ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Գագիկ Ավանեսյանը, ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը երեկ կոչով դիմել են արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, որում ասված է. «Բարձր գնահատելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» ակցիայի նշանակությունը հայ հանրության բարոյական առողջացման, երկրի ճակատագրի հանդեպ համատեղ պատասխանատվության ու յուրաքանչյուրիս կողմից այդ գործին նվիրաբերվելու անհրաժեշտության գիտակցման գործում, նկատի ունենալով պարոն Հովհաննիսյանի հետեւողական գործունեությունը նորանկախ Արցախի Հանրապետության ճանաչման գործում եւ գիտակցելով նշյալ նպատակներին հասնելուն միտված բոլոր ուղիների ու եղանակների կիրառման անհրաժեշտությունը, նաեւ մտահոգված լինելով ճանաչված ու հարգված քաղաքական գործչի առողջությամբ ու հետագա ճակատագրով՝ առաջարկում եւ խնդրում ենք նրան դադարեցնել հացադուլը եւ համատեղ ջանքերով շարունակել երկու հայկական պետականությունների լավագույն ապագայի համար գործունեությունը»։