Հարցազրույց՝ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտահետազոտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ:
– Զանազան շրջանակներում հաճախ է քննարկվում այլմոլորակային կյանքի գոյությունը, այն պնդմամբ, թե չի կարող պատահել, որ ահռելի տիեզերքում միայն մենք լինենք: Հետաքրքիր է, հայ մասնագետները երբեւէ «բախվե՞լ» են այլմոլորակայինների գոյության, «ներկայության» որեւէ դրսեւորման հետ:
– Դեռեւս իտալացի գիտնական Ջորդանո Բրունոն է գրել, որ «Գոյություն ունեն անթիվ արեգակներ, եւ անթիվ երկրագնդեր են պտտվում նրանց շուրջ, ինչպես մեր մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջ: Եվ այդ մոլորակները բնակեցված են կենդանի էակներով»: Ներկայումս էլ գիտնականների մեծ մասը կարծում է, որ մեր քաղաքակրթությունը միակը չէ տիեզերքում, չնայած կան նաեւ սկեպտիկներ: Իսկ նման թերահավատությունն էլ առաջացել է այն պատճառով, որ առ այսօր դեռեւս ոչ մի այլ քաղաքակրթություն կամ գոնե որեւէ նշույլ, որ կա այդպիսին, չի հայտնաբերվել: Գոյություն ունի Դրեյքի բանաձեւ, որով հաշվում են այլմոլորակայինների գոյության հավանականությունը մեր գալակտիկայում (նմանապես եւ ամբողջ տիեզերքում). այն մի քանի հավանականությունների արտադրյալ է՝ գալակտիկայում տարեկան քանի աստղ է առաջանում, դրանցից քանիսն ունեն մոլորակներ, դրանցից որ մասի վրա կարող է կյանք գոյանալ, որ մասի վրա է իրականանում այդ հնարավորությունը, կենդանի էակների քաղաքակիրթ մակարդակի հավանականությունը եւ այն տեւողությունը, որի ընթացքում իրականանում է քաղաքակիրթ հասարակություն: Այսօրվա հաշվարկներով տիեզերքում կա առնվազն 40 միլիարդ գալակտիկա, որոնցից յուրաքանչյուրում կա մի քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիարդ աստղ եւ հնարավոր է, յուրաքանչյուր աստղ իր շուրջն ունի մոլորակներ: Սակայն դրանցից շատ քչերի վրա է կյանք իրականանում, ինչպես արդեն պարզվել է Արեգակնային համակարգի դեպքում: Այստեղ կա նաեւ զավեշտալի կողմ, օրինակ՝ շատ հաճախ այլմոլորակայինների գոյության հավանականությունը գնահատելու համար գիտնականներն, ի վերջո, քվեարկում են, քանի որ Դրեյքի բանաձեւի անդամների մեծ մասի արժեքները հայտնի չեն, եւ միայն կարելի է ենթադրել նրանց մեծության վերաբերյալ: Փաստ է, որ hայ (եւ ոչ միայն հայ) աստղագետները, որոնք ամենաշատն են նայում երկնքին, երբեւէ չեն բախվել կամ առնչվել այլմոլորակայիններին, եւ, չգիտես ինչու, միայն ոչ պրոֆեսիոնալներն են անընդհատ նրանց տեսնում: Մասամբ դա չիմացության արդյունքն է, օրինակ՝ բնական կամ տեխնիկական երեւույթները շփոթում են այլմոլորակայինների տիեզերանավերի հետ: Դեպքեր են եղել, երբ այդպես են ընկալվել մոլորակները, Լուսինը, գնդաձեւ կայծակը, արագաշարժ ռազմական օդանավերը կամ նույնիսկ գիշերային քաղաքի վրայով անցնող թռչունների երամը:
– Ի՞նչ կարծիքի եք SETI (Search for Extraterrestrial Intelligence) նախագծի եւ ՉԹՕ-ների մասին:
– SETI-ն արտերկրային քաղաքակրթությունների որոնման միջազգային լուրջ ծրագիր է, իսկ ՉԹՕ-ները անհասկանալի երեւույթներ են, որոնք դիտվում են տարբեր մարդկանց կողմից եւ, ըստ էության, կարող են եւ ոչ մի կապ չունենալ այլմոլորակայինների հետ: ԱՄՆ-ում ստեղծված է ուֆոլոգայի (ՉԹՕ-բանության, UFO – Unrecognized Flying Objects) ինստիտուտ, որտեղ հավաքվում են բոլոր «փաստերը», ավելի ճիշտ՝ հաղորդագրությունները, թե ՉԹՕ են տեսել: Հավաքվել է 1 միլիոնից ավելի «փաստ»: Ինչպես եւ սպասվում էր, հավաքված տեղեկությունների մեծ մասի դեպքում խոսքը եղել է հայտնի երեւույթի մասին՝ կամ բնական, կամ էլ տեխնածին, այսինքն՝ որեւէ օդանավ կամ տիեզերանավ նմանեցրել են այլմոլորակայինների նավերի: Ես ավելի շատ կուզեի խոսել SETI (Search for Extra-Terrestrial Intelligence) կամ CETI (Communication with Extra-Terrestrial Intelligence) ծրագրերի մասին, ինչը շատ լուրջ է: Դա նույնիսկ մեկ գիտության խնդիր չէ. սա մի ոլորտ է, որին առնչվում են գիտության եւ այլ շատ ճյուղեր. փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստղագիտությունը, ռադիոֆիզիկան, հավանականությունների տեսությունը, քիմիան, կենսաբանությունը, պատմությունը, հնագիտությունը, լեզվաբանությունը եւ այլն, նույնիսկ դիվանագիտությունը: Նախ եւ առաջ փիլիսոփայական հարց է՝ արդյո՞ք մենք միակն ենք տիեզերքում, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այն անմիջապես առնչվում է նաեւ կրոնական պատկերացումների (անտրոպոցենտրիզմի կամ մարդակենտրոնության) հետ: Քիմիան եւ կենսաբանությունը զբաղվում են հնարավոր այլ օրգանական նյութերի եւ կյանքի այլընտրանքային ձեւերի գոյության ուսումնասիրմամբ: Վերջերս ավելի հաճախակի օգտագործվում է նաեւ աստղակենսաբանություն տերմինը: Կյանքը շատ բազմազան ձեւերով կարող է հանդես գալ. բոլորովին պարտադիր չէ, որ այլմոլորակայինները մեզ նման լինեն: Պատմաբանների եւ հնագետների հետ համագործակցությունն ուղղված է Երկրի վրա այլմոլորակայինների հնագույն այցելությունների հետքերի հայտնաբերմանը, ինչպես նաեւ տարբեր պատմական աղբյուրներում հնարավոր անհասկանալի երեւույթների բացահայտմանը եւ պարզաբանմանը: Սա ինքնին մի մեծ բնագավառ է, որ կոչվում է պալեովիզիտ (հնայց), ենթադրելով, որ արտերկրային քաղաքակրթությունները հնում այցելել են Երկիր եւ այստեղ իրենց հետքերն են թողել: Օրինակ, բացի եգիպտական բուրգերի քարերի տեղափոխման առեղծվածից, կա նաեւ նրանց ճշգրիտ կողմնորոշման խնդիրը (1 աղեղնային րոպե ճշտությամբ), ինչը մինչ այժմ մնում է հանելուկ, քանի որ այն ժամանակ այդ ճշտության անկյունաչափական սարքեր պարզապես չկային: Արդյո՞ք եգիպտացիներին ինչ-որ մեկն օգնել է: Հանելուկներ են քարանձավներում հայտնաբերված տիեզերագնացներ հիշեցնող պատկերները, Պերուի Նասկա անապատի մեծածավալ նկարները, որոնք միայն օդանավի բարձրությունից են ընկալվում եւ հիշեցնում են հսկա տիեզերակայան, Հնդկաստանում գտնված մաքուր երկաթի 4000-ամյա ձուլակտորը (այդպիսի մաքրման տեխնիկան մատչելի դարձավ միայն 20-րդ դարում) եւ այլն: Լեզվական խնդիր է հանդիսանում փորձել հասկանալ, թե ինչպես կարելի կլինի հաղորդակցվել այլ քաղաքակրթությունների հետ, որոնց լեզվի զարգացումը մեծ հավանականությամբ այլ կերպ է տեղի ունեցել, քան երկրային մարդու մոտ: Կարեւոր հարց է՝ հայտնաբերված քաղաքակրթությունը մեզանից ավելի զարգացա՞ծ կլինի, թե՝ ոչ: Հայտնի է, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ նախագահ Նիքսոնը եւ խորհրդային առաջնորդ Բրեժնեւը քննարկել են այլմոլորակայինների հնարավոր այցելության դեպքում համատեղ գործելու տարբերակները, ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում:
Դեռեւս 1960թ.-ից ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում սկսվեցին տիեզերքի ռադիոլսումները. խոշորագույն ռադիոդիտակներն ուղղվեցին մի շարք մոտակա աստղերի՝ նրանցից ակնկալելով արհեստական բնույթի ազդանշաններ որսալ: Սպասելիքները կարծես արդարացան 1968-ին, երբ անգլիացի Էնթոնի Հյուիշի (ով հետագայում Նոբելյան մրցանակ ստացավ) գլխավորած թիմը որոշ աստղերից գրանցեց խիստ պարբերական կարճատեւ իմպուլսներ: Ինտրիգն այնքան մեծ էր, որ այդ հայտնագործությունը մի քանի ամիս գաղտնի էր պահվում, մինչեւ պարզվեց, որ դրանք չափազանց մեծ խտության, բայց փոքր չափերի աստղեր են, որոնք իմպուլսներ են ճառագայթում սեփական առանցքի շուրջ պտտման պարբերությամբ: 1980-ականներից որոնման մարտավարությունը փոխվեց եւ սկսվեցին սպեկտրադիտական եղանակներով մոտակա աստղերի ուսումնասիրությունները: 1995թ. շվեյցարացի գիտնական Միշել Մայորը (ով վերջերս իր գիտական խմբի հետ արժանացավ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակին) հայտնաբերեց առաջին արտարեգակնային մոլորակը, որից հետո սկսվեցին լայնածավալ որոնումներ: Այդ ծրագրին մասնակցում են բազմաթիվ երկրներ եւ խոշորագույն՝ 8-10 մետրանոց աստղադիտակները, ինչպես նաեւ Հաբլի եւ այլ տիեզերական դիտակները: Վերջերս Հայաստանում նույնպես նախաձեռնել ենք նմանատիպ ծրագիր, համաձայն որի՝ արտարեգակնային մոլորակների որոնումներ ենք իրականացնելու Շվեյցարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի գիտնականների հետ համատեղ: Ներկայումս արդեն հայտնի է մոտ 550 արտարեգակնային մոլորակ: Եթե սկզբում տեխնիկայի սահմանափակության պատճառով գտնվում էին միայն մեծ մոլորակներ, ապա այժմ արդեն հասանելի են Երկրի չափերի մոլորակներ, որոնց վրա կյանքի գոյության հավանականությունն ավելի մեծ է: Հայտնաբերվել են նաեւ մի քանի մոլորակային համակարգեր, երբ մեկ աստղի շուրջը պտտվում է մի քանի մոլորակ: Վերջին ուսումնասիրություններն ուղղված են արդեն այդ մոլորակների մթնոլորտների քիմիական բաղադրության վերլուծությանը:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ դեռեւս 1964թ. Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց արտերկրային քաղաքակրթություններին նվիրված համամիութենական առաջին գիտաժողովը, իսկ արդեն 1971-ին տեղի ունեցավ այդ թեմայով առաջին միջազգային գիտաժողովը եւ նույնպես Բյուրականում: Այդ գիտաժողովին ներկա էին աստղագետներ, ֆիզիկոսներ, ռադիոֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, կիբեռնետիկներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ, մարդաբաններ, սոցիոլոգներ, որոնց թվում Նոբելյան մրցանակի 3 դափնեկիր (անգլիացի Կրիկը, ամերիկացիներ Դայսոնը եւ Թաունսը), աշխարհահռչակ գիտնականներ Դրեյքը, Գոլդը, Սագանը, Մորիսոնը եւ այլք: Հետագայում այս թեմայով կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ, սակայն բյուրականյան գիտաժողովն ընդմիշտ կմնա որպես առաջինը, իսկ այդ թեմայի կարեւորությունը ըմբռնելը մեկ անգամ եւս հաստատում է Վիկտոր Համբարձումյանի մտքի խորաթափանցությունը: