Մարտի 12-ին «Հիվանդի հաշվին բժիշկ չեմ կերակրի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի 30 փոքր դեղատներ բողոքում էին բժիշկների դեմ, որոնք հիվանդներին կոնկրետ դեղատներ են ուղղորդում՝ վնաս հասցնելով փոքր դեղատներին:
Երեկ էլ Վանաձորում պետք է քննվեր դեղամիջոցների վաճառքով զբաղվող «Սզնի» ՍՊԸ հայցը՝ ընդդեմ Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի:
Հիվանդանոցը անցած նոյեմբերին դեղեր գնելու մրցույթ է հայտարարել, «Սզնին» հաղթել է եւ իրավունք ստացել առաքել 2,517 միլիոն դրամի դեղ՝ 11 անուն: Մրցույթից հետո, սակայն, հիվանդանոցը տեղեկացրել է, որ «Նատալիֆարմ» ընկերությունը խոստացել է հիվանդանոցին նվիրել ցեֆտրակսոն հակաբորբոքային դեղը, ու հիվանդանոցը «Սզնիին» առաջարկում է պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղի համար: Նվիրատվության արդյունքում «Սզնին» կարողանալու է հիվանդանոցին մատակարարել խոստացվածից ավելի քան մեկ միլիոն դրամով պակաս դեղ՝ 1,173 միլիոնի: Ու «Սզնին» դիմել է դատարան:
Առաջին դատական նիստը, սակայն, չկայացավ, կողմերը պատրաստ չէին: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 11-ին: