Մարտի 25-ին մետրոյի «Բարեկամություն» եւ «Բաղրամյան» կայարանների հատվածում մոտ 30 րոպե գնացքի աշխատանքը դադարեցվել է: Չնայած այդ հատվածում որոշ ժամանակ երթեւեկությունը կաթվածահար էր, մետրոյի աշխատակիցները շարունակել են քաղաքացիներին ժետոններ վաճառել եւ չեն էլ զգուշացրել, որ որոշ ժամանակ երթեւեկություն չի լինելու «Բարեկամությունից» դեպի այլ կայարաններ: Հենց այդ պատճառով էլ նշյալ կայարաններում մեծ աժիոտաժ էր առաջացել. այն ուղեւորները, որոնք ցանկացել են ժետոնները հետ տալ, մետրոյի աշխատակիցները չեն վերցրել՝ պատճառաբանելով, որ չեն կարող: Որոշ քաղաքացիների էլ, այնուամենայնիվ, հաջողվել է հետ տալ:
Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան, Երեւանի մետրոպոլիտենի լրատվական բաժնից հայտնեցին, որ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպը տեխնիկական է եղել. «Վագոններից մեկի անսարքության պատճառով 20-25 րոպե աշխատանքը դադարեցվել է: Հետո «Բաղրամյան» կայարանում ուղեւորներին իջեցրել են, շտկել անսարքությունը, որից հետո երթեւեկությունը շարունակվել է»:
Նշենք, որ մետրոյի անսարքությունների մասին բազմիցս ահազանգել են հենց մետրոյի աշխատակիցները, սակայն տնօրինությունը միշտ էլ հերքել է, որ այսօր մետրոպոլիտենը լուրջ խնդիրներ ունի: Մետրոյի աշխատակիցները մեզ հետ զրույցներում հայտնել են, որ գնացքները, ռելսերը այսօր շատ վատ վիճակում են եւ եթե ինչ-որ լուրջ վթար տեղի չի ունենում, ապա միայն պրոֆեսիոնալ վագոնավարների շնորհիվ:
Ուշագրավն այն է, որ Մետրոպոլիտենն իր ենթակայության տակ գտնվող հարյուրավոր քմ-ներ վարձակալությամբ է տալիս, ընդ որում՝ բավականին բարձր գներով: Սակայն թե ի՞նչ նպատակներով են ծախսվում այդ գումարները՝ պարզ չէ: Մի բան ակնհայտ է, որ այսօր Մետրոպոլիտենը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի վերակառուցման նպատակով նախորդ տարի Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո վարկ տրամադրեց: