ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում էին գտնվում ՌԴ Պետդումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամական խմբի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները: Կոալիցիոն գործընկերներ՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համատեղ նախաձեռնության շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ նախագահին, ստորագրվեցին ՀՀԿ, ԲՀԿ եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների երիտասարդական թեւերի միջեւ համագործակցության համաձայնագրեր, տեղի ունեցան մի շարք քննարկումներ՝ նվիրված Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության ու երիտասարդների հասարակական-քաղաքական ներգրավվածության հիմնախնդիրներին: Ռուսական պատվիրակությունը այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին:
Այցի շրջանակներում ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամները եւ երիտասարդները հանդիպեցին նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: ԲՀԿ նախագահը հույս հայտնեց, որ առաջիկայում երկու երկրների համագործակցության զարգացմանը նպաստող այսօրինակ հանդիպումներն առավել հաճախ կկազմակերպվեն: «Ես միշտ ասել եմ, որ երիտասարդներն են մեր ապագան ու շարժիչ ուժը: Այդ իսկ պատճառով պետք է կարեւորել երիտասարդության դերակատարումը, տալ նրանց աշխատելու, ստեղծագործելու, ինքնադրսեւորվելու հնարավորություն: Մեր կուսակցությունների երիտասարդական թեւերի միջեւ կնքված համաձայնագրերը մեծապես կնպաստեն հայ-ռուսական բարեկամության խորացմանն ու այդ ջերմ կապերի փոխանցմանը ավելի երիտասարդ սերնդին: Ես մշտապես պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու երիտասարդական նախաձեռնություններին: Դրա հերթական դրսեւորումը լինելու է այս տարի օգոստոսին Հայաստանում կազմակերպվելիք ամառային ճամբարը, որին հազարից ավելի երիտասարդներ են մասնակցելու ԱՊՀ ողջ տարածքից: Վստահ եմ, որ նմանատիպ միջոցառումները կնպաստեն մեր երիտասարդների միջեւ միջանձնային կապերի ստեղծմանը, որոնց հիմքում ընկերությունն ու բարեկամությունն է»,- իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը:
Ռուսական կողմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Հայաստան կատարած այս այցելությունը լի էր վառ տպավորություններով: Աշխատանքային հագեցած գրաֆիկին զուգահեռ՝ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան նաեւ այցելել Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը, ծանոթանալ մեր երկրի բազմադարյա պատմությանն ու մշակույթին:
Ամփոփելով աշխատանքները՝ նախաձեռնության հեղինակները լիահույս են, որ ստորագրված համաձայնագրերի համաձայն, հասարակական-քաղաքական, կրթության, գիտության, սպորտի, տուրիզմի, զբաղվածության եւ այլ ոլորտներում կծավալեն ակտիվ երիտասարդական համագործակցություն՝ ամրապնդելով կուսակցությունների միջեւ առկա հարաբերությունները: Հանդիպման ավարտին հյուրերը Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ տվեցին բարձր տրամադրությամբ եւ առաջիկայում անպայման նորից հանդիպելու պայմանավորվածությամբ: