Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

Մարտ 29,2011 00:00

«Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի մարտի 26-ի քննարկմանը մասնակցել է ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ Epress.am-ի՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Արզումանյանը նշել է, որ ՀԱԿ-ն իրեն տեղադրեց մրցակցային դաշտ եւ բաց թողեց համախմբման երկու առիթ. երբ Հովհաննիսյանը եկավ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին, եւ երկրորդը, երբ նա հացադուլ սկսեց Ազատության հրապարակում: Բանախոսի կարծիքով՝ ցուցաբերած նման քաղաքական տրամաբանությունը ընդունելի կլիներ, եթե «մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, եւ անտրամաբանական է  արտահերթի պահանջի պարագայում»:
«Եթե ՀԱԿ-ի ռազմավարությունը հերթական ընտրություններում խորհրդարանական տեղեր նվաճելն է, դա ինքնին հասկանալի է, բայց դրա մասին հարկավոր էր հանրությանն ազնվորեն ասել: Հնարավոր ինչ-ինչ պայմանավորվածություններն իշխանության հետ նույնպես ընդունելի  են այն դեպքում, երբ դրանց մասին հայտարարվում է: Բոլոր քաղաքական գործընթացները պետք է թափանցիկ լինեն: Ու եթե մենք փոխում ենք հանրահավաքների ձեւաչափը, այն դարձնում համաժողովրդական ֆորում՝ ուրեմն պետք է ձայն տրամադրենք հասարակությանը, տարբեր դիրքորոշման տեր մարդկանց: Հասարակությունն իրավունք ունի լիդերին հարցեր ուղղելու ու պատասխաններ պահանջելու: Քաղաքացիական նախաձեռնության դիսկուսը չի կայանա, եթե չծավալվի բաց, ազնիվ բանավեճը»,- ասել է Արզումանյանը:
Մասնակիցների հարցին, թե ինչու Կոնգրեսի մյուս ներկայացուցիչների՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելությունները չդիտարկվեցին իբրեւ Կոնգրեսի աջակցություն, Արզումանյանը պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ի վերջո, խորհրդանշում ՀԱԿ-ը: Այն հարցին, թե արդյոք ծոմի ու քաղաքական հացադուլի միջեւ չկա՞ տարբերություն, եւ ի վերջո՝ դրանցից ո՞րն է Հովհաննիսյանի ձեռնարկածը, նա պատասխանել է, որ «Ժառանգության» առաջնորդը, կրթվելով ԱՄՆ-ում, սովոր է այդ երկուսին էլ «ծոմ» անվանել, ինչպես որ դա ընդունված է անգլախոս ավանդույթում, եւ որ պասի շրջանի հետ այդ հացադուլի համընկնումը պատահական էր: Ըստ Արզումանյանի՝ դա իսկական քաղաքական հացադուլ է եւ ոչ թե կրոնական ծոմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել