Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկել են» տաքսիստների ետեւից

Մարտ 29,2011 00:00

Հարկայինը ճնշում է անհատ տաքսիստներին՝ նրանց փաստաթղթերը հրաժարվում է ընդունել,  ստիպում է պարտքերը մարել, հակառակ դեպքում չեն թույլատրի աշխատել:

Այս օրերին հարկայինը անհատ տաքսիստների վրա սկսել է «կեղտ բռնել», ինչ է թե՝ վերեւներից հրահանգված է «պլանը կատարել» եւ որոշակի գումար հավաքել: Անհատ տաքսիստները, որոնք լիցենզավորված են աշխատում, մինչեւ ապրիլի 1-ը պետք է ելակետային՝ եռամսյակային հաշվետվության փաստաթղթեր ներկայացնեն, որով տեղեկացնում են, որ աշխատելու են հաջորդ 3 ամիսներին: Եվ եթե հարկայինը չընդունի եւ չհաստատի այդ փաստաթղթերը, վարորդները չեն կարող գործի դուրս գալ: Վարորդների փաստաթղթերը չընդունելը հարկային ծառայության աշխատակիցները պատճառաբանում են այն բանով, իբր թե նախորդ ամիսներից տաքսիստները պարտքեր ունեն: Այնինչ այդ պարտքերը մեծ չափերի չեն՝ ընդամենը 20-25 հազար դրամ: Իսկ ըստ օրենքի, հարկայինը իրավունք չունի փաստաթղթերը չընդունել պարտքի պատճառով, քանի որ եղած գումարի վրա տոկոս է կուտակվում:
«Առավոտին» դիմած մի խումբ վարորդների խոսքերով՝ «Օրենքը չի պարտադրում նախորդ ամսվա պարտքը անպայման մինչեւ վերջին կոպեկը վճարել, որպեսզի թույլտվություն ունենանք մյուս ամիսներին էլ աշխատել: Բացի այդ, նախորդ ամիսներին մեծ ծախսեր ենք արել՝ հազիվ հասցրել ենք սոցվճարներ կատարել, հաստատագրված հարկն ու ԱՊՊԱ-ն վճարել, ձմռան օգտագործած գազի, էլեկտրաէներգիայի գումարները տալ: Վերջիվերջո՝ մեքենա է, փչանում է, էլի ծախսեր ենք անում, նորոգում, ավտոմասեր փոխում: Էդ ամենը մեծ ծախսեր են: Ծերը ծերին հազիվ ենք հասցնում: Մարդիկ կան՝ վարձով են ապրում, օր ու գիշեր աշխատում ենք, հազիվ հարկեր ենք վճարում, հիմա էլ իրենց պլանը կատարելու համար մեզանից են ուզում պոկել էդ գումարը»: «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպության համանախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքերով՝ հարկայինն այդ փաստաթղթերը չվերցնելով՝ հետո կարող է պատճառաբանել, թե իբր տաքսիստները փաստաթղթերը չեն ներկայացրել, եւ վարչական տույժ կիրառել՝ 20-30 հազար դրամ: Այսինքն՝ բավական չէ, որ իրենց վրա դրած պլանը կատարելու անօրինական պահանջներ են դնում, դեռ մի բան էլ փորձում են հավելյալ 20 հազար դրամներ հավաքել՝ վերադասներին գոհացնելու համար:
Գեւորգ Դոստուրյանի պատմելով՝ մոտ 300 անհատ տաքսիստներ հայտնվել են հարկայինի այս հարվածի տակ. «Երբ Շենգավիթի հարկայինում սկսեցինք օրենքի լեզվով խոսել, մեղա գալով արդարանում էին՝ իբր իրենք մեղք չունեն, իրենց հրամայել են փող հավաքել: Բայց ինչո՞ւ են մեր հաշվին դա անում»:
Հետաքրքիրն այն է, որ կառավարությունն ամեն առիթով նշում է, որ մեր երկրում բիզնեսի համար լավագույն պայմաններ են ստեղծել, ձեռք են մեկնում փոքր ու միջին ձեռներեցներին, համահավասար պայմաններ ստեղծում բոլոր տնտեսվարողների համար: Սակայն հարկայինի այս գործելաոճը անհավասար պայմաններ է ստեղծում անհատ տաքսիստների եւ տաքսի-սերվիսների միջեւ, դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով տաքսիստների միջեւ: Նախ նշենք, որ սպիտակ պետհամարանիշներով տաքսիները, այսպես ասած, լեւի են աշխատում՝ ոչ պետտուրք են վճարում եւ ոչ էլ լիցենզիա ունեն: Տաքսիստների խոսքերով՝ «Եթե մեզ մոտ մի հատ սպիտակ համարով տաքսի կանգնի եւ ուղեւոր մոտենա, սպիտակ համարներով տաքսու վարորդը կարող է շատ ավելի էժան գներով այդ ուղեւորին տանի, քանի որ նա, ի տարբերություն մեզ, ոչ մի տեսակի հարկ չի վճարում, բացի մեքենան գազ լցնելու ծախսից: Արդեն 4-րդ տարին է՝ կառավարությունը վստահեցնում է, որ այդ հարցը կարգավորվելու է, բայց ոչ մի բան էլ չի անում: Հիմա առանց դեղին պետհամարանիշի ավելի ձեռնտու է աշխատել: Դե, հենա մենք էլ դեղինները կհանենք, սպիտակ համարներով կաշխատենք ու հարկեր էլ չենք վճարի»:
«Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ-ն նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում նշվում է. «Սպիտակ պետհամարանիշով շատ տաքսու վարորդներ կան, որոնք ամենեւին էլ դեմ չեն լիցենզավորվել եւ հարկային դաշտ մտնել, սակայն տեսնելով կառավարության հանդուրժողականությունն իրենց նկատմամբ՝ չեն շտապում օրենքի դաշտ մտնել»:
Երեկ մեզ հետ զրույցում Գեւորգ Դոստուրյանը վստահեցրեց, որ հարկային ծառայության աշխատակիցներն արդեն մի փոքր մեղմ են վարվում՝ վարորդների ներկայացրած փաստաթղթերն ընդունում են եւ չեն ստիպում նախորդ ամսվա պարտքերը մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել