Մինչ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն մուտք գործած երջանիկ մարզասերները վայելում էին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային մրցավեճի հաճույքը, ստադիոնի մատույցներում նախապես տոմս գնած ֆուտբոլասերների մի մեծ բանակ ներս մտնելու իր իրավունքի համար անհույս պայքարում էր իրավապահ մարմինների անհասկանալի կամայականությունների դեմ: Բնական էր, որ ստադիոնում անվտանգության ապահովման եւ անցանկալի միջադեպերը բացառելու նկատառումներով խստացված միջոցառումներ էին իրականացվել: Բայց ոչ մի ոստիկան ձեռքին տոմս ունեցող ֆուտբոլասերների առջեւ ստադիոնի դարպասները փակելու իրավունք չուներ՝ «արդեն տեղ չկա», «ուշացել եք» կամ «մեզ այդպես են հրահանգել» բացատրություններով: Իսկական երկրպագուներին (նշանակություն չունի՝ հայ, թե ռուս) իրենց սիրելի թիմին աջակցելու հնարավորությունից ապօրինաբար զրկելու փոխարեն, լավ կլիներ, որ կարգուկանոնի պահապանները մի քիչ էլ զբաղվեին մոտակայքում հանդիպման տոմսերը բացեիբաց վերավաճառողներով:
Խաղի հաջորդ իսկ օրը բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ այնպիսիք, ովքեր անգամ VIP տոմսեր էին գնել, բողոքում, իրենց զայրույթն էին արտահայտում այդ կամայականությունների դեմ: Իսկ «Ֆուտբոլասերների համառուսաստանյան ընկերության» նախագահ Ալեքսանդր Շպրիգինն արդեն ռուսական լրատվամիջոցներում հասցրել է դժգոհել Հայաստանի իրավապահ մարմինների վրդովեցուցիչ պահվածքից: Նրա տվյալներով, Ռուսաստանի հավաքականին աջակցելու համար Երեւան ժամանած մոտ հարյուր ֆուտբոլասեր չի կարողացել մուտք գործել ստադիոն եւ հանդիպումն այդպես էլ չի տեսել: «Ոչ մի տեղ գրված չէ, թե հանդիպման սկզբից ուշացած մարդկանց կարելի է ներս չթողնել: Դա ֆուտբոլասերների իրավունքի ոտնահարում է: Իրավիճակը հիշեցնում է 2007-ին Խորվաթիայում ստեղծվածը: Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն դրան արձագանքեց բողոքի նոտայով: Հասկանալի է, որ անգամ գումարը վերադարձնելը չի սփոփի մեր ֆուտբոլասերներին»,- հայտարարել է ՖՀԸ նախագահը: