Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆՆ ԱՍԵ՞Մ, ԹԵ՞ ՈՐԱԿԸ

Մարտ 29,2011 00:00

Տնտեսագետի համոզմամբ, կառավարությունը արտահանողներին ոչ մի արտոնություն չի տրամադրում

\"\"

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը այս տարվա փետրվարին կազմել է $364,5 միլիոն՝ 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,4%-ով: Արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ տվյալների, ավելացել են 32%-ով:
Հակառակ վիճակագրական գրավիչ տվյալների՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ կառավարությունը արտահանումը խթանելու ռեալ քայլեր դեռ չի անում. «Ներմուծման ծավալները 4 անգամ ավելի մեծ են արտահանման ծավալներից: Անընդհատ խոսվում է ներմուծման փոխարինման քաղաքականության մասին, բայց ներմուծումը կրճատելու քաղաքականությունը դեռ չի նշանակում արտահանման ավելացում կամ խթանում: Սովորաբար ներմուծման ծավալների հետ կրճատվում են նաեւ արտահանման ծավալները»: Պարոն Մանասերյանի դիտարկմամբ, քանի դեռ հստակեցված ու դիվերսիֆիկացված չեն արտահանման ճյուղերը, ոլորտում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի. «Տարիներ առաջ մեծ ծավալներով ոսկե ու ադամանդե իրեր էինք արտահանում միայն Բելգիա, արդյունքում այս ճյուղի մրցունակությունը ընկավ, ու հասկացանք, որ այս ճյուղով, այլ ճյուղով չենք կարող փոխարինել: Չկան հաշվարկներ, թե մեր տնտեսությունն ինչ ճյուղերով կարող է ներկայանալ արտաքին աշխարհին, դեռ մի ճյուղից կախված լինելու սովորույթով ենք առաջնորդվում»:
Արտահանման ոլորտում ունեցած անհաջողությունները պարոն Մանասերյանը պայմանավորում է նաեւ ապրանքների բարձր գներով ու դրան անհամապատասխան ցածր որակով. «Ազգային դրամով արտահայտված գները անկում չեն ապահովում, արտահանումը սրանից միայն տուժում է: Առայժմ ձեւավորված չէ նպատակային տնտեսական քաղաքականություն, որը արտոնություններ կտա այն տնտեսվարողներին, ովքեր արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանք ունեն»:
Բժշկական կոսմետիկայի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Ինսի էնտեկա» ընկերության տնօրենը՝ Անահիտ Մուրադյանն էլ է կարծում, որ այսօր արտահանողին ոչ ոք չի աջակցում: Նրա խոսքով, հայկական ապրանքատեսակը արտասահմանյան ցանկացած ապրանքի կողքին դառնում է անշուք ու անհետաքրքիր. «Մեր գործարարների արտադրանքը չունի պատշաճ տեսք ու ներկայանալի չէ արտասահմանյան շուկայում, դրա համար էլ անմրցունակ է նույնիսկ ռուսական շուկայում: Մեր ապրանքի նյութը, բաղադրությունը երբեմն գերազանցում է եվրոպական արտադրանքի բաղադրությանը, որակին, բայց եվրոպական ստանդարտներին համապատասխան ցանկացած ապրանքատեսակի կողքին կորցնում է իր տեսքը: Հայաստանում չկան պատշաճ հոսքագծեր, որ կարողանանք գեղեցիկ տեսքով ապրանքներ արտադրել ու արտահանել: Ամեն ինչ արտադրողի ու արտահանողի ուսերին են թողել՝ շուկա գտնելը, ապրանքը ներկայացնելը…»: Տիկին Մուրադյանին ոգեւորել է կառավարության՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան GMP համակարգի ներդրման լուրը, բայց մտահոգությունների տեղիք էլ է տվել. «Այս համակարգի ներդրումը մեծ ծախսեր է պահանջում, եւ յուրաքանչյուր գործարար նման ճոխություն չի կարող իրեն թույլ տալ եւ պատշաճ ու եվրոպական ստանդարտներին համապատասխան գործարան ունենալ: Արդյունքում շատ ընկերություններ լուծարվելու են: Այսինքն՝ երկու տարի հետո կարեւորելու են ոչ թե արտադրանքի բարձր որակը, այլ արտադրողի ֆինանսական կարողությունը»:
Պահածոների արտահանմամբ զբաղվող «Ալիշան» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանն էլ մտահոգված է շուկայում հումքի գների անսպասելի փոփոխություններից. «Եթե ֆորս-մաժորներ չեն լինում, ու հումքի գները չեն բարձրանում, ամեն ինչ լավ է, հենց թանկանում են՝ մեր խնդիրները կրկնապատկվում են»: Պարոն Թադեւոսյանի կարծիքով, հայկական ապրանքատեսակը արտասահմանում ներկայանալի դարձնելու համար ավելի նպատակահարմար է հայկական բրենդի վրա աշխատել. «Երբեմն հայկական արտադրանքը ներկայացնելուց առաջ Հայաստանը ներկայացնելու անհրաժեշտություն է առաջանում: Լուրջ աշխատանքներ են պետք, բայց կարծես թե դեռ ոչինչ չի արվում»:
Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ու աջակցության կենտրոնի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ էլ՝ արտահանման ներուժը դեռ ավանդական ոլորտներում է. «Կոնյակի, գինու եւ այլ տեսակի խմիչքների բնագավառում, կաթնամթերքի, շինանյութի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ մրցակցությունը մեծ է»: Պարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, հայ արտահանողների միակ խնդիրը արտահանման բավարար ծավալներ չապահովելու մեջ է. «Շատ հաճախ մեր գործարարները կարողանում են բարձր որակի ապրանքատեսակ արտադրել, բայց չեն կարողանում ապահովել անհրաժեշտ մեծ ծավալը, ինչի դեպքում նոր միայն նպատակահարմար կլինի արտահանման մասին մտածել: Այսօր արտաքին շուկաները գերհագեցած շուկաներ են, այնտեղ մուտք գործելու համար ծավալից բացի՝ պետք է ապրանքատեսակի բարձր մրցունակություն ապահովել»: Մեր զրուցակցի խոսքով, ոլորտում տեղաշարժեր կան, իսկ դա նշանակում է, որ ոլորտը զարգանալու հեռանկարներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել