Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐ»-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎՐԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻՆ

Մարտ 29,2011 00:00

2011թ. մարտի 25-ին Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացուցչության հետ կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախքահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա՝ ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը: «Երկիր» միությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը՝ դիտարկելով այն առաջին քայլ՝ ուղղված ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվակրթական եւ մշակութային իրավունքների ճանաչմանը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, հետեւել այս օրինակին՝ գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը եւ միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել