Բրիտանացի անարխիստները մտադիր են փչացնել արքայազն Ուիլյամի եւ նրա հարսնացուի՝ Քեյթ Միդդլտոնի՝ ապրիլի 29-ին նշանակված հարսանիքը: Սքոթլանդ-Յարդի ոստիկանությունը արագ կերպով փորձում է ի հայտ բերել շաբաթ օրը Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների մասնակից ծայրահեղականներին, բայց դա դժվար կլինի անել՝ նկատի ունենալով, որ նրանք դիմակավորված էին փողոց դուրս եկել:
Մեծ Բրիտանիայում իշխանությունների կողմից վարվող քաղաքականության՝ պետական ծախսերի կրճատման դեմ բողոքի ցույցերին մասնակցած 149 հոգուն, որոնք մասնակցել են անկարգություններին, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե ընդհանուր առմամբ ձերբակալվել է Լոնդոնում տեղի ունեցած անկարգություններին մասնակցած 201 մարդ: Բողոքի ակցիային Մեծ Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի տվյալներով, մասնակցել է 250-500 հազար մարդ: Ակցիայի կազմակերպիչները նախապես հայտարարել էին, որ դրանք խաղաղ բնույթ են ունենալու, եւ իսկապես հազարավոր մարդիկ, որոնք փողոց էին դուրս եկել իրենց բողոքը հայտնելու կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, որեւէ ագրեսիա չէին դրսեւորել: Սակայն երթից քիչ առաջ ամբոխի մեջ հայտնվել էին առանձին եւ դիմակավորված երիտասարդներ, որոնք էլ, ըստ ոստիկանության, անկարգություններ էին հրահրել՝ ջարդուփշուր էին արվել խանութների եւ Լոնդոնի կենտրոնում գործող բանկերից մեկի ցուցափեղկերը: Ի պատասխան ոստիկանների՝ օրինախախտներին զսպելու գործողություններին, դիմակավոր անձինք վերջիններիս հետ ծեծկռտուք էին սարքել: Հաղորդվում է, որ բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել եւ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Բողոքի ակցիային հետեւել է ընդհանուր առմամբ 4,5 հազար ոստիկան եւ մոտ 1000 կամավորական, որոնք ներկայացրել են արհմիություններն ու հանդես են եկել որպես ակցիայի կազմակերպիչներ: Վերջիններս պնդում են, որ ձերբակալվածները որեւէ կապ չունեն ակցիայի կազմակերպիչների հետ:
Բողոքի ակցիային մասնակցելու համար, ըստ աղբյուրի, Լոնդոն էին ժամանել երկրի տարբեր հատվածների հազարավոր բնակիչներ:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ներկայացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետական ծախսերի կրճատման ամենամասշտաբային ծրագիրը, որն իր ազդեցությունն էր ունենալու բոլոր ոլորտների վրա եւ հանգեցնելու էր չորս տարվա ընթացքում բյուջետային գրեթե 500 հազար աշխատողների կրճատմանը: Պետական ծախսերի ամենամեծ կրճատումները բաժին են ընկել սոցիալական պաշտպանության ոլորտին: Կառավարությունը հույս ունի նպաստների եւ սոցիալական օգնության համար նախատեսված այլ ֆինանսական հատկացումների կրճատման հաշվին տարեկան տնտեսել շուրջ 7 մլրդ ֆունտ ստերլինգ: Կառավարության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ բողոքի ակցիաները որեւէ կերպ չեն ազդի կառավարության ծրագրերի վրա եւ դրանք բոլոր դեպքերում կիրականացվեն: