Սփյուռքի նախարարությունը չի ասում, թե «Հայկական աշխարհի» վերաբերյալ ինչ կարծիքի են լրագրողները, www.sociology.am-ն էլ չի ասում, թե «Սփյուռքահայերը խորհրդարանում» գաղափարի մասին ինչ կարծիքի ենք մենք:
Փետրվարի 10-ին «Էլի՞ «Հայկական աշխարհ», իսկ մարտի 5-ին «Ասեք՝ ասեմ» լուրերով անդրադարձել ենք սփյուռքին առնչվող երկու թեմայի: Առաջինով տեղեկացրել ենք, որ սփյուռքի նախարարությունը 2010-ի հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցների քննարկմանն է ներկայացրել համաժողովի մասնակիցների բարձրացրած հարցերի լուծման միջոցառումների ցանկի նախագիծ՝ սկսած Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքներից, տեղում «Հայկական աշխարհ» ծրագիրը ներկայացնելուց, մինչեւ լուսանկարների ցուցահանդես-մրցույթ, Հայաստան-սփյուռք գործակցության հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն հետաքննական հոդվածների մրցույթ, սփյուռքի լրատվամիջոցների Հայաստանից պետական ֆինանսական աջակցության ծրագիր եւ այլն:
Իսկ երկրորդ լուրով էլ տեղեկացրել ենք, որ Հայաստանի հանրային խորհրդի Ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, վաստակաշատ պատգամավոր Արշակ Սադոյանը «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման եւ կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը» թեման քննարկման է դնելու www.sociology.am կայքում:
Սույն երկու նախաձեռնությունների ճակատագրից տեղեկանալու մեր փորձերում պարզեցինք, որ ձեւը ավելի շատ է, քան բովանդակությունը: Օրինակ, «Հայկական աշխարհի» վերաբերյալ Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցներից առաջարկներ եղե՞լ են, թե՞ ոչ հարցին սփյուռքի նախարարությունից պատասխանեցին, թե տեղեկություն տվող պաշտոնյան արձակուրդում է, հենց եկավ՝ կկապվի մեզ հետ: Այս խոստումից 25 օր է անցել, կապ ու պատասխան դեռ չկա:
Արշակ Սադոյանն էլ պնդում էր, որ www.sociology.am կայքի նախագծողների եւ ադմինիստրատորների հետ պայմանավորվածություն ունի եւ «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման եւ կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարության» վերաբերյալ կայքում տեղադրված բոլոր կարծիքները հասանելի կլինեն բոլորին: Եթե անգամ որեւէ մեկը հայհոյի, կայքի այցելուն կտեսնի դա՝ պարզապես հայհոյանքի փոխարեն՝ կետեր:
Այս խոստումից էլ է մոտ 25 օր անցել: www.sociology.am կայքում «Սփյուռքահայերը խորհրդարանում» տող է հայտնվել եւ միայն: Չկա ոչ կարծիք գրելու եւ, հետեւաբար՝ ոչ էլ ուրիշի գրածը կարդալու հնարավորություն: Ավելին, երբ սեղմում ես «Սփյուռքահայերը խորհրդարանում» տողը, ստանում ես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից ցանկացած երեքի օգտին քվեարկելու հնարավորություն: Բայց ոչ ԱԺ-ն է բուհ, ոչ էլ առավել եւս՝ սփյուռքը: Կայքում կան նաեւ «Մսամթերք», «Կաթնամթերք», «Քաղցրավենիք», «Հանքային ջուր», «Առեւտրի կենտրոններ» եւ այլ բաժիններ: Կարելի էր իհարկե ԱԺ-ին եւ սփյուռքին վերաբերող հարցումը փնտրել, օրինակ, «Առեւտրի կենտրոններ» կամ «Հումորային, զվարճալի հաղորդումներ» բաժիններում ու սա www.sociology.am կայքի այսօրվա վիճակում անտրամաբանական չէր լինի: Փնտրեցինք: Չկար ու չկար: