«Նուռն» էլ՝ իր բոնուսների՞ց
«Նուռքարտը» եզակի կուտակային ծրագիր է, որը թույլ է տալիս կուտակել բոնուսներ՝ գնումներ կատարելով «Նուռքարտի» գործընկերների առեւտրի ու սպասարկման կետերում: Այս խոստումնալից գովազդով ոգեւորված քաղաքացի Մարինա Հակոբյանը 2 տարի առաջ վերցրեց քարտն ու այդ օրվանից անհրաժեշտ առեւտուրն անում էր միայն ու միայն «Նուռքարտի» գործընկերներից: Նրա պատմելով, բոնուսներ կուտակելու համար քաղաքի մի ծայրից մյուսն էր հասնում, երբեմն ժամերով հերթ կանգնում, չնայած նույն առեւտուրը կարող էր անել իր տան մոտակայքի խանութներից: Ամբողջ մի տարի (2010-ին) մեծ ոգեւորությամբ բոնուսներ կուտակելուց հետո, Մ. Հակոբյանը այս տարվա հունվարին վերջապես որոշեց դիմել «Նուռքարտ» ծրագրի գրասենյակ՝ ստանալու վաստակած մրցանակը: Աշխատանքային ժամերը ճշտելու համար նախ զանգեց գրասենյակ, որտեղից տեղեկացրին, թե իրենց համակարգիչը չի աշխատում եւ իրենք դեռեւս ի վիճակի չեն տրամադրել մրցանակը, վերջում էլ հորդորել են զանգել մեկ ուրիշ օր. «Մի քանի շաբաթ անց կրկին զանգեցի, ու բավականին արհամարհական տոնով պատասխանեցին, թե համակարգչային ծրագիրը խափանված է, էլի սպասեք»:
Այդ օրվանից մինչ օրս Մ. Հակոբյանը չի դադարեցրել իր զանգերը. «10 օր առաջ նորից զանգեցի: Ասացին՝ եկեք, համակարգիչն աշխատում է: Ճիշտ ժամանակին հասա գրասենյակ, ասացին՝ համակարգիչը հենց նոր փչացավ»: Մեր զրուցակցի պատմելով, արդեն 2 ամիս է, իրեն խաբում- կանչում են գրասենյակ, հետո ծաղրելով ու նվաստացնելով ճանապարհում. «Ես 1946 միավոր՝ 1946 դրամին համարժեք բոնուս եմ հավաքել: Հասկանում եմ, որ եղածը մեծ բան չէ, բայց ախր դրան մի ամբողջ տարի եմ սպասել: Բայց ծրագրի գրասենյակում ինձ ցինիկաբար ասում են, եթե այդ մի քանի կոպեկի կարիքը շատ ունեք, մենք բոլոր աշխատակիցներով կոպեկ առ կոպեկ կհավաքենք ու ձեզ կվերադարձնենք, ու էլի շատ ստորացուցիչ բաներ են ասում»: Մ. Հակոբյանը ուսումնասիրել է «Նուռքարտ» ծրագրի գործընկերների ցանկը, ու հերթով զանգել, հետաքրքրվել, թե ինչպե՞ս են համագործակցում, իր իսկ բնորոշմամբ, «խաբեբա» ծրագրի ղեկավարների հետ. «Պարզվում է՝ շատերն արդեն խզել են կապն այդ խաբեբաների հետ: Օրինակ՝ «911» դեղատների, «Իդեալ» խանութների ցանցը եւ էլի շատ կետեր: Կան դեպքեր, երբ նույն ցանցի մեջ մտնող մի մասնաճյուղը համագործակցում է, մի ուրիշ մասնաճյուղը՝ ոչ: Գլուխ չենք հանում այս ծրագրից»: Երկար փնտրտուքներից հետո մեզ հաջողվեց «Նուռքարտի» գրասենյակից ինչ-որ հեռախոսահամար հայթայթել. քարտին եւ գովազդներում նշված համարները չէին պատասխանում:
«Նուռքարտ» կուտակային ծրագրի գրասենյակի աշխատակազմի ղեկավարը՝ Մարինեն, որը համառորեն չէր ցանկանում ներկայանալ եւ միայն անունը նշեց, «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք գրանցված օրինական կազմակերպություն են ներկայացնում ու իրենց երկու տարվա գործունեության ընթացքում խնդիրներ չեն ունեցել հաճախորդների հետ. «Բոլորը ժամանակին ստացել են իրենց նվերներն ու մրցանակները: Ձեզ դիմած քաղաքացին տարօրինակ կին է, ով ամեն օր զանգում է մեր գրասենյակ, իր կենցաղը պատմում, անպատվում եւ անջատում հեռախոսը»: Մարինեն ասաց, որ երկու տարվա ընթացքում արդեն սպասարկել են 30 000 քաղաքացու. «Ամբողջ խնդիրն այն է, որ հունվարին Իսահակյան հասցեից տեղափոխվեցինք Պարոնյան հասցե ու 15 օր, հասկանալի պատճառներով, չէինք աշխատում, հետո էլ 2 շաբաթ համակարգչային ծրագրի հետ խնդիրներ ունեինք: Այդ կինը մեզ այդ ընթացքում է զանգել, քաղաքակիրթ ձեւով բացատրել ենք, ինքը հիստերիայի մեջ ընկավ ու սկսեց ահաբեկել, թե տարբեր լրատվամիջոցների կդիմի»: Նրա խոսքերով, մեզ դիմած քաղաքացու հավաքած բոնուսների դիմաց արդեն պատրաստել են «Նուռքարտը». «Ասել ենք, տիկին, եկեք ստացեք, չի գալիս, հրաժարվում է»: Թե ինչո՞ւ է «Նուռքարտ» ծրագրի գործընկերների թիվը գնալով պակասում մեր հարցին գրասենյակի մեկ այլ աշխատակից՝ Ալվինան պարզաբանեց. «Կոնկրետ «Իդեալ» համակարգի ցանցի հետ չենք համագործակցում, որովհետեւ աշխատակիցների հետ խնդիրներ ունեցանք: Իսկ ինչ վերաբերում է մնացած դեպքերին, ապա մեր գործընկերները չեն պակասում, եթե ինչ-որ կազմակերպության հետ դադարեցնում ենք գործակցությունը, ապա նոր գործընկերների հետ ենք պայմանավորվում»: