Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է «ՀԵՏՔԻՆ»

Մարտ 29,2011 00:00

\"\"Քաղաքապետի ունեցվածքի մասին հարցումը այսուհետեւ վիրավորա՞նք է

Ինչպես հայտնի է՝ հետաքննող լրագրողների ընկերակցությունը դատի է տվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ Կումայրի արգելոցի տարածքում գտնվող Աբովյան թիվ 262 շենքի մասին տեղեկատվություն չտրամադրելու համար: Խոսքը դատարանի նախկին շենքի մասին է, որը պատկանել է Գյումրու հանրահայտ տոհմերից մեկին՝ Դրամփյաններին, եւ մի քանի տարի նրանց թոռնուհին՝ Իրինա Աբաջյանը, պայքարում է այդ կառույցին տեր կանգնելու համար: Քանի որ թոռնուհու կռիվը քաղաքապետի հետ է, տիկինը մեղադրանքների շարան է ներկայացնում Վարդան Ղուկասյանի հասցեին՝ պնդելով, որ այն գնել է քաղաքապետը: «Հետքը» հուլիսի 6-ին գրավոր հարցում ուղարկելով պարոն Ղուկասյանին, հետաքրքրվել է՝ ո՞ւմ է պատկանում շենքը, ճի՞շտ են, արդյոք, իրենց հասած տեղեկությունները, որ գնորդը Վարդան Ղուկասյանն է: Սակայն քաղաքապետարանը հարցմանը պատասխանել էր կիսատ-պռատ, 5 ամիս ուշացումով, այսինքն՝ այն ժամանակ, երբ հետաքննողներն արդեն իսկ դատի էին տվել քաղաքապետին:
Երեկ վարչական դատարանի Շիրակի նստավայրում շարունակվեց դատական նիստը: Նշենք, որ թեեւ այն դռնբաց էր, բայց Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը սկզբից եւեթ արգելեց նկարահանումներն ու ձայնագրությունները՝ պատճառաբանելով. «Դատարանը նիստը ձայնագրում է, դա բավարար է, մենք դեմ ենք, որ կողմնակի մարդիկ այն ձայնագրեն»: Իհարկե, քաղաքապետարանի պաշտոնյան այդպես ասելով նկատի ուներ լրագրողներին: Նիստի սկզբում արդեն իսկ ակնհայտ էր, որ հաշտության եզրեր գտնելն անհնարին է. «Հետքի» ներկայացուցիչ Երանուհի Սողոյանը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվում հայցից, քաղաքապետարանի պաշտոնյան էլ իր հերթին հայտնեց, որ հայցն անհիմն է եւ իրենք չեն ընդունում: Թե ինչո՞ւ է հայցը անհիմն, Արա Սարգսյանը մի քանի պատճառաբանություն ուներ: Ըստ նրա, «Հետքը» քաղաքապետարանից պահանջել է մի տեղեկատվություն, որին քաղաքապետարանը չի տիրապետում, եւ, ըստ էության, դրանք ոչ թե տեղեկատվություն ստանալու հարցում են եղել, այլ կարծիքների հարցում: Որպես օրինակ պաշտոնյան մեջբերեց «Հետքի» այն հարցը, որով հետաքրքրվում էին, թե ե՞րբ, ո՞ւմ, ի՞նչ նպատակով է վաճառվել հասարակական մեծ արժեք ներկայացնող շենքը եւ մի՞թե վաճառելու փոխարեն հնարավոր չէր այն տրամադրել պատկերասրահին (Գյումրիում անընդհատ խոսվում է պատկերասրահ ունենալու մասին) կամ հանձնել Երկրագիտական թանգարանին, որը քսան տարի շենք չունի:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք կամ չգիտեք ՏԱ օրենքը, կամ գիտեք, բայց ուզում եք շոու սարքել: Ըստ Ձեզ, ՏԱ օրենքի շրջանակո՞ւմ եք հարցում կատարել, թե՞ քաղաքապետի կարծիքի հարցում է եղել»,- ասում էր Արա Սարգսյանը: Իսկ ամենից շատ վերջինիս վրդովեցրել էր այն, որ «Հետքը» համարձակվել էր քաղաքապետից հարցնել, թե ճի՞շտ են, արդյոք, այն խոսակցությունները, թե գնորդը Վարդան Ղուկասյանն է:
Քաղաքապետարանի իրավաբանը պնդում էր, որ հարցը անձնական բնույթի է եւ խախտում է անձնական կյանքի գաղտնիությունը: «Դուք համարում եք, որ դա հանրայի՞ն տեղեկություն է, վերջին հաշվով դա նույնն է՝ եթե մարդուն հարցնես՝ ինչքա՞ն փող ունես քո գրպանում: Սա իրավական նիհիլիզմի դասական օրինակ է կամ շփոթություն: Նորից եմ կրկնում, էստեղ ոչ թե օրենքով սահմանված հարցում, այլ կարծիքների հարցում է կատարվել: Դրա համար գնայիք հարցազրույցի, անձնական բնույթի հարցերին ուզեց՝ կպատասխանի, չուզեց՝ չի պատասխանի»,- ասում էր իրավաբանը: Երանուհի Սողոյանն էլ իր հերթին հարցնում էր քաղաքապետարանի ներկայացուցչին՝ մի՞թե չէր կարելի այդ ուղղորդումներն ու «բարեկամական խորհուրդները» գրավոր տեսքով ներկայացնել ճիշտ ժամանակին՝ ՏԱ օրենքով սահմանված կարգով: «Դրանք տեղեկություններ չեն, ՏԱ օրենքի 3-րդ հոդված 2-րդ կետով հստակ, կոնկրետ պարզաբանվում է, որո՞նք են տեղեկություններ հանդիսանում, «Հետքի» հարցերի մեծամասնությունը նախ տեղեկություններ չէին, որոնք էլ տեղեկություն էին՝ որոշակի տարրեր էին պարունակում, Գյումրու քաղաքապետարանը չի տնօրինում, ինչպե՞ս պատասխանենք, քանի որ կարող ենք սխալ թույլ տալ, բա կադաստրը ինչի՞ համար է ստեղծվել էս երկրի մեջ: Եթե նման ցանկություն ունենար հայցվոր կողմը, վաղուց էդ տեղեկությունները կվերցներ, կգնար եւ իր հոդվածաշարը կավարտեր, բայց էստեղ ոչ թե գնացել են տեղեկությունները գտնելու կարճ ճանապարհով, այլ փորձել են հարաբերվել Գյումրու քաղաքապետի հետ եւ դրանից դիվիդենդներ շահել»,- համոզված էր Արա Սարգսյանը:
Ի դեպ, վերջինս կիսասպառնական տոնով նախազգուշացնում էր, թե այսուհետեւ, ով քաղաքապետարանի ղեկավար կազմի մասին որեւէ վիրավորական արտահայտությամբ մի հոդված հրապարակի, կարժանանա մայրաքաղաքային մի քանի թերթերի բախտին: «Հետքի» ներկայացուցիչ Երանուհի Սողոյանն էլ հակադարձեց. «Եթե պարոն Սարգսյանը հայտարարում է, որ տասը տարվա կենսագրություն ունեցող «Հետքը» ուզում է հայտնի դառնալ Գյումրու քաղաքապետի հետ առնչվելով, ապա ասեմ, որ պարոն Սարգսյանը մոլորության մեջ է: Իսկ ինչ մնում է նրա այն ուղղորդմանը, թե ինչո՞ւ կադաստրին չենք դիմել, մենք դիմել ենք, ճշտված է, թե շենքը ում է պատկանում, այդ տեղեկությունը հրապարակված է, բայց այնտեղ կային հարցադրումներ, մեղադրանքներ, որոնք հնչեցվել են մյուս կողմից, դրանք ենթադրաբար պատասխաններ պիտի պահանջեին»,- ասում էր «Հետքի» լրագրողը՝ զարմանալով, թե ո՞ր օրվանից Գյումրու քաղաքապետին սեփականության մասին հարց ուղղելը անձնական վիրավորանք է համարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել