Վիկտոր Համբարձումյանի ցանկությունը իրականություն չդարձավ
1990 թվականի սեպտեմբերի սկզբներին փլուզվող ԽՍՀՄ խորհրդարանում Հայաստանի հինգ ժողովրդական պատգամավորներ հացադուլ հայտարարեցին «Մոսկվա» հյուրանոցում՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Այդ փաստով շատերն էին անհանգստացած, անգամ ինքը՝ Միխայիլ Սերգեեւիչը, ով հացադուլավոր Վիկտոր Համբարձումյանի 82-ամյակը շնորհավորելով՝ հորդորում էր դադարեցնել հացադուլը: Շատերը դիմեցին հացադուլավորներին՝ հորդորելով դադարեցնել պայքարի այդ ձեւը: Հացադուլավորները, սակայն, անսացին միայն այն ժամանակվա ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Ա-ի հորդորներին, ով անձամբ այցելեց հացադուլավորներին եւ նրանց իր հետ բերեց Հայաստան, պնդելով, որ նրանց առողջությունը պայքարից պակաս կարեւոր չէ: Արդեն 1995-ին, Վեհափառի մահից հետո, Վիկտոր Համբարձումյանն իր օրագրում գրում է. «Այս երկու օրվա ընթացքում պետք է ընտրվի նոր կաթողիկոս: Շատերը անտարբեր են ընտրության արդյունքի նկատմամբ, սակայն ես հասկանում եմ, որ այդ ընտրությունները մեր ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունեն: Չէ՞ որ հայերս չունենք ոչ մի այլ ղեկավար, որը միավորի մեր ամբողջ աշխարհացրիվ ժողովուրդը: Ես հավատացյալ չեմ, բայց բարձր եմ գնահատում ամեն մի երեւույթ, որ նպաստում է հայ ազգի միասնությանը եւ մեր ժողովրդի ներքին խաղաղությանը: Ցանկանում եմ, որ ընտրվի մի այնպիսի թեկնածու, որ ակտիվորեն գործի այդ ուղղությամբ: Իմ կարծիքով, հայերի մեջ ուժեղանում է համազգային եւ պետական զգացմունքը: Իմ մեջ գնալով ուժեղանում է գիտակցությունը, որ մեր ժողովրդի միասնականության համար կրոնը շատ դրական դեր է խաղում, մինչեւ անգամ մեր «անաստված» ժամանակներում»:
Ցավոք, աշխարհահռչակ գիտնականի մտորում-ցանկություններն այդպես էլ իրականություն չդարձան: Հայերիս մեջ ոչ միայն չուժեղացան համազգային եւ պետական զգացմունքները, այլեւ կրոնը որեւէ դերակատարում չստանձնեց ժողովրդի միասնությանը նպաստելու համար: Փոխարենը՝ մեր նորագույն պատմության շրջանում հայ եկեղեցին՝ ի դեմս կրոնական ղեկավար այրերի, յուրօրինակ կերպով դրսեւորվեց: Ասենք, իր ինքնարժեւորման շրջանակներում Վեհափառը եւ եպիսկոպոսներից ոմանք դարձան իշխանական օլիգարխիայի «շարքային» ներկայացուցիչներ: Շենքերի, հողի, գույքի համար վեճերում մեր եկեղեցիական վերնախավը չափազանց ակտիվ է: Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքը 2003-ին, կառավարության որոշմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով, նվիրաբերվեց Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ իբր Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Հետաքրքիր է՝ ինչո՞վ չի գոհացնում մեր Վեհափառին Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում՝ Միածնի իջած վայրում, կառուցված Հայրապետական վեհարանը: Հայ հանրության հիշողության մեջ առավել թարմ են Մայր Աթոռի եւ ՀՀ կառավարության՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը եւ դրա շուրջ առաջացած կռիվ-դավիները: Կամ՝ Արմավիր քաղաքում այգու հաշվին եկեղեցի կառուցելու մտադրությունը:
Հոգեւոր հարցերում նույն նախանձախնդրությունը չկա: Ամենայն Հայոց կաթողիկոսը չկար մարտի 1-ից առաջ, չկար մարտի 1-ին, չկար դրանից հետո՝ չհաշված այն չհաջողված PR-ակցիան, երբ նա մարտի 1-ի առավոտյան, Օպերայի հրապարակի դեպքերից հետո, փորձեց այցելել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ վերջինս պարզապես չընդունեց Վեհափառին: Կաթողիկոսը չկա նաեւ այժմ, երբ արդեն մեկ տասնօրյակից ավելի է, ինչ պայքարի ծայրագույն միջոցով՝ «Ծոմ ազատության» անվանված հացադուլով իր ձայնն է փորձում լսելի դարձնել ՀՀ երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մի գիշեր անձրեւի եւ ցեխի մեջ անցկացրեց:
Կպատկերացնե՞ր արդյոք լուսահոգի Վիկտոր Համբարձումյանը, որ Հայաստանի այդքան երազած երրորդ հանրապետության գոյության ընթացքում հայոց հոգեւոր այրերը գերադասելու են շքեղ, շվայտ կյանքը եւ նոր գույք ձեռք բերելու զուտ երկրային ձգտումը: