Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ-ՈՔԻ՝ ՀՕԳՈՒՏ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Մարտ 29,2011 00:00

Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ, որը տեսած չլինի ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների խաղը:

\"\"

Լարված ու դիտարժան մրցապայքարում գրանցված ոչ-ոքին (0:0), չնայած խաղադաշտում հյուրերի որոշակի տարածքային առավելությանը, հանդիպման տրամաբանական արդյունքն էր, որից գոհ են մեր մարզիչներն ու ֆուտբոլասերները, իսկ ահա ռուսները՝ ոչ այնքան: Որ Ռուսաստանի ազգային հավաքականը կարգով բարձր է, հայտնի է բոլորին: Այն մեծամասամբ համալրված է եվրոպական գրանդ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով, որոնք եղանակ են ստեղծում իրենց թիմերում, լուրջ խնդիրներ առաջադրում մրցակիցներին: Բայց քանի որ երեւանյան հանդիպումը մրցաշրջան 2011-ի մեկնարկային հանդիպումն էր ազգային հավաքականների մակարդակով, ռուսների գործողություններում թիմային խաղն այնքան էլ չէր ստացվում, թեեւ յուրաքանչյուրը պայքարում էր ուժերի լրիվ ներդրումով:
Մի փոքր ավելի բարդ էր մեր ընտրանու խնդիրը. մրցաշրջանը Հայաստանում նոր է սկսվել, ու ֆուտբոլիստները դեռ մարզավիճակ ձեռք բերելու ճանապարհի սկզբին են: Հանդիպումից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մշտապես ընդգծում էր, որ տղաները հոգեբանորեն պատրաստ են պայքարին, որ իրենց գլխավոր խնդիրը տղաների ֆունկցիոնալ պատրաստվածությունն ընձեռված կարճ ժամանակահատվածում հնարավորին չափ բարձրացնելն է: Ու ի պատիվ թե մարզիչների եւ թե ֆուտբոլիստների, դա հաջողվել էր առավելագույն չափով: Ի դեպ, նույն խնդրի առաջ էին կանգնած նաեւ հյուրերի մարզիչները:
Մեր տեսանկյունից ֆունկցիոնալ պատրաստվածություն ասածն ավելի շատ վերաբերում է ներքին առաջնություններին, որտեղ խաղում են ակումբները: Իսկ ազգային հավաքականներում հանդես են գալիս տվյալ պահին եղած լավագույնները, որոնք խաղընկերներին գերազանցում են բոլոր առումներով, այդ թվում նաեւ՝ ֆունկցիոնալ պատրաստվածության աստիճանով: Հետեւաբար, այս մակարդակում պայքարը ոչ միայն եւ ոչ այնքան ֆուտբոլիստների մեջ էր, որքան մարզիչների՝ եղած հումքից ճիշտ ընտրություն կատարելու, ուժերը ճիշտ դասավորելու, ճիշտ տակտիկա ու ռազմավարություն ընտրելու եւ, որ չափազանց կարեւոր է, ֆուտբոլիստներին հոգեբանորեն պայքարին տրամադրել կարողանալու: Եվ այս առումներով Դիկ Ադվոկատ-Վարդան Մինասյան մրցակցությունում, անկասկած, հաղթեց հայ մասնագետը: Իսկ որ դա, իրոք, այդպես է, ամբողջ խաղի ընթացքում պարզորոշ երեւաց նրանց պահվածքից: Մեր գլխավոր մարզիչը, որ անկասկած բոլորիցս էլ շատ էր հուզվում, խաղի գրեթե ամբողջ ընթացքում զուսպ էր: Նրա արտաքին հանգստությունը հուշում էր, որ խաղադաշտում ծավալվող իրադարձությունները հիմնականում ընթանում են իր նախանշած սցենարով: Իսկ որ նա երբեմն մոտենում էր խաղադաշտին ու նոր հանձնարարություններ տալիս իր սաներին, առանց դրա աշխարհի երեսին ոչ մի հանդիպում չի լինում: Հակառակ Մինասյանի, Ադվոկատը հանդիպման մեծ մասն անցկացրեց ոտքի վրա, դաշտին մոտ՝ անընդհատ ձեռքերի անկանոն շարժումներով «միջամտելով» խաղի ընթացքին: Պարզորոշ զգացվում էր, որ նա մտահոգվելու եւ հանպատրաստից իր թիմի գործողություններում վերասրբագրումներ կատարելու անհրաժեշտություն ունի: Ու այդպես էլ կար: Ինչպե՞ս չմտահոգվեր, երբ կարգով մեկ աստիճան բարձր իր կոլեկտիվը, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 52 կետով գերազանցում է 65-րդ տեղում ընթացող Հայաստանի ընտրանուն եւ աշխարհում 13-րդ հավաքականն է, ոչ միայն չի կարողանում հաղթել, այլեւ մի անգամ հրաշքով փրկվեց պարտությունից: Եվ պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներում թե մասնագետները, թե լրագրողները եւ թե ֆուտբոլասերներն արդեն լրջորեն բարձրացնում են ազգային հավաքականում Դիկ Ադվոկատի ծառայություններից հրաժարվելու հարցը: Մանավանդ որ, մրցաշարային աղյուսակում Ռուսաստանը զիջեց միանձնյա առաջատարի դիրքը: Բերենք մի քանի օրինակ:
Սերգեյ Կիրյակով, Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող. «Անկեղծ ասած, մեր թիմի խաղն ինձ չբավարարեց եւ ես հիասթափության զգացում ունեմ… Իսկ հանգամանքների որոշակի զարգացման պարագայում մենք կարող էինք նաեւ պարտվել, ինչն աղետ կլիներ: Այնպես որ, ոչ-ոքին այնքան էլ վատ արդյունք չէ»:
Վիկտոր Պոնեդելնիկ, ԽՍՀՄ հավաքականի կազմում Եվրոպայի 1960թ. չեմպիոն. «Թող Պիտերի ֆուտբոլասերներն ինձնից չնեղանան, բայց ինձ անհանգստացնում է Ադվոկատի պահվածքը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ նա ավելի շուտ փոփոխություններ չկատարեց… Նա իրեն պահում է այնպես, ասես ցար Իվան Ահեղը լինի: Այդպես չի կարելի: Հավաքականի հետ նա դեռ ոչինչ չի շահել: Եթե լրագրողները նրան ստիպեն դրա մասին մտածել, գործին օգուտ կբերի»:
Անդրեյ Կոբելեւ, Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ. «Խաղն ինձ ոչնչով չզարմացրեց: Հանդիպմանը թերի նախապատրաստված լինելն այստեղ որեւէ կապ չունի. բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ վաղուց են հանդես գալիս հավաքականում: Չգիտես ինչու, ամբողջ խաղը կառուցված էր առանձին ֆուտբոլիստների անհատական գործողությունների վրա: Հայաստանն ամենաթույլ թիմը չէ, բայց, միեւնույն է, պարտավոր էինք հաղթել: Մեր հավաքականի բարձր կարգի մասին բոլոր խոսակցությունները ուտոպիական ու երեւակայության արդյունք են: Եվ Ռուսաստանի այս խաղը դրա եւս մի ապացույցն է»:
Նույն օրը «B» խմբում Անդորրան 0:1 հաշվով զիջեց Սլովակիային, իսկ Իռլանդիան սեփական հարկի տակ համառ պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի նկատմամբ: Հինգերորդ տուրից հետո մեր խմբում հավաքականների էական վերադասավորում կատարվեց:
Սլովակիա 5 3 1 1 5-4 10
Ռուսաստան 5 3 1 1 6-3 10
Իռլանդիա 5 3 1 1 9-6 10
Հայաստան 5 2 2 1 9-4 8
Մակեդոնիա 5 1 1 3 5-6 4
Անդորրա 5 0 0 5 1-12 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել