Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը խոստացավ սյունեցիներին

Մարտ 29,2011 00:00

\"\"Հանգստյան օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարության մի շարք աշխատողների ուղեկցությամբ, Սյունիքում էր, ուր այցելել են բազմաթիվ համայնքներ, ֆերմաներ, տեղում ծանոթացել գյուղացու հոգս ու խնդիրներին:
Կոռնիձոր գյուղում, ուր երբեւէ որեւէ գյուղնախարար չէր այցելել, բնակիչները ասել են, որ խնդիր է ոռոգման ջուրն ու վարելահողերի նպատակային օգտագործումը: Իսկ ողջ Սյունիքում, ինչպես ողջ հանրապետությունում, խնդիրները գրեթե նույնն են՝ սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների պակաս, գյուղտեխնիկայի մաշվածություն, անհաջող պայմաններով վարկեր:
«Տարիներով կուտակված խնդիրներ կան: Պատկերը միանգամից շտկելը բարդ է: Համատեղ ու սրտացավ մոտեցում է հարկավոր, որպեսզի գյուղացու ու գյուղատնտեսության վիճակը հնարավորինս շուտ լավանա: Մեր առաջին խնդիրը գյուղացու կողքին կանգնելն ու նրա կորցրած վստահությունը վերականգնելն է»,- նշեց Սերգո Կարապետյանը:
Գյուղացու համար ձեռնտու վարկերի հարցում արդեն քայլեր արվում են: Գյուղնախարարը սյունեցիներին ասել է, թե ՀՀ կենտրոնական բանկի եւ մի շարք առեւտրային բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մատչելի, առավելագույնը 14 տոկոսով գյուղատնտեսական վարկեր տրամադրելու վերաբերյալ, որից 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Վարկի առավելագույն չափը՝ մինչեւ 3 միլիոն դրամ, մարման ժամկետը՝ երկու տարի, առաջին երեք ամիսը՝ արտոնյալ:
«Տարիներ շարունակ մարզի ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում: Հեռավոր արոտավայրերը բազմաթիվ պատճառներով չեն օգտագործվել, իսկ գյուղամերձ արոտները գերօգտագործումից դեգրադացվել են: Նախատեսում ենք արոտօգտագործողների միավորման միջոցով ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի հեռավոր արոտավայրերը օգտագործվեն լիարժեք: Արդյունքում կավելանա անասնագլխաքանակը, տեղերում կստեղծվեն կաթի ընդունման ու մթերման կետեր»,- Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ եւ Գորհայք գյուղերի բնակիչներին տեղեկացրել է գյուղնախարարը ու հավելել, որ Սյունիքը ավանդաբար եղել է հացահատիկի մեր շտեմարանը՝ «ուզում ենք վերականգնել այդ համբավը»:
Անցած տարի «Առավոտում» հրապարակումներ եղան Սյունիքում խոզերի եւ ընտանի այլ կենդանիների անկումների մասին: Այս տարվա համար գյուղնախարարը սյունեցիներին խոստացել է, որ գյուղացիներին բավարար չափով եւ անվճար պատվաստանյութ կտրամադրվի՝ անասունների հիվանդությունների կանխարգելման համար: Նախարարը խոստացել է նաեւ, որ մթերման ժամանակ էլ գյուղացին խնդիրներ չի ունենա:
Վերջում գյուղնախարար Սերգո Կարապետյանը Սյունիքում ծառայող զինվորներին ծանրոցներ, իսկ Գորհայք գյուղին՝ համակարգիչ նվիրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել