Լրահոս
Օրվա լրահոսը

Քասիմի «Կրակին մէջէն» վեպը՝ առանձին հատորով

Մարտ 29,2011 00:00

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի առաջին խմբագրի գիրքն արդեն երեւանյան գրախանութներում է

«Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ առաջին խմբագիր, արեւմտահայ վիպագրության անվանի դեմքերից մեկի՝ Միսաք Գօչունեանի (Քասիմ) «Կրակին մէջէն» վեպը: Այն երկու հայ ընտանիքների պատմությունն է՝ Բանկ Օտոմանի գրավման, համիդյան բռնության տարիների արհավիրքների, անիրավ հալածանքների ու բանտարկությունների ֆոնի վրա: «Կրակին մէջէն» գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, վեպն առաջին անգամ է տպագրվում հատորով:
«Կրակին մէջէնը» Պանք Օթոմանի գրաւումին ու 1896-ի պոլսահայութեան կոտորածին վերաբերեալ գրւած գեղարուեստական առաջին երկն է: Իրեն հետեւած են Սմբատ Բիւրատի ստուարածաւալ «Իննսունվեցը» (Պոլիս, 1911), Մալխասի «Զարթօնքին» հինգերորդ յաւելւածական հատորն (Բ. հրատարակութիւն, Թեհրան, 1986), ու դեռ վերջերս հրատարակուած Ալեքսանդր Թոփչեանի «Պանք Օթոմանը» (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 2009)»,- ասված է վեպի առաջաբանում ու նաեւ նշված, որ այս գրքի հրատարակումով ի կատար է ածվել գրականագետ Գրիգոր Հակոբյանի կտակը, ով խիստ փափագում էր առանձին հատորով տեսնել Գօչունեանի վեպը: «Կրակին մէջէնը» հրաշալի ներկայացնում է ժամանակը, հայազգի վաճառականների նիստուկացը, ազգասիրական զեղումներն ու թուլությունները, հեղափոխականների խրոխտությունն ու մատնիչների ստորությունը:
Ոսկերիչ Գաբրիէլ աղա Բարիսեանի, ժամագործ Միհրդատ Արեւեանի, հեղափոխական Գնունու կերպարները շատ համոզիչ են ու կենդանի: Վեպն էլ կարդացվում է մեկ շնչով: Ինչ վերաբերում է Գաբրիէլ աղայի գեղեցկուհի դուստր Նարդիկին, ի դեմս նրա, Միսաք Գօչունեանը ցանկանում է փաստել, որ հայ ոսկերչի զավակն էլ իր նրբաոճ վարվելաձեւով, բարեկրթությամբ ու արիստոկրատ կերպարով կարող է հիացնել, օրինակ, Անգլիայի դեսպանուհուն:
«Ամէն տեղ սակայն ոչխարային համակերպութեամբ անզէն անզրահ չէին սպաննուեր, նոյնիսկ Խասագիւղի մեջ գտնուեցան արիասիրտ դիւցազուններ, որ հազարի դէմ յաջողեցան կռուիլ…»,- գրում է հեղինակը՝ կոտրելով կարծրատիպը, թե հայերը Թուրքիայում համակերպված են եղել հլու-հնազանդ կոտորվելու մտքին:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթի ներկայիս խմբագիր Արա Գօչունեանը Միսաք Գօչունեանի (1863-1913) ծոռն է: 2008թ. հոկտեմբերի 28-ին լրացել է «Ժամանակի» հիմնադրման 100-ամյակը: Արդեն մեկ դար է՝ սփյուռքի ամենահին, առանց ընդհատումների տպագրվող պարբերականն անդրադառնում է Թուրքիայի, Հայաստանի, աշխարհի անցուդարձերին:
Գօչունեան գերդաստանը 4 սերունդ է՝ Ստամբուլում է, ավելի վաղ եղել են Սեբաստիայում, Կյուրին քաղաքում եւ բավականին հին տոհմ են, հայտնի են իբրեւ Կյուրինի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման նախաձեռնողներ: Միսաք Գօչունեանը եղել է պատգամավոր, նրան գիտեն նաեւ որպես Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի առաջին աշխարհաբար թարգմանող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել