Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը՝ գրական-երաժշտական կոմպոզիցիայի տեսքով
Չայկովսկու «Ընկուզկոտրուկը» («Շչելկունչիկ») բալետը համաշխարհային հռչակ վայելող այն ստեղծագործություններից է, որ դարձել է բոլոր ժամանակների մանուկների սիրելին: Իբրեւ խորհրդանիշ, ամեն տարի Սուրբ Ծննդյան տոներին այն ներկայացվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող այլ երկրների թատրոններում: Ֆրանսիացի հռչակավոր բալետմայստեր Մարիուս Պետիպան է եղել բալետի ստեղծման ոգեշնչողը, ում լիբրետոյի հիման վրա էլ Չայկովսկին երաժշտական ոճավորում է հաղորդել Հոֆմանի հանրահայտ հեքիաթին: Եկող տարի լրանում է բալետի առաջին բեմադրության 120 տարին: Վերջերս Չայկովսկու այս ստեղծագործությունը հայ երաժշտասերին ներկայացնելու հրաշալի փորձ կատարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելով բալետի երաժշտության ամբողջական կատարումով գրական-երաժշտական կոմպոզիցիա: Տեղեկացնենք, որ մանկական բալետային գրականությունից մեր Ազգային օպերային թատրոնում 1980-ականներին խաղացանկում եղել են Տ. Մանսուրյանի «Ձյունե թագուհին» եւ Կ. Խաչատրյանի «Չիպոլինոն», իսկ ավելի վաղ՝ «Ընկուզկոտրուկը»: Ընդ որում, ներկայացումներում ընդգրկված են եղել նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաները:
Գունեղ, բազմազան, բեմական որոշակի զուգորդումներով մատուցվող տեքստով եւ լուսային ձեւավորումներով հնչեց բալետի ռոմանտիկական երաժշտության ողջ հարստությունը: Որքան էլ այս երկը գրված է երեխաների համար, այնուամենայնիվ, հանդիսատեսը հմայված հետեւում էր էկրանին, որը տոնածառի խաղալիք- գնդի տեսք ուներ, այն իսկապես ստեղծում էր հեքիաթային տպավորություն ու տրամադրություն՝ համահունչ երաժշտական «տեքստին»: Էդ. Թոփչյանի մեկնաբանությամբ էլ այստեղ չարի ու բարու մրցակցությունն էր, որն ավարտվում էր բարու հաղթանակով:
Համերգային կատարմանը մասնակցում էր «Սպեղանի» մանկական երգչախումբը (ղեկավար՝ Մարինա Ավթանդիլյան), որը տեղավորված լինելով օթյակում, ողջ դահլիճը վերածում էր երաժշտական «երգեհոնիկի»: Նկարիչ եւ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի կատարած աշխատանքը, տեքստ ընթերցող Աննա Միքայելյանի հեքիաթասացությունը ամբողջապես ձուլվել էր հնչող բարձրարվեստ երաժշտությանը՝ կատարումը վերածելով տոնի: Ողջունելին բեմում ու դահլիճում ստեղծված մանկության պատրանքն էր, ինչը նվաճել էր մանուկների հոգիները: Այս կատարումը փարատեց նաեւ այն կասկածը, թե մեր ունկնդիրը հեռացել է դասական երաժշտությունից: Այդ երեկո լեփ-լեցուն էր «Արամ Խաչատրյան» համերգասրահը եւ եթե կատարումը սրտամոտ է ու պրոֆեսիոնալ, ապա միշտ էլ հանդիսատես կգտնվի: Պետք է այնպես անել, որ նման երեւույթները շատ գովազդվեն եւ հասանելի դառնան լայն հասարակությանը:
Հ. Գ. «Շչելկունչիկը» վերջին շրջանում թարգմանվել է «Ընկուզկոտրուկ»՝ Լեզվի պետական տեսչության կողմից եւ առաջարկվել գործածության: