուկ մրցանակ ստացան «Կոմիտաս. 21-րդ դար մուլտիմեդիա» ձայնասկավառակ-նախագծի հեղինակները, Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերա-նախագծի հեղինակները, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հատուկ մրցանակակիրների ցուցակը փակեց Արսեն Սաֆարյանը, ով այս տարի կնշի իր բեմական գործունեության 15-ամյակը: Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին արժանացավ Արամեն՝ «Աննա» հեռուստասերիալի սաունթրեկի՝ «Վայրի վարդեր» երգի համար: «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացավ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Ազգային երաժշտականի կազմակերպիչները շատ շռայլ էին այս տարի Սիրուշոյի նկատմամբ. «Տարվա լավագույն ձայնասկավառակը» եւ «Տարվա հիթը» Սիրուշոյի «Հավատում եմ» երգն ու համանուն ձայնասկավառակն էին: Սակայն երգչուհին բացակայում էր քաղաքից, իսկ նրա մրցանակները ստանում էր մայրը՝ Սյուզան Մարգարյանը: «Տարվա լավագույն երաժշտական նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ինգա եւ Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» նախագիծը, եւ այլն:
Հանրայինը ոչինչ չէր խնայել մրցանակաբաշխությունը ըստ պատշաճի ներկայացնելու համար: Նշենք, որ մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակվում էր Հանրայինի ուղիղ եթերում, սակայն ժամանակ առ ժամանակ «ներս ընկնող» գովազդները թույլ չէին տալիս հեռուստադիտողին ուղիղ եթերում հետեւել այն ամենին, ինչ տեղի էր ունենում բեմում: Չնայած Հանրայինի ջանքերին, այս տարի դահլիճում ներկա հանդիսատեսի շարքերում, բացի մրցանակ ստացող եւ հանձնողներից, ուրիշ մարդ գրեթե չկար, նստարանների մեծ մասը դատարկ էր:
Իրար հաջորդող համարներին, մրցանակներին ու կրկնվող շնորհակալություններին հետեւելը հոգնեցնող էր, սակայն ետնաբեմում այնպիսի աժիոտաժ էր, ասես մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում այնտեղ: Կուլիսներում իրար էին անցել սցենարի հեղինակները. մեկը մյուսի ետեւից փոփոխություններ էին մտցնում հանդիսավարների՝ Նազենի Հովհաննիսյանի եւ Խորեն Լեւոնյանի խոսքում, սակայն վերջիններիս կարծես դա «հեչ էլ» չէր հետաքրքրում՝ ինչ կփոխվի, ինչ՝ չէ: Խորենը զրուցում էր ընկերների հետ, անգամ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ միկրոֆոնները անսարք են բեմ դուրս գալիս, Նազենին էլ անդադար իր նոր զգեստներով լուսանկարվում էր պարային խմբերի երեխաների հետ: Հանդերձարանի մուտքի մոտ երկու «աժդահա» անվտանգության աշխատողներ էին կանգնած: Նրանք այնպիսի դեմքով էին ճանապարհում եւ ընդունում երգիչներին, որ անգամ վախենում էիր նրանց հարց տալ: Հանդերձարանի կողքի պատն էլ մրցանակաբաշխության պատասխանատուները նվիրել էին դիզայներ Արեւիկ Սիմոնյանին, ում անունը երեկոյի ընթացքում ամենաշատը հնչեց՝ շնորհակալությունների շարքում: Ըստ մեր տեղեկությունների, տարվա երաժշտական իրադարձության մասնակիցների մեծ մասը կրում էր նրա հագուստները: Պարզվում է, Արեւիկը բոլորին լավություն էր արել եւ նվիրել հագուստներ:
Ետնաբեմում, բացի Սոֆի Մխեյանից, բոլորը ազատ շփվում էին մամուլի հետ, սակայն նրա անձնական թիկնապահները չէին թողնում մոտենալ երգչուհուն: