Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպեղանին» հովանավոր ունի

Մարտ 29,2011 00:00

Հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կհովանավորի «Սպեղանի» երգչախմբի 2011թ. համերգաշրջանը, որը երեկ մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգաշրջանը կընդգրկի նաեւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որտեղ կհնչեն հայ եկեղեցական ազգային մշակութային մեծագույն գործիչներ Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի, Հովհաննես Մանդակունու, Խոսրով Անձեւացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու շարականները, Բարսեղ Կանաչյանի եւ Կոմիտասի հիանալի խմբերգերը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունն ընդգրկում է երկրի զարգացման համար ամենակարեւոր ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, երեխաներ եւ, իհարկե, մշակույթ: Մշակույթը յուրաքանչյուր երկրի այցեքարտն է աշխարհում: «Սպեղանի» երգչախմբի կատարումները մեզ հպարտության զգացում են պարգեւում, եւ մեր պարտականությունն է հնարավորություն տալ նրանց՝ շարունակել ներկայացնել Հայաստանի ուրույն մշակութային ժառանգությունն աշխարհին»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում: 2011-ին լրանում է երգչախմբի գործունեության 15-ամյակը: Այն ստեղծվել է 1996 թ.՝ ի հիշատակ արցախյան ազատամարտի զոհերի: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ խմբավարն է Սարինա Ավթանդիլյանը: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների եւ խմբերգային մշակույթի արտասահմանյան հեղինակավոր գործիչների կողմից: «Սպեղանի» երգչախումբը Խմբերգային երաժշտության միջազգային ֆեդերացիայի անդամ է: 2010թ. օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային խմբերգային հեղինակավոր մրցույթում աշխարհի տարբեր երկրներից այնտեղ ժամանած բազմաթիվ երգչախմբերի շարքում «Սպեղանին» նվաճեց 3 կարեւոր դափնիները՝ առաջին մրցանակի արժանանալով «Հոգեւոր երաժշտություն», «Ազգային երաժշտություն» անվանակարգերում, իսկ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում արժանացավ ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակին: Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից երեք մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել