Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը քննադատել է դատական ակտը»

Մարտ 29,2011 00:00

Լոռու մարզի փաստաբանները դատախազին մեղադրում են ապատեղեկատվության եւ դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ:

Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. մարտի 20-ի որոշումով մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել դատարանի՝ վերը նշված որոշման վերաբերյալ:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը եւ մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս»: Այսպիսով՝ Լոռու մարզի դատախազը, դուրս գալով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, օրենքով սահմանված կարգով որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը բողոքարկելու փոխարեն անհարկի քննադատության է ենթարկել դատարանի կողմից կայացված ակտը, որով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելուց բացի, փորձել է նաեւ ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ:
Դատախազը Լոռու մարզի եւ, հատկապես, Վանաձորի ազգաբնակչության անունից ներկայացրել է՝ իբր թե վերջիններս մտահոգված են Մաքսիմ Պետրոսյանի ազատության մեջ մնալու հանգամանքով: Մինչդեռ Լոռու մարզում գործող փաստաբաններս առավել ակտիվ շփումներ ունենալով նույն մարզի բնակչության հետ, փաստում ենք ճիշտ հակառակը. բնակչությունը մտահոգված է, որ չարդարացված դաժան դիրքորոշում ունեցող Լոռու մարզի քննչական բաժինը եւ դատախազությունը 2-րդ խմբի հաշմանդամ՝ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան:
Ավելին՝ Լոռու մարզի դատախազը նույն հանդիպման ժամանակ իր բազմաթիվ արտահայտություններով խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ Մաքսիմ Պետրոսյանին ներկայացնելով որպես հանցագործ եւ «քիլլեր»:
Կ. Շահբազյանը նաեւ նշել է, որ դատարանը բաց է թողել նախկինում 3 անգամ դատապարտված անձի: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետեւանքները, իսկ Մաքսիմ Պետրոսյանի վերջին դատվածությունը, որը դիտավորյալ հանցագործության համար չէ, մարվել է դեռեւս շուրջ 30-40 տարի առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել