Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐԸ ՄԵՐ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՆ Է»

Մարտ 29,2011 00:00

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղն էլ է դատարկվում,  գյուղի սիրողական պարի խմբակը անգամ տարազներ չունի,  բայց վստահ է, որ կպահպանի իր էրգրեղեն էությունը:

\"\"

\"\"Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղը հազիվ 50 տարվա պատմություն ունի: Գյուղ ասածն էլ հարաբերական է, քանզի բնակիչները մշակելու կամ անասուն պահելու համար հողեր առանձնապես չունեն: Խորհրդային տարիներին այս գյուղում հզոր խոզաբուծական ֆերմա եւ Կովկասում ամենամեծ ալրաղացն էր գործում: Հիմա դրանք չկան կամ գրեթե չկան, ու Լեռնագոգը, ինչպես Հայաստանի շատ այլ գյուղեր՝ դատարկվում է: Ժամանակին ավելի քան 4000 բնակիչ ունեցող գյուղում այսօր հազիվ 2000 մարդ է ապրում, ժամանակին 750-800 երեխայով դպրոցը այսօր 228 աշակերտ ունի միայն: Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) Լեռնագոգում նոր դպրոց է կառուցել եւ տարատեսակ խմբակներ ձեւավորել՝ օտար լեզուների, համակարգչային ծրագրերի, բայց բոլորից տարբեր եւ հպարտության առիթ է Լեռնագոգի՝ արդեն մեկուկես տարի գործող պարի աշակերտական, սիրողական խումբը, ուր հաճախում է մոտ 80 երեխա, առավել ակտիվ՝ 25-30-ը:
Լեռնագոգի բնակչության մեծ մասը արմատներով սասունցի է, պարի խմբակի ղեկավար, դպրոցի դասվար Մարինե Քամալյանն էլ է սասունցի եւ խմբակի մասին խոսելիս առաջինը նկատում է. «Պարը սասունցու ապրելակերպն է: Եթե երեկոյան պտտվեք մեր գյուղի փողոցներում, ապա արդեն չորրորդ բակում Սասնա նվագ եւ երգ կլսեք, երեխաների բռնած պար կտեսնեք: Իսկ դպրոցում պարը պակասում էր»: Ըստ տիկին Քամալյանի, նախատեսված է շաբաթական երկու անգամ պարի դասեր անցկացնել, սակայն երեխաները գրեթե ամեն օր հավաքվում են դահլիճում եւ պարում: «Ես մի դժվար, բայց երանելի նպատակ եմ ունեցել. աշխարհին ծանոթացնել, թե ով է սասունցին, իսկ ճանաչման լավ միջոց հենց պարն է: Մենք չենք կտրվում մեր տոհմիկ կենսագրությունից, աշխատում ենք հավատարիմ մնալ ֆիդայիների բոլոր երազանքներին: Հայտնի է, որ նրանք հակառակորդի դեմ ելնելուց առաջ պարել են: Այստեղ մենք կռիվ չենք տալիս, բայց պարից հետո մեզ մոտ միշտ հաշտություն է»,- հայտարարեց տիկին Քամալյանը:
Դպրոցի տնօրեն Կորյուն Մակարյանն էլ նկատեց, որ պարով երեխաների գեղագիտական ճաշակն է բարձրանում, բացի պարից՝ երեխաները ազգագրությամբ են զբաղվում. «հավաքում են ազգային երգեր, առակներ, ասացվածքներ, գյուղի կյանքում եւ կենցաղում օգտագործվող գործիքներին են ծանոթանում եւ արդյունքում՝ հայրենասիրությամբ դաստիարակվում, դառնում ավելի հոգատար դպրոցի, իրենց ընտանիքի եւ համայնքի նկատմամբ»:
Լեռնագոգի պարի խումբը Արմավիրի մարզի սահմաններից դուրս չի եկել: Մեկ անգամ մասնակցել է երեք հարեւան գյուղերի միջեւ անցկացված պարի մրցույթին եւ հաղթել: Բացի սրանից, պարի խմբակի երեխաները աչքի են ընկնում ընտանեկան ուրախ միջոցառումների ժամանակ եւ հաջորդ օրը Մարինե Քամալյանը շնորհակալական խոսքեր է լսում: «Նաեւ երգ-պարեր ունենք: Սա մեր միակ տեղն է, ուր պաշտպանում ենք մեր ազգայինը: Ցավոք, տղաները քիչ են՝ 80-ի մեջ մոտ 20-ը: Տարիքային սահմանափակում չկա՝ ունենք եւ երկրորդ դասարանցի, եւ 11-րդ: Գյուղի չարաճճի տղաներն են մեզ մոտ պարում, պարը օգնում է ձերբազատվել բարդույթներից: Այսօր արդեն մեկ տասնյակ պատրաստի պարեր ունենք»,- հայտարարեց ուսուցչուհին:
Հայաստանի մանուկների հիմնադրամը Լեռնագոգի դպրոցում համակարգչային դասարան է բացել: Պատանի պարող լեռնագոգցիներն էլ տեղեկատվական տեխնոլոգիաները պարի խմբակի համար օգտակար են դարձնում՝ ինտերնետով փնտրում են Սասնա պարեր ու դրանց բացատրությունները, ստուգաբանությունը, facebook սոցիալական կայքում են գրանցվել եւ իրենց պարի խմբակի անունով խումբ ձեւավորել, ուր քննարկում են պարերը: Իսկ Մարինե Քամալյանը նկատում է. «Ապրում ենք գրեթե որբացող գյուղերում, մեր ոգիներում քաղաքակրթության ցեցը արդեն բուն է դրել, բայց ազգային պարով դիմակայում ենք եւ ամեն տեսակ գայթակղությունները չեն կարող վարագուրել մեր էրգրեղեն էությունն ու գոյությունը: Ամենաանսանձը ոգու ուժն է: Պարի փորձերի ժամանակ երեխաները հոգնում-նստում են, բայց մեկ էլ արագ ելնում են, երբ ասում ես հանգստացի՝ պատասխանում է. էս երգի տակ ո՞նց նստեմ: Արյան կանչը կա: Նաեւ պարով պիտի հաղթենք»:
Պարի խմբակի սան 10-րդ դասարանցի Դիանա Խաչատրյանն ասաց, որ պարի խմբակ է գալիս, քանի որ առանց պարի չի կարող. «խմբակին առաջին անդամագրվողը ես եմ եղել»: 9-րդ դասարանցի Արփինե Հարությունյանն էլ է առաջիններից մեկը եկել խմբակ եւ թեեւ Լեռնագոգի պարի խմբակը հանդիսավոր ելույթների համար հագուստներ չունի, Արփինեն մի բան է ուզում. «որ փառատոներ ու մրցույթներ շատ լինեն, որովհետեւ կհաղթենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել