Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Մարտ 29,2011 00:00

Խնդիրը զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից դիտարկելով՝ ասում է Արմեն Բադալյանը

Հայաստանյան երկու ընդդիմադիր ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգություն» կուսակցության միջեւ լուռ հակադրությունը նոր պատմություն չէ: Դա կար դեռեւս ՀԱԿ-ի ձեւավորումից ի վեր, երբ շատերի ակնկալիքներին հակառակ, «Ժառանգությունը» չմիացավ Կոնգրեսին: ՀԱԿ-«Ժառանգություն» հակադրությունը հատկապես շեշտված դրսեւորվեց 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, նաեւ վերջերս՝ մարտի 1-ի հանրահավաքում, իսկ առավել վառ դրսեւորումից մինչեւ փոխադարձ մեղադրանքների վերածվեց ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքից, այդ հանրահավաքի մասնակիցների՝ Ազատության հրապարակ մտնելով ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին «բարեւել-չբարեւելու» բուռն քննարկումներից հետո կամ դրանց ֆոնին: Ո՞րն է այդ երկու ընդդիմադիր ուժերի հակադրության պատճառը: Այդ հարցի շուրջ «Առավոտը» զրուցեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:
– Հայաստանում վերջին մի քանի տարիներին ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման անհրաժեշտությունը ռեժիմի դեմ պայքարում միշտ է կարեւորվել, բայց լիակատար միավորում այդպես էլ չի ստացվում: Միմյանց հետ «լեզու» չեն գտնում մասնավորապես Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է խանգարում նրանց միավորմանը:
– Շատ նորմալ է, որ այդ ուժերն իրար հետ «լեզու» չեն գտնում, որովհետեւ քաղաքական բոլոր ուժերը քաղաքական դաշտում մրցակիցներ են, եւ բնականաբար, որպես մրցակիցներ՝ նրանք բոլորն էլ իրար դեմ պիտի պայքարեն, որովհետեւ բոլորն էլ պայքարում են նույն նպատակի համար՝ ստանալ մեծամասնություն խորհրդարանում կամ ունենալ երկրի նախագահ:
– Բայց խնդիրը հիմա ընտրությունները չեն, այլ միասնական ճակատով ռեժիմի դեմ հանդես գալը: ՀԱԿ-ում կան 16-18 կուսակցություններ, որոնք Ձեր ասած խաղի կանոնների մեջ չմտան ու միավորվեցին Կոնգրեսի կազմում, իսկ «Ժառանգությունը» դրան պատրաստ չէ:
– Բայց արդյոք ՀԱԿ-ում 16-18 կուսակցություն կա՞: Ես կասկածում եմ: ՀԱԿ-ը քաղաքական մեկ միավոր է դիտվում, իսկ Կոնգրեսում ընդգրկված բազմաթիվ կուսակցություններն ընդամենը արդարադատության նախարարությունում գրանցված են որպես փաստացի կուսակցություններ, բայց ՀԱԿ-ում կա ՀՀՇ, որը բավականին ազդեցիկ է, իսկ մնացածները ընդամենը ակումբային ուժեր են: Իրականում այնպես չէ, որ բոլորը հավասարարժեք ցանցային կառուցվածքներ ունեն ու իրենց ետեւից տանում են բավականին մեծ զանգվածի: Որ ՀԱԿ-ում իրականում 16-18 իրական ուժ չկա, բոլորն էլ հասկանում են: ՀԱԿ-ում կա Լեւոն Տեր-Պետրոսյան, որն ունի էլեկտորալ բազա: ՀԱԿ-ում կա էլեկտորալ երեք խումբ՝ պայմանական ասած՝ «լեւոնականներ», որը նրա հետեւից գնալու է ցանկացած պարագայում, ազատականներ, որոնք պատրաստ են ՀԱԿ-ին ձայն տալ, քանի որ ի դեմս ՀԱԿ-ի՝ նրանք տեսնում են արեւմտյան արժեքների կրողի, որը հաղթելու դեպքում Հայաստանում, ըստ նրանց, կիրառելու է արեւմտյան արժեքային համակարգը՝ ազատ խոսք, ազատ շուկա եւ այլն, եւ «հակասերժականներ», որոնք չեն ուզում, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխեն: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն կարողանում իրար հետ «լեզու» գտնել, որովհետեւ նրանք տարբեր կատեգորիա ու կշիռ ունեցող քաղաքական միավորներ են: Կրկնեմ՝ բոլոր ուժերն էլ իրար մրցակից են, եւ նրանք միմյանց նկատմամբ սովորաբար պետք է կիրառեն երկու քաղաքականություն՝ կամ ջարդել դիմացինի կերպարը՝ եւ ցույց տալ, որ նա այն չի, ինչ փորձում է ներկայանալ՝ ջարդելու համար նրա էլեկտորալ բազան, կամ եթե նա թույլ է, ոչ թե նրա կերպարը ջարդել, այլ նրա հակակերպարը խաղարկել: Այս վերջինը թույլ է տալիս, որ որեւէ ուժի էլեկտորալ բազան այլեւս չմեծանա: Մրցակիցներն իրար նկատմամբ հենց այս քաղաքականությունն է, որ պետք է իրականացնեն: Մնացածը՝ քննարկումներ, քննադատություն, արդյունք չեն կարող տալ: Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, ապա հիմա նրանք պիտի որոշեն. եթե ունեն նույն ընտրազանգվածը, ուրեմն՝ պիտի որոշեն, թե այս երկու գործիքներից ո՞ր մեկն են կիրառում, եթե տարբեր ընտրազանգվածներ ունեն՝ անիմաստ է դա անելը:
– Իսկ Ձեր կարծիքով՝ ունե՞ն, թե՞ չունեն:
– Իմ կարծիքով, նրանք լրիվ տարբեր ընտրազանգված ունեն, որոնք ընդհանրապես իրար հետ չեն հատվում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ՀԱԿ-ում են՝ «լեւոնականներ», «ազատականներ» եւ «հակասերժականներ», երեքի մոտ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն արժեք չի ներկայացնում:
– Եվ ուրեմն՝ ովքե՞ր են «Ժառանգության» ընտրազանգվածը:
– «Ժառանգության» ընտրազանգվածը, թերեւս, նրանք են, ում դուր է գալիս խմբակցության պատգամավորների ակտիվ գործունեությունը: Դա շատ փոքրաթիվ ընտրազանգված է, որը կապ չունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որովհետեւ նրանք գնում են ոչ թե վերջինիս, այլ խմբակցության այն պատգամավորների ետեւից, որոնք խորհրդարանում ակտիվ գործունեություն են ծավալում: Ի դեպ, «Ժառանգության» ներկայիս գործունեությունը շատ ավելի նման է իրավապաշտպան կազմակերպության, քան կուսակցության գործունեության: Նրանք պաշտպանում են շատ շատերի իրավունքները, դա դրական, բայց կուսակցության գործունեություն չէ:
– Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը հետեւողական «Ժառանգությանը» կլանելու կամ նրան ոչնչացնելու հարցում:
– Որովհետեւ ՀԱԿ-ն էլ է, թերեւս, մտածում, որ կա ընդդիմադիր ընտրազանգված, որը «Ժառանգության»՝ ՀԱԿ-ին միանալու դեպքում ամբողջովին իր ձայնը կտա ՀԱԿ-ին: Չի՛ տա: Քաղաքականությունը տարբերվում է մաթեմատիկայից, ու միավորման դեպքում մեխանիկական գումար հնարավոր չէ ստանալ: Ամեն ինչ այդ դեպքում կախված է ուժերի կոնֆիգուրացիայից: Եթե ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ընտրազանգվածը նույնը լիներ, ապա հնարավոր էր միավորման հարց դնել՝ կամ «Ժառանգությանը» «ջարդելով»՝ նրա ընտրազանգվածին տեր կանգնել, կամ դա անել՝ հակակերպար ստեղծելով: Դա նորմալ է, սա քաղաքական պայքար է, ու քաղաքական դաշտում բոլորն էլ միմյանց դիտում են որպես մրցակիցներ ու իրար դեմ պայքարում են, այստեղ իրարից նեղանալու հարց չկա:
Ընդհանրապես ընդդիմության միավորումն արհեստական հարցադրում է:
– «Ժառանգության» կամ նույն Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները ինչպե՞ս եք դիտարկում PR արշավի տեսանկյունից:
– Տեսնում եմ, որ հիմա շատ է խոսվում, թե «Ժառանգությունը» կամ Րաֆֆի Հովհաննիսյանը PR են անում: Չգիտես ինչու՝ Հայաստանում PR-ի նկատմամբ ատելություն կա, կարծես թե դա ինչ-որ մի նենգ, ստոր բան է, դավադրություն է կամ խարդավանք: Ոչ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ քաղաքական գործընթացների ժամանակ տարբեր նախագծեր իրականացնելիս դրանք հասարակությանը ներկայացնում է PR-ի միջոցով: PR-ը միայն ներկայացում է, դա նենգություն չէ, դավադրություն չէ: Դա միայն ներկայացնում է այն, ինչ անում է քաղաքական ուժը: PR-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է կապ հասարակության հետ: Դա բացասական իմաստ չունի: Մենք տեսանք, որ «ժառանգականները» փորձում են արդարանալ, թե Ր. Հովհաննիսյանի արածը PR չէ: PR են ե՛ւ հացադուլը, ե՛ւ հանրահավաքի կազմակերպումը, ե՛ւ մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները, բարեգործությունը: Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանին, ապա նա ընտրեց բավականին հաջողված առիթ: Մինչ այդ նա երեք տարի քաղաքական դաշտում չէր երեւում, հետո շատ «պատահականորեն» ՀԱԿ-ի՝ Ազատության հրապարակ մտնելուց առաջ հացադուլի նստեց, հետո «բարեւել-չբարեւելը» առիթ դարձրեց, որ արդեն 10 օր գտնվի լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում: Շատ նորմալ PR պրոյեկտ է, թեեւ, ըստ իս, արդյունավետ չի, որովհետեւ մինչեւ ընտրություններ դեռ մեկ տարի կա, եւ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, եւ դեռ այնքա՜ն հարցեր են քննարկվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել