Լուրերը, թե «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը գնել է վրացական PepsiCo ընկերությունը, իրականությանը չեն համապատասխանում, նա, պարզապես, պատրաստվում է Հայաստանում Pepsi-ի արտադրություն հիմնել, news.am-ի թղթակցին ասել է Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը: Նրա խոսքով, «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրենը նախատեսում է արդեն մայիսից Հայաստանում Pepsi-ի արտադրություն սկսել։ «Հիմնական սարքավորումները տեղադրված են, շուրջ 22 մլն եվրոյի ներդրումներ են կատարվել։ Նախատեսվում է, որ Երեւանում գտնվող գործարանում կաշխատի մոտ 250 մարդ»,- մանրամասներ ներկայացրեց Աշոտ Արսենյանի օգնականը՝ միաժամանակ դժվարանալով նշել, թե որքան կկազմի աշխատողների միջին աշխատավարձը: Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը ձեռք է բերել վրացական PepsiCo ընկերության բաժնետոմսերը: