Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը Արգենտինայից պատասխան է պահանջում

Մարտ 29,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, Իսրայելը Արգենտինայից պահանջել է պարզաբանումներ տալ այն հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց, Բուենոս-Այրեսը, իբր, պատրաստ է պատասխանել Իրանի հետ առեւտրական հարաբերությունների բարելավմանը՝ դադարեցնելով մայրաքաղաքում եվրոպական մշակութային կենտրոնի ու Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետաքննությունը: Իսրայելի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե շրջանառվող հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա կարող է «անվերջ ցինիզմի եւ զոհերի հիշատակը անարգելու» օրինակ լինել:
Հիշեցնենք, որ 1994թ. հուլիսի 18-ին Բուենոս-Այրեսի հրեական համայնքի շենքի առջեւ մեքենա էր պայթեցվել, որի արդյունքում 85 մարդ էր զոհվել: Դրանից երկու տարի առաջ Արգենտինայի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան պայթյունի արդյունքում զոհվել էր 29 մարդ:
Արգենտինան, Իսրայելն ու ԱՄՆ-ն ենթադրում են, որ այդ ակցիաների թիկունքում կանգնած է եղել Իրանը: Թեհրանը, սակայն, հերքել է իր առնչություններն այդ պայթյուններին:
Իրանի եւ Արգենտինայի միջեւ գործարքի հնարավորության մասին տեղեկությունները արգենտինական մամուլում հրապարակվել էին շաբաթ օրը: Perfil-ի տվյալներով, Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը նման գործարք կնքելու առաջարկը փոխանցել էր իր՝ Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասսադի միջոցով: Կիրակի օրը Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ եթե պարզվի, թե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, չեղյալ կհայտարարվի հաջորդ շաբաթ նախատեսված Թիմերմանի այցը Իսրայել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել