«Նորաշեն 2007» կոոպերատիվի տերերը գումարները հավաքել էին ու անհետացել
«Առավոտի» տեղեկություններով, օրերս իրավապահների կողմից կալանավորվել եւ Նուբարաշենի մեկուսարան է տեղափոխվել «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, մի քանի ամիս առաջ Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 հասցեում կառուցվող շենքի հարյուրավոր բնակիչներից գանձելով կառուցվելիք բնակարանների գումարները, պարզապես «թռել» էին՝ մարդկանց թողնելով սթրեսի եւ սպասումի մեջ: Բացի այդ, կոոպերատիվի տերերը տասնյակ մարդկանց բնակարանները կրկնակի վաճառել էին: Երեք ամիս առաջ բնակարանամուտ տոնելու փոխարեն շենքի բնակիչները մի օր պարզել էին, որ իրենց բնակարանները, իրենցից բացի, այլ սեփականատերեր էլ ունեն: Այս օրերին կիսակառույց շենքի բնակիչներին կանչում են հարցաքննության:
«Առավոտը» (25.02.2011թ.) արդեն անդրադարձել է «Նորաշեն 2007» կոոպերատիվից խաբված բնակիչների խնդրին: Նշենք, որ այդ շենքից բնակարան գնած մարդիկ սովորական քաղաքացիներ են, որոնք տարիներ ի վեր կոպեկ առ կոպեկ հավաքել են այդ գումարները եւ համեմատաբար մատչելի գներով կոոպերատիվից տուն գնել, սակայն այսօր նրանք կանգնել են փաստի առաջ: Եթե կոոպերատիվի տերերին դատ-դատաստանից հետո ստիպեն էլ ավարտին հասցնել կիսակառույց շենքը, ապա մեծ խնդիր է, թե նույն բնակարանը բարեխղճորեն գնած երկու սեփականատիրոջ հարցն ինչպես է լուծվելու: Մեր տեղեկություններով, «Նորաշեն 2007» կոոպերատիվի մեջքին իրավապահներ են կանգնած, մասնավորապես՝ խոսքը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) որոշ բարձրաստիճան աշխատակիցների մասին է, որոնք, սակայն, ոչ թե հովանավորել են, որ մարդկանց «քցեն», այլ նրանց հետ գումարային պարտք ու պահանջ ունեն: Թերեւս դա է եղել պատճառը, որ դեռեւս ամանորից առաջ, երբ բնակիչներից ոմանք պարզել են, որ կոոպերատիվի տերերը չեն կարողանում շենքը խոստացված ժամկետում ավարտին հասցնել եւ գուցեեւ «թռնելու» մտադրություն ունեն, սկսել են Արմեն Թադեւոսյանին եւ Լյովա Սամվելյանին նեղել, իսկ 6-րդ վարչության աշխատակիցները, բնակիչների ոտնձգություններից զերծ պահելու համար կոոպերատիվի տերերին նույնիսկ թիկնապահ են հատկացրել:
Ի դեպ, կոոպերատիվի տերերը բնակարանների սեփականության վկայականները որպես գրավ հանձնել են մի քանի կազմակերպությունների եւ անհատների՝ վարկ վերցնելով խոշոր գումարներ: Այդ վկայականների դիմաց փող տվողներից մեկն էլ, ինչպես արդեն նշել էինք, մեր տեղեկություններով, Էջմիածնի հարկային տեսչության պետն է, որը ավելի ուշ պարզեցինք, որ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է: Կոոպերատիվի տերերը կիսակառույց շենքից բնակարաններ են վաճառել նաեւ «Էսկո-կոնցեռն» անշարժ գույքի գործակալությանը: Այն բնակարանները, որոնք արդեն այլ սեփականատեր ունեն: Այս փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատել էր «Էսկո-կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանը: Ի տարբերություն մյուս բնակիչների, պարոն Աղաբեկյանը ոչ թե բնակարան է գնել պարզապես գրավոր ստորագրությամբ, այլ նոտարով վավերացրել է եւ ստացել սեփականության վկայականները: Նշենք, որ պարոն Աղաբեկյանը տուժած բնակիչներին առաջարկել է միավորվել եւ համատիրություն ստեղծել, որպեսզի միասին հավաքեն անհրաժեշտ մոտ 200 միլիոն դրամը, եւ շենքը ավարտին հասցնեն: Սակայն շենքը ավարտին հասցնելը դեռեւս չի նշանակում խաբված բնակիչների հարցը լուծել: